Թունավորողը հիմա էլ քավորն է


Նախագահ Յուշչենկոն տվել է իրեն թունավորողի անունը: Եվ գլխավոր չարագործի կարգավիճակում հիմա Վիկտոր Յուշչենկոյի քավորն ու նախկին զինակիցը` Դավիթ Ժվանիան է: Հենց նա էլ շուրջ մեկ ամիս առաջ ուկրաինական մամուլում հարայ-հրոց էր բարձրացրել` հայտարարելով, թե ոչ մի թունավորում էլ չի եղել: Շուտով, երևի, իր անկեղծության համար նա ստիպված կլինի պատասխան տալ… Այդ ցնցող լուրը հնչել է Ուկրաինայի ԶԼՄ-ների հետ նախագահի եռամսյա ասուլիսի ժամանակ: Լրագրողներից մեկի հարցին, թե Ժվանիան մասնակի՞ց է թունավորմանը, Յուշչենկոն պատասխանել է. - Կարծում եմ, այո: Եվ սա պատասխանի մեղմ տարբերակն է, որպեսզի պահպանվի հավասարակշռվածությունը` օրենքի, հետաքննության և ազնիվ մարդկանց միջև: Հավասարակշռություն պահպանել, իհարկե, չհաջողվեց. անմիջապես արձագանքեցին պատգամավորները, նախարարները, քաղաքագետներն ու ինքը` Ժվանիան: Քննարկումների արդյունքը, սակայն, մխիթարական չէ Յուշչենկոյի համար: Իշխող կարծիքներից մեկի համաձայն, Ժվանիային մեղադրելը նախագահի ու նրա թիմի ճղճիմ վրեժխնդրությունն է Դավիթից. չէ՞ որ վերջինս, ի լուր ամենքի, հայտարարել էր այն, ինչի մասին բոլորը վաղուց էին խոսում: Ժվանիյան տեղական թերթերից մեկին տված հարցազրույցում մանրամասն նկարագրել էր չարաբաստիկ սեպտեմբերի 5-ին կատարված դեպքերը, երբ իբր թունավորվել էր Յուշչենկոն: Պատմել էր նաև, թե ինչ էր կատարվել հետո, երբ որոշվել էր Յուշչենկոյին արտասահման ուղարկել: Բուժող բժիշկների պնդմամբ, եղել է ընդամենը ենթաստամոքսային գեղձի քրոնիկ բորբոքման սրացում: Եվ եթե Վիկտոր Անդրեևիչը Կիևում մնար` ավելի արագ կապաքինվեր: Սակայն քարտուղարության ներկա ղեկավար Բալոգան և ամերիկուհի կինը` Եկատերինան, չեն վստահել ուկրաինացի բժիշկներին, և նախագահի թեկնածուին անհապաղ տեղափոխել են ավստրիական կլինիկա: Այստեղից արդեն Յուշչենկոն վերադարձել է լրիվ կերպարանափոխված: Ըստ Ժվանիայի վարկածի, Վիկտոր Անդրեևիչի դեմքի անհամաչափությունն ի հայտ է եկել Ավստրիայից հետո. միջանցիկ քամիներն ազդել են քրոնիկ բորբոքումից թուլացած օրգանիզմի վրա, առաջ բերելով «հերպես»` դիմանյարդի բորբոքում»: Զինակիցներն էլ որոշել են օգտագործել պահը և շրջանառել թունավորման վարկածը: Ի դեպ, Ժվանիան միշտ է հերքել թունավորման փաստը: Նա հրաժարվել է մասնակցել թունավորման հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի նիստերին` բացատրելով, որ չի ուզում ստել: Հարցնողներին էլ շարունակ ասել է, որ թունավորում չի եղել: Փոխարենը` Յուշչենկոն ու իր թիմը մշտապես խճճվել են ցուցմունքների մեջ` մեղադրելով մեկ այս, մեկ այն անցանկալիներին: Նախագահը մերթ հայտարարում էր, թե Ուկրաինայում հայտնաբերել են այն լաբորատորիան, որտեղ պատրաստվել է իրեն թունավորած թույնը: Մերթ էլ հանկարծ ասում էր, թե դիօքսինը կարող էր միայն Ռուսաստանից բերվել, իսկ պատվիրատուները արտասահմանից են: Հիմա էլ, ահա, իր նախկին զինակից և քավոր Ժվանիյան է դարձել չարագործի գլխավոր դերակատարը: