ՄԱՀԱՓՈՐՁԵՐ


«Էրգենեքոն» կազմակերպությունը զինված գործողությունների միջոցով ցանկանում էր Թուրքիայում ստեղծել քաոսային իրավիճակ` երկրում հեղաշրջում իրականացնելու նպատակով: «Էրգենեքոնի» մահափորձերի իրականացման ծրագրերը բաժանվում են 4 մասի` կրոնական, քաղաքական, հասարակական, էթնիկական: Այս մասին տեղեկացրել է «Սաբահ» օրաթերթը` վկայակոչելով «Էրգենեքոն»-ի գործով մեղադրական եզրակացությունը: Կրոնական սպանությունների շրջանակում մահափորձեր էին իրականացվելու Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, Հունաց Բարդուղիմեոս պատրիարքի, ինչպես նաեւ գործարար Իսհաք Ալաթոնի դեմ: 2007 թվականի հուլիսին «Զաման» օրաթերթը, վկայակոչելով «Gazeteportե կայքէջը, գրել էր, որ Թուրքիայի «Ազգային բանակ» միության ձերբակալված նախագահ Բեքիր Օզթուրքի համակարգչում հայտաբերվել են Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի, Հունաց Բարդուղիմեոս պատրիարքի, ինչպես նաեւ գործարար Իսհաք Ալաթոնի դեմ ուղղված մահափորձի ծրագրեր: Էթնիկական սպանությունների շրջանակում կազմակերպությունը թուրք-քրդական բախումներ հրահրելու համար պատրաստվում էր մահափորձեր իրականացնել «Ժողովր դավարական հասարակություն» քրդամետ կուսակցության առաջնորդ Ահմեդ Թուրքի, նույն կուսակցությունից պատգամավոր Սեբահաթ Թունջելի, Դիրաբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի եւ նախկին պատգամավոր Լեյլա Զանանի դեմ: Քաղաքական սպանությունների շրջանակում «Էրգենեքոն»-ը ծրագրում էր հարձակումներ իրականացնել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յաշար Բույուքանըթի, Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի եւ լրագրող Ֆեհմի Քորույի դեմ: «Էրգենեքոն»-ի դեմ իրականացվող գործողության շրջանակում անվտանգության ծառայության աշխատակիցներն ամիսներ շարունակ գաղտնալսել էին այդ կազմակեր պության անդամների հեռախոսազրույցները: Դրանցից մեկում, ինչպես հաղորդում էին թուրքական լրատվամիջոցները 2008 թվականի հունվարին, խոսք էր գնում այն մասին, որ Նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուքի սպանության համար անհրաժեշտ է 2 միլիոն նոր թուրքական լիրա (մոտ 1 մլն 640 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաեւ նշվում էր, որ սպանության իրականացման համար ընտրվել է ավստրիական արտադրության «Glock» տիպի ատրճանակ: ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ