Մի դատիր, որ չդատվես


Հետընտրական սրացումներից հետո մեր քաղաքական դաշտում փոփոխություն կարելի է համարել նաև այն, որ սև PR-ի ջահը նախագահական (Լ. Տեր-Պետրոսյան-Ռ. Քոչարյան) բարձունքներից կարծես թե փոխանցվել է վարչապետական (Հ. Բագրատյան-Տ. Սարգսյան) օթյակ: Երբեմնի վարչապետն իր հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել` նախկինում ՀՀ-ում մի շարք բանկերի գործունեությունը դադարեցնելու առնչությամբ: Մասնավորապես, խոսքը «Արդշինբանկ»-ի, «Ագրոբանկ»-ի և «Հայխնայբանկ» -ի մասին է: Հրանտ Բագրատյանը նշել է, որ այդ բոլոր բանկերի լուծարման-սնանկացման պատասխանատուն Կենտրոնական բանկն ու դրա նախագահն են եղել: Կառավարության ներկայիս ղեկավար Տ. Սարգսյանն էլ, բնականաբար, չհանդուժելով իր անվան շահարկումը, հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան: Այո°, ուզենք թե չուզենք, քաղաքականությունը ազնվագույն պարապմունքներից չէ, և, բնականաբար, դրա ներկայացուցիչների մեջ հազվադեպ են մաքուր ձեռքեր ունեցող ները: Եվ հնարավոր է շահարկված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածը (գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները) և 49-րդ հոդվածի 1-ին կետը (ապացույցները ներկայացնում են գործին մասնակցող անձինք): Սակայն այս ամենը բնավ չի կաշկանդում Հրանտ Բագրատյանին, որպեսզի նա հավատարիմ մնա իր կրկնակի կոլեգային (տնտեսագետ, վարչապետ) դատափետելու «սկզբունքին»: Նոր վարչապետի 100-օրյա պաշտոնավարության արդյունքները գնահատելիս, Բագրատյանը փորձում է վերլուծել. - ՀՀ տնտեսության թվերը, պարզապես վկայում են արագացված տնտեսական հետընթացքի մասին: Համաշխարհային բանկի սայթում դրված 273 էջանոց փաստաթուղթը ցույց է տալիս, որ կարծես թե դրսում նույնպես սկսել են նկատել այն` ամեն ինչ բլեֆ է. տնտեսության վիճակը, իրոք, բավականին բարդ է ու գնալով վատանում է: Կառավարության 100 օրը նշվեց լուրջ հետընթացով: Առաջին կիսամյակում իբր եղել է 10 % աճ: Աճը, որպես կանոն, շինարարության, գյուղատնտեսության, ծառայությունների ոլորտներն են, որտեղ ոչ մի բան չի ֆիքսվում տոտալ վիճակագրությամբ: Հայաստանը ինքն է ասում, որ ես աճել եմ: Այդ աճից ոչ մի բան այլ երկրներում չի ասվում: Մյուս արտակարգ երևույթը` ներմուծում-արտահանում տարբերությունը, վկայում է, որ է°լ ավելի է մեծացել դրսից եկող փոխանցումները, և բանկերի ակտիվների վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էլ ավելի է մեծացել կապիտալի արտահանումը: Այնպես որ, մի քանի ամսվա զարգացումները ինձ համոզեցին հետևյալում. այդպիսի փուչ ծրագիր, որ նրանք գրել էին, բարի ցանկությունների մի շարան, երբեք չի աշխատի: Որևէ կերպ չի երևում, որ կառավարությունն ուզում է լուրջ բան փոխել: Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները մեզ հեգնում են մեր տնտեսական աճի մեջ, ոնց որ մեր դեմոկրատիան հեգնում է Եվրախորհուրդը: Իրավ, նոր ղեկավարության բարեփոխումների ծրագրերը շատերին կարող են անիրականանալի թվալ, բայց պարոն Բագրատյանի որոշումները ՀՀՇ-ական իշխանության տարիները վերհիշելու նոր առիթ են տալիս: Եվ այդ օրերին բնորոշ աճպարարություններից մեկը ստիպում է հարցնել էքս վարչապետին. - Դուք խոսեցիք բլեֆի մասին 1992-98 թթ. սնկի նման աճեցին բանկերը, որոնք անտրամաբանական խոշոր տոկոսներ խոստանալով, ավանդառուներ էին դառնում: Սակայն դրանք նույն հաճախականությամբ էլ պայթեցին մարդկանցից շորթած վերջին գրոշները փախցնելով: Ո՞վ պետք է պատասխանի հետխորհրդային ավանդաշորթումների համար: Հստակ ընկալելով հարցադրման նպատակը` բանախոսը մեկաբանեց. - Հետխորհրդային ավանդների համար պետք է պատասխան տան այդ մարդիկ: Մենք 2-3 դեպք ենք ունեցել, ձերբակալել ենք, ինչքան հնարավոր է` բռնել ենք, ինչքան հնարավոր է վերադարձրել ենք: Իսկ ո՞վ պետք է պատասխան տա «Արդշինբանկ»-ի համար: Փառք տվեք Աստծուն, որ Հայաստանում կարծեմ մի հատ Ջի-Էմ-Զեթ եղավ ընդամենը: Մենք ժամանակին փորձեցինք կանխել և հարված չեղավ տնտեսությանը: Դա եղել է 1992 թ.: Ճիշտ կլիներ այդ հարցը Խոսրով Հարությունյանին ուղղել: Բայց «Նոյ» բանկի «հերոսությունը» 1996-1998 թթ. շրջանում է եղել: -Համենայն դեպս, մեր իշխանության օրոք` ճիշտ կլիներ հարցնել նույն Տիգրան Սարգսյանին: Կառավարությունը ամենախիստ քայլերով կանխել է այդ ամենը: Այո°, 1991-1993 թթ. այդ թվում նաև գուցե կենտրոնական բանկի թողտվությամբ, նման բան է եղել: Դա ցավալի երևույթ է, բայց Հայաստանում շատ ավելի քիչ է եղել, քան Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում: - Ուկրաինան հիշատակեց նաև ներդրումները մեկնաբանելիս` բարձրաձայնելով բորսայական շուկայի բացման անհրաժեշտությունը: - Ուկրաինայում դժգոհություն կար բորսային շուկան չբացելու դեմ: Հիրավի, գատնիք չէ այլևս, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունը գունավոր հեղափոխության արդյունք է: Մեր արմատական ընդդիմության վերածնունդը` մասնավորապես մարտի 1, նույնպես Ռուսաստանի կողմից գունավոր հեղափոխություն համարվեց: Եթե նման երկրում դժգոհություն կա, ապա ինչպիսի՞ն կլինի Հայաստանի քաղաքացու տպավորությունը համաժողովրդական շարժման հեռանկարների վերաբերյալ և արդյոք չի՞ մեծանում հիասթափության գործակիցը: Այս առումով Հ. Բագրատյանը կարծում է. - Այնտեղ հիասթափություն չկա: Ուկրաինայում ժողովուրդը լավ էլ գոհ է: Ուկրաինայում անընդհատ իրար ուտում են երեք բևեռ: Մի բևեռը չի կարողացել հաղթել: Քաղաքականապես պայ քարում են: Ուկրաինայում չորս անգամ ավելի լավ է, քան Հայաստանում: Հունիսին այնտեղ գները 1 % իջան: Խոսքը հարաբերական դժգոհության մասին է: Այնտեղ ապրում են մարդիկ, եղբայր: Ապա ներկա և նախկին գործազրկության համեմատականը անցկացնելիս ավելացրեց. - 1996 թ. աշխատում էր «Հայէլեկտրա» գործարանը: Կիսատ-պռատ աշխատում էր. 11.000-ից 1200-ը աշխատում էր: 1996 թ. աշխատում էր լամպերի գործարանը, հիմա չի աշխատում: Աշխատում էր կաբելի գործարանը: Սակայն ՀՀ տնտեսական անցյալը վերլուծող Հրանտ Բագրատյանի` լամպերի գործարանի վկայակոչումը այդքան էլ տրամաբանական չէ. եթե մարդիկ մոտ մեկ տարի աշխատավարձ չէին ստանում, ի՞նչ իմաստ ուներ այդ գործարանի շահագործումը: Մեր այս նկատառումը նախկին վարչապետը մեկնաբանեց` - Դուք իրավացի չեք. լամպերի գործարանում բոլոր աշխատավարձերը վճարվել-փակվել են: Թերևս` ինչ-որ տոկոսներ, այն էլ` խիստ ուշացումով, վճարվել են: Ու նաև այդ չնչին գրոշների համար էլ Բագրատյանն ասում է` «ի պատիվ մեր կառավարության…»: - Ճիշտ հակառակը, պարոն Բագրատյան. ի հաշիվ մեր ժողովրդի արժանապատվության, նրա անսահման համբերության ձեր կառավարությունը աճպարարության անօրինակ հնարքներ բանեցրեց: Այսուհանդերձ, կգնահատեինք մեր ա°յն նախկին իշխանավորին, ով անկեղծանալու խիզախություն կունենա երբևէ և անմաքուր մատով ուրիշի վրա բծեր չի° որոնի:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ