Մշակութային տագնապ Պատմությունը կրկնվում է. ՍՊԱՆԵ°Լ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ...


1. ՀՀ մշակույթի նախարարության հնգամյա գործունեության դրույթները 2008-2012 թվականների ընթացքում պլանավորված միջոցառումների շուրջ ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների հետ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի զրույցը, ծավալվելով, պաշտոնական հունից ավելի ու ավելի է դուրս հորդում: Նախապես ներկայացված ծրագրի 37 ենթակետերով մանրամասնված 9 հիմնական գործընթաց ներից յուրաքանչյուրի կոնկրետ բովանդակության հստակեցման բնականոն պահանջի ինքնաբուխ թելադրանքով: Մշակութային ժառանգության պահպանությանը միտված անհետաձգելի գործնական քայլերի լրջմիտ կարևորումից անցնելով ողջ դաշտի համաչափ զարգացմանը նպատակամղված առաջնահերթ գործողությունների ընդհանրական նկարագրությանը: Վերջին 3 տարիների արդյունքներով ճշգրտված լայնամասշտաբ ծրագրի աստիճանական իրականացման տեսակետից առանձնակի արժևորված դրամաշնոր հային նախագծերի համակարգման նպատակով հիմնվել է մոնիտորինգային վարչություն: Թվերի պերճախոս լեզուն հուշում է, որ դրանց տրված նշանակությունը տարեցտարի անհամեմատ մեծանալու է: 2005-ին 74 մլն դրամ է հատկացվել մրցույթը շահած 9 կազմակերպությունների: 2007-ին 33 կազմակերպություններ ստացել են 183 մլն դրամ` նվաճելով երկրի մշակութային քաղաքականության տարբեր ուղղությունների կենսագործման իրավունքը: Դրանց արդյունավետության իրական չափերը ճշգրտելու առումով, կարծում եմ, հարկ էր կազմակերպել հրապարակային քննարկումներ:Հընթացս: Այդ դեպքում միայն, առկա մտավորական ներուժի ներգրավմամբ, կարելի կլիներ լիարժեքության հասցնել նորահնար հեռանկարային նախագծերը: Նաև` անսխալ որոշել դրանք իրականացնողների կարողության սահմաններն ու օգտակար գործողության գործակիցը հայ մշակույթի արդիաշունչ ու նպատակասլաց զարգացման տարերային հորձանուտում: 2. «Տարանջատենք գաղափարը իրականացման ձևերից...» Առավելապես մշակույթի զարգացման հեռանկարների շուրջ նախաձեռնված բազմաշերտ խոսակցությունը շուտով ձերբազատվում է հնչեղ վերացականությունից: Ներկաներից որևէ մեկը չի նսեմացնում կամ արժեզրկում տեղեկատվական քաղաքականության դրույթների իրականացման անհրաժեշտությունը: Հաղորդակցական նոր տեխնոլոգիա ների և էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը, մշակութային արժեքների թվանշանացման գործընթացի խթանումը դարի հրամայականն է: Անշուշտ: Թանգարանների, գրադարանների հավաքածուների պահպանման համար` հանապազօրյա անհրաժեշտություն: Ինչպես և` պատմամշակութային աշխարհասփյուռ նյութական ու ոչ նյութական արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի պետականորեն ամրագրումը` համալիր վերականգնողական անհետաձգելի միջոցառումներով: Համապատաս խան նյութատեխնիկական բազայի անհապաղ ապահովումը ռեալ երաշխիքն է մշակութային հնգամյա գործունեության բոլոր մտահղացումների արդյունավետ կենսագործման: Եթե, իհարկե, դրան ամենայն պատասխանատվությամբ լծված են մասնագիտական փորձ ու հմտություններ ունեցող նվիրյալներ: Հակառակ դեպքում, ցանկացած հրաշալի նախաձեռնություն, կխեղվի անճանաչելիորեն: Եվ, որ ամենավտանգավորն է, թերահավատություն կներշնչի մյուս բոլորի հանդեպ: Եվ, ինչպես «Բազե»-ի, «Մեկ ազգ, մեկ մշակույթ»-ի ու մի շարք այլ զանգվածային միջոցառումների պարագայում, տարեցտարի ավելի ու ավելի կհեռանա իր նախնական հանրօգուտ առաքելությունից: Վերագրելով նման իրավիճակների կանխարգելման ֆունկցիան, առաջին հերթին, ԶԼՄ-ներին` բարձրաստիճան չինովնիկը հարկադրված կլինի անօգնական տարածել ձեռքերը` փորձելով պաշտպանել իր թեթև ձեռքով կյանքի ուղեգիր ստացած մտահղացման աղճատված պատկերից կամ ակնհայտ ձախողումից. «Տարանջատենք գաղափարը իրականացման ձևերից…»: Իսկ եթե հրաշալի նախաձեռնությունն իրականացնելու մենաշնորհին արժանացածները ի զորու չլինե՞ն շտկելով նախնական բովանդակությանն ու կաղապարին մոտեցնել նյութական և մտավոր-ֆիզիկական շոշափելի ռեսուրսներ կլանած գործընթացի վերջնական արգասիքը: Ուրեմն... Նախ, պետք է հստակեցնել որևէ գաղափարի իրականացման ուղիները, ապա հեղինակավոր մասնագետների իրավասությանը հանձնել` անխափան գործի դնելով վերահսկողական համարժեք մեխանիզմներ: Փայլուն գաղափարների անկանխատեսելի խեղաթյուրման հիմնական պատճառ է համարվում կարծրացած կառույցների բարեփոխմանը միտված ամեն մի անսովոր քայլին դոգմատիկ ների երդվյալ ընդդիմությունը: Հատկապես կոլեկտիվ ստեղծագործական համակարգերի: Ըստ այդմ էլ համեմատաբար արդյունավետ է գնահատվում անհատական արվեստի ոլորտում ծրագրային և ֆինանսական ներդրումը: 3. «Մարգարեն իր հայրենիքում չի ճանաչվում» «Արվեստի և մշակութային ժամանակակից ենթակառույցների զարգացման» «խթանիչ» գործընթացների էության մանրամասնումը կենտրոնացրեց ուշադրությունս ներկա պետական թատերախմբերի ճակատագրի վրա: Թատրոնի մասին օրենքը, հայտնի չէ` ինչ տարբերակով, դեռևս վերջնական տեսքի չի բերվել Ազգային ժողովում: Չարաբաստիկ «ՊՈԱԿ»-ային ավերածություններին ի նպաստ կծառայի այս ասպարեզի չգրված նուրբ օրենքների շրջանցմամբ կյանքի կոչվող յուրաքանչյուր նորամուծություն: Անհեթեթություն է թատերական գործունեության համահարթեցումը շոու-բիզնեսին: Շահութաբերության ու մասսայական պահանջարկի նույն չափորոշիչներով գնահատելը: Լուրջ, մնայուն արվեստը, անընթերցող մեր ժամանակներում, չի կարող նույնքան պահանջված լինել հեռուստաեթերից հորդացող աղբով վարակված լայն զանգվածների համար: Սնամեջ սերիալներն ու գռեհկաբանություններով համեմված ամեն կարգի միմոսություններն են մասսայական հանդիսատեսի հոգևոր սնունդի ակունքը: Համաճարակը սպառնում է մուտք գործել խաղացանկային լուրջ թատրոններ, որոնց ստեղծագործական կազմի գայթակղությունը դեպի լավ վարձատրվող ցածրարվեստ «գեղարվեստական» արտադրություն շուտով անհնար կլինի կասեցնել. հացի խնդիր է… Առայժմ այն որակ չի կազմում դրանց գեղարվեստական ղեկավարությունը ստանձնած լուրջ արվեստագետների ու դեռևս չգայթակղված դերասանական անհատականութ յունների օրավուր դժվարացող ընդվզմամբ: Մոլի թատերապաշտությա°մբ սոսկ մարտունակ: Նորին մեծություն միջակության հետ լուռ դաշինք կռած շոու-բիզնեսի «գիսաստղե րը» պատահաբար չէ, որ առանձին-առանձին ու համերաշխ միասնությամբ, միջոցների միջև խտրություն չդնելով, հիվանդագին հետևողականությամբ ցեխ են շպրտում հատուկենտ հավատավորների երեսին: Չսանձազերծվող անամոթությամբ համառորեն վարկաբեկում են նրանց անուրանալի վաստակն ու բնատուր շնորհները: (Գեթ սրտի խորքում, հստակ գիտակցում ե՞ն սեփական «գլուխգործոցներով» հակակշռելու ունայնությունը:) Եվ, թունոտ բամբասանքներով, փշե պսակ են հյուսում իրենց սին փառքը ստվերող անձի շուրջ: Հաջողեցնում են վայելել երկրի և մշակույթի ճակատագիրը տնօրինողների անսահման բարեհաճությունը: Ամենագետի իրենց «նվաճած» համարումով կոնկրետ գործողութ յունների հրահրում` ջանալով աննկատ մնալ: Ինչն, ի դեպ, ոչ միշտ է հաջողվում: Բայց անսպասելիորեն հաջողեցրին, «ժամանակակից ենթակառույցների զարգացման» շղարշի ներքո, վերջապես սողանցք բացել Մայր թատրոնում հիմնավորվելու վաղեմի երազանքն իրականացնելու համար: Չհրապարակված «լավագույն բեմադրիչները», Ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական դիմանկարը «գունեղացնելու» «հայրենասիրական մղումով», ի վերջո, հասան գեղարվեստական ղեկավարի հաստիքի կրճատմանը (ասում են` ժամանակավոր), որպեսզի գլխատելով ազատորեն քանդեն (փլուզեն) որակական նոր աստիճանի բարձրացած թատերախումբը` նրա գեղարվեստական տաղանդաշատ առաջնորդի 12-ամյա տքնանքով ստեղծվածը փոշիացնեն հանուն անթաքույց փառասիրության գոհացման: Անուններ չեմ տալիս: Դրանք հայտնի° են Մայր թատրոնի «բարեփոխությանը» ձեռնարկած Մշակույթի նախարարին էլ, թատրոնի մարդկանց էլ: Նույնիսկ շատ ու շատ մտավորականների, հասարակ մահկանացուների, ովքեր քիչ թե շատ հաղորդակցվել են ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային բարձր համարում ունեցող բեմադրիչ, անզուգական թատերաշինարար Վահե Շահվերդյանի արվեստին: Եվ, վստահ եմ, ի հայտ կգան շուտով: Երբ կեսօրին, Մշակույթի նախարարությունում սկիզբ առած խոսակցության ժամանակ, տիկին Պողոսյանն ասաց, որ «ներսի» ու «դրսի» հարաճուն դժգոհությունները կասեցնելու նպատակով է հարկադրված օգոստոսի 15-ից վերացնել, միառժամանակ, «գեղարվեստական ղեկավար» հաստիքը, որպեսզի Շահվերդյանի հետ համահավասար մեկնարկային իրավունքներով Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրություններ կարողանան անել արդի ռեժիսորական լավագույն անհատականություննե րը, քիչ էր մնում հավատայի Մայր թատրոնի նորափթիթ ծաղկունքին այդ որոշման նպաստավորությանը: Որևէ կասկած չէր հարուցում ի շահ ազգային թատրոնի ստեղծագոր ծական վերելքի մայր բեմում արդի բոլոր կարող ուժերին մեկտեղելու հեռանկարով արվող առաջին քայլի մշակութապահպան նշանակությունը: Ի՞նչ կա որ` մտածեցի: Իրենց բեմադրական տաղանդի «արգելափակման» դեմ հատկապես վերջերս ավելի ու ավելի բացահայտ բողոքողները հնարավորություն կունենան գործնականում դրսևորելու սեփական ունակությունները: Եվ, ի վերջո, կհանդարտվեն եսասիրական կրքերը: Չնայած հավակնորդներից շատերը անսահման ստեղծագործական լիազորություններ ունեին և ունեն իրենց տնօրինած բեմահարթակներում բազմիցս այդ մասին հավաստելու: Ինչևէ: Բարեբախտաբար մասնակցեցի Սունդուկյանի անվան թատրոնի դահլիճում շարունակություն ստացած, առաջին հայացքից` ազգօգուտ, զրույցին: Արձակուրդում գտնվող ստեղծագործական խմբի մի մասի հետ տիկին Պողոսյանի վարած «բացատրական» աշխատանքից միանգամայն պարզ դարձավ (չափազանց հեղհեղուկ էին ներկայացվող մեղադրանքները, փաստերով հիմնավորման կարոտ), որ եկել է ժամանակը Շահվերդյանին սպանելու : Պատմությունը կրկնվում է: «Մայր թատրոնում ինտրիգների ու չարակամության թիրախ են դարձել Գուլակյանը, Աճեմյանը, Ղափլանյանը, Աբրահամյանը… Ինչո՞ւ խնայել ամոթալի լուծարված վիճակից թատրոնը փառավորապես դուրս բերած, թատերական նոր սերունդ աճեցնող Շահվերդյանին: Տրորե°նք մարդկային արժանապատվությունը, անխնա սևացնե°նք ուռճացված կամ մտացածին թերություններով: Նրբազգաց մարդ է: Ի վերջո` կվիրավորվի մինչև սրտի խորքն ու... ինքնակամ կհեռանա»: Հոգնած իր անձի դեմ անարգել բարձրացվող նախանձախեղդ թշնամանաքի պատնեշի թունաժայթքումներից` Շահվերդյանն, ինքնահատուկ խորաթափանցությամբ, առաջինն է գլխի ընկնում «բարեկամական» այս հանդիպման վատ թաքցված նպատակի մասին: Եվ` հրաժարվում է պաշտոնից. «Բայց սա նաև իմ թատրոնն է, և ես թույլ չեմ տա որևէ մեկին քանդել այն»: Հավաքվածները, անակնկալի եկած, փորձում են փաստերի տրամաբանությամբ կասեցնել Մայր թատրոնի գլխատումը: Հեռանկարում` խաղացանկային բոլո°ր կայացած թատրոնների: Ապարդյուն: Ամեն ինչ որոշված է ի «վերուստ»:Չնայած «վերջնագրի» իրավասությունը, փոխադարձ պայմանավորվածությամբ, օգոստոսի 20-ին նշանակված գեղխորհրդին է տրված: Նորի ձևավորմամբ: Քանի դեռ ուշ չէ, ապահովագրենք մեր Մայր թատրոնը (հայ թատրոնն ընդհանրապես) քոչվոր ցեղերի սամումային ասպատակու թյուններից...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ