Ո՞րն էր ելքը


Արցախյան ազատագրական շարժումը միավորեց ողջ հայությանը. դարերի բովով անցած տարագիր հայը չէր կարող սպասել: Նրանց երակներով կարոտի ու վրեժի արյունն էր հոսում: Ես-ն ու մեր-ը միացան, ու այլևս մենք-ը սասանեց գոռոզ թշնամուն: 1987թ. սփյուռքահայ Ղազար Սարգիսյանը հայրենիք վերադառնալու փափագով թողեց ծնողներին, եղբորը` եկավ Հայաստան: Այդ ժամանակ դեռևս «անդորր» էր տիրում Հայաստանում: Լիբանանում մարտական գործողությունների մասնակից Ղազարը զինվորական կրթություն ուներ: Գալով հայրենիք` անմիջապես ընդգրկվեց ազգային-ազա տագրական շարժման մեջ: Մինչ թշնամին աճպարարությամբ իր երկրի համար որոճում էր փառահեղ ապագա, այստեղ հապշտապ կամավորական ջոկատներ էին կազմավոր վում, և ի լուր ամենքի, դրոշմեցին հայավարի ճշմարտությունը` օրհասական պահերին մենք մի բռունցք ենք: Հարկ է հիշել Րաֆֆու բանաձևումը. «Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերը հոգվով, մտքով ու արյունով, այն է` ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ»: 1989 թ-ից նա «Ազգային լեգեոն» կամավորական գումարտակի կազմում մասնակցել է Հայաստանի սահմանամերձ գոտիների պաշտպանական մարտերին` Գորիս, Տեղ, Խոզնավար, Կոռնիձոր, Շուռնուխ, Վերին և Ներքին Ջիբուգլու, Նոյեմբերյան, Իջևան, Ոսկեպար, Կապան, Մեղրի... Լինելով հմուտ հետախույզ` անթերի կատարել է յուրաքանչյուր առաջադրանք: Սկզբում նրան մտատանջում էր զինվորների մարտական պատրաստվածությունը: Ինչպես ինքն է միշտ նշել` ինչքան քրտինք թափես զորավարժության ժամանակ, նույնքան արյուն կխնայես մարտի դաշտում: Այսպիսի բնույթ-բնավորությամբ էր օժտված, որ փորձում էր մարտական գործողություններն ավարտին հասցնել անսխալ թվաբանությամբ: Թերևս ամեն ինչ կանխատեսելի չի կարող լինել, բայց հետախուզական լուրջ տեղեկությունները հասցնում էին ցանկալի կայանատեղի: Հրամանատարական կազմի հետ իր անմիջական նախաձեռնությամբ Ստեփանավանի Կուռթան և Սիսիանի Մողտուս ու Սուֆուլու գյուղերում ստեղծվեց ուսումնական բազաներ: Իր զինվորը պետք է ունենար մարտական բարձր պատրաստվածություն, լիներ անթերի ազգասեր: Թերևս այսպիսի պահանջկոտ հայորդին վշտոտ հիացմունքով էր նայում այն «չընտրվածներին», որոնց բնութագրեց մեկ բառով` պատրաստ չեք... Ինչպիսի¯ թախանձանքով էին այդ անպատրաստ առյուծասիրտ քաջերը հնարքներ փնտրում, «ստեր» հորինում, միայն թե թույլ տար` մեկնեին Արցախ… Հարկ էր շոշափելիորեն զգալ իրականությունը, յուրաքանչյուր սխալ ճակատագրական էր լինելու, իսկ յուրաքանչյուր հապաղում` կործանարար: Ինչպես ասում են` թշնամու ուժը չպետք է թերագնահատել: Բազմաթիվ մարտերի մասնակցեց, մարտական ծանր գործողությունների ժամանակ փորձում էր սրտացավորեն խնայել անպատրաստներին, այն քաջերին, ովքեր մահն աչքերի մեջ` առաջ էին նետվում: Նրանց պետք էր խնայել: Հայ կանայք սևազգեստ դարձան, բազում մայրեր այլևս արցունք չունեցան` արտասվելու համար: Առյուծածին մայրերին պետք էր խնայել: Տարիների ծոցում անմար աղոթք էր ծվարել: Իսկ նրա ծնողները... 1991թ. մարտական ծանր գործողությունների ժամանակ սարսափեցրեց հոր մահվան բոթը, բայց... Նրա համար խորթ էր հապաղելը, նետվեց պայքարի գոտի: Ղազարի պապը` Ղազար Սարգիսյանը, Սասունի Գեղաշեն գյուղում էր ծնվել, թուրքերի վայրագություններն իր աչքով էր տեսել: Բզկտված հոգին էլ հանգիստ չունեցավ, դարձավ ֆիդայի` հարազատների վրեժը լուծելու: Մի խումբ ֆիդայիների հետ անհավասար մարտերի մասնակցեց, բազմաթիվ գաղթականների փրկեց, իսկ ինքը դարձավ մայր հողի մի բուռը: Միայնակ մնաց թշնամու հրոսակի դեմ, ընկավ` վերջին գնդակը պարպելով: Այսպիսի ոգով էր դաստիարակվել ինքը` Ղազարը: Օտար երկրում նա հայ մնաց: Իր կարծիքով, անսանձ օտարամոլությունը խոց-վերքերի թիրախ է դառնում, իմաստազրկում է ապրած կյանքը: Այո°, չպիտի երկմտենք, տառապանքն ուսած` առաջ շարժվենք: Թշնամին չկարողացավ ճեղքել մեր լեռները, սասանել մեր հայորդիներին: 1990-1991 թթ. լինելով «Ազգային լեգեոն» կամավորական գումարտակի հրամանատարի տեղակալ` մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին` Կրկժան, Կիչան, Սրխավենդ: 1992 թ. մայիսին Լաչինի տարածքի Մալխալաֆ, Կուշչուլար, Գյուլիբերդ գյուղերի ազատագրման ժամանակ առաջամարտիկներից մեկն էր: Այնուհետև մասնակցել է Մարտակերտի տարածքի Չլդրան, Կուսապատ, Տրնբոն, Տոնաշեն գյուղերի պաշտպանական մարտերին: Երեք անգամ վիրավորվել է, բայց ոչինչ հետ չպահեց նրան` մարտական գործողություններին մասնակցելու համար: Հարյուրավորների աչքերն իր ձեռքերով փակեց, նրանց վերջին խոսքերն իր սրտում անթեղեց: Գնալուց առաջ նրանք դարձան մեր մի մասը, իսկ իրենցից հետո դեռ վառվելու է ծուխ-ծխանին, նրանց հիշատակի դափնին այլևս չի թառամելու: Գիտակցականի ու անգիտակցականի խաչմերուկում իրենց հաստատուն վճիռը կայացրած հայորդիները գիտեին` ուր և ինչի համար են գնում: Ղազար Սարգիսյանի անմնացորդ նվիրման, մարտական սխրանքների մասին իր հիացմունքը չթաքցրեց «Ազգային լեգեոն» ջոկատի հրամանատար Սմբատ Հակոբյանը. - Անձնվեր հայ է Ղազարը: Այս հայրենասեր մարտիկի համար հայրենիքը սրբություն է, նա իր էությամբ ու մարտական պատրաստվածությամբ անթերի է: Նրա բազմաթիվ սխրանքներից միայն մեկն եմ ուզում հիշել. Վազգեն Սարգսյանի կարգադրությամբ Նախիջևանի տարածքից ռազմական գործողությունների կարևորագույն փաստաթղթեր հայթայթեց, բերեց: Կարևոր էր իմանալ, թե թշնամին հարավ-արևելյան տարածքից ռազմական ի՞նչ գործողություններ է ծավալել ու, ինչպես նաև փաստաթղթերում առկա էին թուրքական զորք-զինամթերքի մասին լուրջ հետախուզական տվյալներ այն մասին, որ օգնել է Ադրբեջանին: Հետախուզական այս լուրջ գործողությունը վստահվեց Ղազարին: Բարձրաստիճան սպան անթերի կատարեց առաջադրանքը: Վազգեն Սարգսյանը հիացած էր նրա վարպետությամբ: Եվ, իրոք, եթե մեր փոքրաթիվ բանակով տասն անգամ գերազանցող ադրբեջանական բանակի ենք հաղթել, դա եղել է մեր քաջերի անմնացորդ նվիրվածության, սխրանքի շնորհիվ»:

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ