Միջազգային «արդարադատության» իրական դեմքը


Անցած շաբաթվա միջազգային ամենացնցող իրադարձությունը Բոսնիայի սերբերի երբեմնի առաջնորդ Ռադովան Քարաջիչի ձերբակալության և նրան Հաագայի միջազգային տրիբունալին հանձնելու շուրջ ծավալվող տուրևառումն էր: Սերբիայի իշխանությունները, ավելի քան տասը տարի «որոնել» էին նրան: Մինչդեռ ակնհայտ է, որ Սերբիայի իշխանությունները ամենևին էլ կարիք չունեին «որոնելու» ուրիշի անվամբ բացեիբաց հոգեբան-բժշկի պրակտիկայով զբաղվող, գիտական աշխատանքներ կատարող, գրքեր հրատարակող և անգամ միջազգային սեմինարների մասնակցող Բոսնիայի երբեմնի նախագահին: Պարզից էլ պարզ է, որ առնվազն Սերբիայի անվտանգության մարմինները հրաշալի գիտեին, թե իրականում ո՞վ էր փարթամ, ճերմակ մազերով այդ «բժիշկ-հոգեբանը»: Գիտեին, սակայն… «չէի¯ն գտնում»: Ինչո՞ւ: Որովհետև Քարաջիչը, ում ուզում է դուր գա-չգա, սերբական հասարակության մի խոշոր հատվածի համար ոչ թե պատերազմական հանցագործ է, այլ` ազգային հերոս: Ոչ ոք չի մոռացել, որ երբեմնի Հարավսլավիայի փլուզումն ուղեկցվեց մի խայտառակ պատերազմով, որի աշխարհաքաղաքական ենթատեքստը Բալկաններում Ռուսաստանի դիրքերի առավելագույն թուլացումն էր: Դրա համար հարկ եղավ դեռ անցյալ դարավերջին ՆԱՏՕ-ական ուժերի կողմից 79-օրյա բարբարոսական ռմբակոծութ յունների ենթարկել Բելգրադը` իբրև յուրահատուկ «օգնությո¯ւն» սերբ ժողովրդին, որպեսզի նա «ազատագրվի¯» սոցիալիստ նախագահ Սլոբոդան Միլոշևիչի ամբողջատիրական ռեժիմից: Իրականում Արևմուտքը թքած ուներ, թե սերբ ժողովուրդը իսկապե՞ս տառապում էր այդ ամբողջատիրությունից, թե՞ ոչ: Միլոշևիչն «Ազատ աշխարհի» աչքի փուշն էր ոչ թե որպես իր ժողովրդի ժողովրդավարական ազատությունները ճնշող բռնակալ, այլ` որպես միանշանակ ռուսական կողմնորոշում ունեցող գործիչ. մարդ, ով իշխանության ղեկին մնալու դեպքում ամեն ինչ կաներ` Ադրիատիկի ափերին Ռուսաստանին «ոտքի տեղ» թողնելու: Հենց դրա համար էլ հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով հրահրվեց վերջին Բալկանյան պատերազմը, տրոհվեց Հարավսլավիան, Սերբիայից պոկվեց բուն սերբական հայրենիք Կոսովոն, ուր այժմ հռչակվել է ընդամենը 2-րդ Աշխարհամարտից հետո այդտեղ հայտնված ալբան եկվորների «անկախ պետությունը»: Արևմուտքի հզոր ճնշմամբ ու, այսպես կոչված, «Ժողովրդավարական ուժերին» ցույց տրվող աջակցությամբ, Սերբիայում անցկացված «ազատ ու արդար» ընտրությունների միջոցով հասնելով Սլոբոդան Միլոշևիչի պաշտոնազրկմանը և, վերջ ի վերջո, նրան Հաագայի միջազգային դատարան հանձնելուն, Արևմուտքի ակնհայտ ծավալապաշտական քաղաքականությունն իրականացնողները մոգոնեցին վերջին պատերազմում «մարդկության դեմ հանցագործություններ կատարած անձանց» հայտնաբերելու և պատժելու թատերախաղ: Ինչո՞ւ թատերախաղ: Որովհետև բանական արարածը չի կարող ինքն իրեն մի տրամաբանական հարց չտալ. մի՞թե անցած պատերազմում հանցագործություններ են կատարել բացառապես սերբ գործիչները: Ալբան գործիչները, այդ թվում այսօր Կոսովոյի վարչապետի աթոռին բազմած Հաշիմ Թաչին, ով ալբան անջատողականների ամենաազդեցիկ ռազմական հրամանատարներից մեկն էր և, ըստ սերբական կողմի պնդումների` մինչև արմունկները թաթախվել է ազգությամբ սերբ քաղաքացիների արյան մեջ, ինչո՞ւ պատերազմական հանցագործ չի հռչակվում և պատասխանատվության կանչվում: Նույնիսկ Հաագայի միջազգային տրիբունալի երբեմնի չարագույժ դատախազ տիկին Կառլա դել Պոնտեն արդեն պաշտոնաթողությունից հետո գրած իր հուշերի գրքում անվերապահորեն նշում է, որ պատերազմի տարիներին սերբ խաղաղ բնակիչների դեմ արյունարբու ոճրագործություններ են կատարել նաև ալբան հրամանատարները, այդ թվում` նույն Հաշիմ Թաչին: Բայց ոչ միայն վերջինիս, այլև որևէ այլ ալբան հրամանատարի Հաագայի միջազգային դատարանի առաջ կանգնեցնելու ցանկություն, ինչպես նաև շահագրգռություն, կարծես թե դեռ ոչ մեկը չունի: Մինչդեռ Ռադովան Քարաջիչը, ինչպես նաև դեռևս միջազգային հետախուզման մեջ գտնվող երբեմնի գեներալ Ռադկո Մլադիչը, նաև ավելի փոքր տրամաչափի մի քանի այլ սերբ գործիչներ, շարունակում են համարվել պատերազմական հանցագործներ: Չմոռանանք, որ այդ կարգի մեղադրանքներ էին ներկայացված նաև Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչին: Հաագայում այդ մեղադրանքները չհաստատվեցին` Միլոշևիչը կասկածելի հանգամանքներում հանկարծամահ եղավ, և նրա նկատմամբ հարուցված քրեական գործը պարզապես կարճվեց: Կառլա դել Պոնտեն դեռ այն ժամանակ ափսոսանք էր հայտնում, որ Միլոշևիչը կյանքից հեռացավ առանց դատապարտման վճռի, իրավաբանական տեսակետից` միանգամայն անմեղ: Չի բացառվում, որ այդպիսի մի «հանկարծամահություն» է նախապատրաստվում նաև Ռադովան Քարաջիչի համար: Քանզի շատ դժվար է հավատալ, թե Հաագայի միջազգային տրիբունալը անկողմնակալ ատյան է, թե նրա նպատակը միայն և միմիայն պատերազմական հանցագործներին պատժելն է: Հաագայի դատարանը պարզապես միջոց է` քաղաքական նկատառումներով Արևմուտքի քիմքին անհաճո անձանց, այն էլ բացառապես Բալկանյան վերջին պատերազմի ժամանակ Արևմուտքի համար ոչ հաճելի դարձած ազգությամբ սերբ պետական ու քաղաքական գարծիչների դեմ քրեական հետապնդումներ սկսելու և հաշվեհարդար իրականացնելու համար: Պատահական չէ, որ Քարաջիչին ազգային հերոս համարող բազմաթիվ սերբեր դեմ էին նրա ձերբակալությանն ու Հաագայի դատարան հանձնելուն: Բելգրադում այդ առթիվ բողոքի բազմաթիվ ցույցեր էին կազմակերպվել: Եվ հարկ է նկատել, որ այդ բողոքի ցույցերն ամենևին անհիմն չէին: Նախ, ինքն իրեն հարգող ամեն երկիր չի կարող սեփական քաղաքացուն հանձնել այլ, թեկուզև միջազգային դատարանի: Եթե մարդը քրեական հանցանք է կատարել` նախ և առաջ պետք է կանգնի սեփական երկրի դատարանի առաջ: Այդպիսի դրույթ պարունակում էր նաև Սերբիայի սահմանադրությունը, երբ վարչապետ Զորան Ջինջիչի կառավարությունը, խախտելով այդ նորմը, Սլոբոդան Միլոշևիչին հանձնեց Հաագայի դատարանին: Այն ժամանակ Արևմուտքը Միլոշևիչին հանձնելու դիմաց Ջինջիչի կառավարությանը խոստացավ մեկևկես միլիարդ դոլարի օգնություն` ՆԱՏՕ-ական «մարդասիրակա¯ն ռմբակոծությունների» հետևանքով ավերված երկիրը վերականգնելու համար: Հետագայում խոստացված գումարի մեկ-հինգերորդն անգամ Սերբիային չտրվեց, իսկ վարչապետ Ջինջիչը, որպես սեփական երկրի արժանապատվությունը ոտնահարած և սերբ քաղաքացուն ուրիշի դատին հանձնած «դավաճան»` զոհվեց սերբ ազգայնական-ահաբեկչի գնդակից: Այժմ, Ռադովան Քարաջիչին հանձնելու դիմաց, Սերբիային խոստացել են կանաչ լույս վառել Եվրոպական Միությանը անդամակցելու ճանապարհին: Կկատարվի՞ այդ խոստումը, թե՞ ոչ. կապրենք` կտեսնենք: Բայց այն, որ մարդու «գլխով» անբարո առևտուր է կատարվում, ակնհայտ է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգների վարչակազմը այդպիսի գլխագին է սահմանել «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության ղեկավար Ուսամա բեն Լադենի համար: Խոստացված գումարն, իհարկե, ավելի փոքր է, և ձևակերպումն էլ փոքր-ինչ այլ` կոչ է արվում բեն Լադենին ոչ թե տեղնուտեղն սպանել, այլ` տեղեկություններ հայտնել նրա գտնվելու վայրի մասին: Բայց դա, անշուշտ, փարիսեցիական քողածածկույթ է: Հազիվ թե Ուսամա բեն Լադենի նկատմամբ հաշվեհարդար իրականացնող որևէ մեկին (եթե երբևէ դա հաջողվի անել) զրկեն խոստացված պարգևից, ինչ է թե` ինքնագլխություն է դրսևորել, տեղը հայտնելու փոխարեն` առանց դատի ոչնչացրել է: Այսպիսին է միջազգային «արդարադատության» իրական դեմքը: Դա ոչ թե ազնիվ ու անկողմնակալ արդարադատություն է, այլ` քաղաքականություն, ուր արդար է հռչակվում ոչ թե իսկապես արդարն ու անմեղը, այլ նա, ով…ուժեղ է կամ վայելում է այս աշխարհի հզորների պաշտպանությունը:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ