Դաշնակցությունը կարող է սպառնալ ներքաղաքական կայունությանը


Անցած շաբաթվա ընթացքում դաշնակցական Արմեն Ռուստամյանի ասուլիսը ստիպեց դարձյալ մտորել կուսակցության մեջ հեռուն գնացող հնարավոր ինչ-ինչ խմորում ների առկայության շուրջ: Մենք արդեն անդրադարձել ենք հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շրջանակում` Երևանում կայանալիք երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը միասին դիտելու` իր թուրք գործընկերոջը հասցեագրված Հայաստանի նախագահի հրավերի` ՀՅԴ արձագանքին: Հիշեցնենք` կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ «ՀՅԴ բյուրոն հաստատակամ է, որ Հայոց ցեղասպանության փաստը քննարկման ենթակա հարց չէ, և բացառված է, որ Հայաստանը ներկայացնող որևէ բարձրաստիճան պաշտոնյա այս խնդրում այլ մոտեցում ունենա»: Սակայն մի բան է կուսակցության հայտարարությունը, այլ բան է, երբ ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար այդ հայտարարության պարզաբանումը: Այն, թերևս, նոր որակ է հաղորդում գրավոր տեքստով ասվածին` ավելի հաստատելով արդի փուլում քաղաքական ուղեգծի հարցում Դաշնակցության կողմնորոշումը: Հիշյալ ասուլիսը, նրանում արտահայտված մտքերն ավելի հետաքրքրություն են ձեռք բերում այն առումով, որ դա տեղի ունեցավ նույն ժամանակահատվածում, երբ Կարսում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ կայացավ Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու թուրքական հատվածի շինարարության սկիզբն ազդարարող պաշտոնական արարողությունը: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը Հայաստանը շրջանցող այս երկաթուղու շինարարությունը համարեց տարածաշր ջանային համագործակցության վառ օրինակ: Նա նշեց, որ դրան կարող էին մասնակցել նաև այլ երկրներ, եթե նրանք ճանաչեն հարևանների տարածքային ամբողջականութ յունը: Հայաստանին հասցեագրված ակնարկն առավել քան բացահայտ էր: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը տարածաշրջանային համագործակցությունից դուրս թողնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի, Բաքու-Էրզրում գազատարի առկայության (հիմա դրանց ավելանում է նաև հիշյալ երկաթուղին) պայմաններում Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման, հայ-թուրքական սահմանի բացման հարցում Հայաստանի նախաձեռնությունը (Գյուլին Երևան հրավիրելը) ինչ-որ տեղ գուցե նաև ուշացած քայլ կարող է համարվել: Եվ ահա այս իրողությունների մեջ երևան է գալիս ՀՅԴ բյուրոյի հայտարարությունը և այն պարզաբանող Արմեն Ռուստամյանի ասուլիսը: Արմեն Ռուստամյանն ասաց, որ Գյուլի` Երևան գալու դեպքում դաշնակցությունը նրան կառաջադրի ի°ր հարցերը: Հասկանալի է, որ դրանք թերևս չեն կարող համահունչ լինել առանց նախապայմանների հայ-թուրքական սահմանը բացելու` պաշտոնական Երևանի դիրքորոշմանը: Բանախոսը թափանցիկ ակնարկելով Գյուլի Երևան այցի դեպքում դաշնակցության հնարավոր բողոքի ցույցի մասին, «համենայնդեպս» հավելեց, թե հայ-թուրքական հարաբերությունների հարցում կուսակցության համար առավել ընդունելի էր Հայաստանի նախորդ նախագահի` Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշումը: Սա ըստ էության նշանակում է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանի դիրքորոշումը ընդունելի չէ, ինչը որ պարզորոշ կերպով ասված էր նաև կուսակցության հայտարարության մեջ: Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Համաժողովրդական շարժումը ողջունում է Գյուլին Երևան հրավիրելու նախաձեռնությունը, բայց նշում, որ ցեղասպանության խնդրով հայ- թուրքական հանձնաժողովի ստեղծման գաղափարը կասկածի տակ է առնում ցեղասպանության փաստը: Հայ-թուրքական հարաբերություններին առնչվող այս երկու քաղաքական ուժերի` Համաժողովրդական շարժման և Դաշնակցության դիրքորոշումների նմանությունն ու տարբերությունը կարող են նոր զարգացումների հիմք դառնալ ներքաղաքական կյանքում: Մանավանդ, որ ՀՅԴ հիշյալ հայտարարության մեջ ընդգծվում է «Հայաստանյան ներքին կյանքում ակտիվ դերակատարություն ստանձնելու կուսակցության հանձնառությունը»: Այս ամբողջի համատեքստում շատ այժմեական է հնչում հանրապետական Արմեն Աշոտյանի վերջին հիշեցումներից մեկը, թե ինքն ասել էր, որ ճիշտ կլինի, եթե երկրի Նախագահի ընտրությունից հետո Դաշնակցությունը դառնա ընդդիմություն: Իսկապես, որքանո՞վ է տրամաբանության մեջ տեղավորվում այն, որ ազգային հարցերում Հանրապետության նախագահի ուղեգծին դեմ գնացող քաղաքական կողմնորոշում ունեցող կուսակցությունը մնա իշխող կոալիցիայի մեջ: Այս հարցում կա ևս մի կարևոր նրբերանգ: Բանն այն է, որ դաշնակցական նախկին նախարարների (Դավիթ Լոքյան, Աղվան Վարդանյան, Լևոն Մկրտչյան) հրաժարականը բացատրվեց, թե նրանք ՀՅԴ բյուրոյի անդամության հանգամանքը ավելի բարձր են դասում նախարարի պորտֆելից: Ստացվում է` դաշնակցականները կուսակցության բյուրոն ավելի՞ են գնահատում հայրենի կառավարության նախարարի պաշտոնից: Այլ կերպ ասած, բյուրոյի անդամին սազակա՞ն չէ նախարարի պաշտոնը… Եթե այդպես է (իսկ այլ կերպ մեկնաբանել հիշյալ պարզաբանումը, կարծես, հնարավոր չէ), ապա այս առիթով մտորումները շատ տխուր եզրահանգումների տեղիք կարող են տալ: Այս ամենով հանդերձ, թերևս, կարելի է եզրակացնել, որ հայաստանյան ներքին կյանքում քաղաքական իշխող կոալիցիային անդամակցող ՀՅԴ-ի ակտիվ դերակատարութ յուն ստանձնելու հանձնառությունը Հանրապետության ներքաղաքական կայունությանն ավելի խիստ կարող է սպառնալ, քան ընդդիմություն համարվող ցանկացած քաղաքական միավոր:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ