Հասկանալի` չինարենով


Մեր առօրյա խոսակցություններում հաճախ կիրառվող «չինարեն խոսել» արտահայտությունը խրթինության աստիճան անհասկանալի մտքերն ու բառակապակցություն ները բնորոշող թևավոր խոսքի նշանակություն է ձեռք բերել վաղուց ի վեր: Նույնքան անըմբռնելի է, առանց սինխրոն թարգմանության, մանկահասակ չին հաղորդավարների երգեցիկ նախաբանը ԵՊՀԹ բեմում: «Չինաստանի ապագան» (գեղարվեստական ղեկավար` Ցաո Չյան) մանկական երգի-պարի մոտ 800 երեխա ընդգրկող համույթի երկու տասնյակ պատվիրակների ելույթից առաջ: Կարծում եմ, պատահաբար չէին ասմունքային կատարումները համերգի ծրագրում ներկայացված որպես «մանկական մենաձայն» -եր: Ինչ լեզվով էլ խոսեն մանուկները, իրենց նույն հետաքրքրությունների շուրջ են ծավալում զրույցը, որ մատուցման պատկերավորությամբ ճեղքում է լեզվական խորթացնող պատնեշը: Փոքրիկ աղջնակը ծաղկեզամբյուղը ձեռքին սեթևեթում է բեմի վրա: Օտար խոսքի իմաստին անհաղորդ հանդիսատեսը զվարթանում է մանկական թոթովանքի զվարճալի ելևէջների համանվագում կենդանացող մի նոր Կարմիր գլխարկով: Վերագրում նրան մի նորածին հեքիաթի համարժեք հերոսուհու դեր: 4-7 տարեկան երեխաների պարելույթները` հագեցած ազգային մարտարվեստի ծանոթ տարրերով, վառվռուն զգեստավորմամբ ու շարժումների համաչափությամբ առանձնակի տպավորիչ են: Պլաստիկայի լեզուն դյուրընկալ է առանց թարգմանչի, քանզի փոքրիկները ակնհայտ հմտությամբ կարողանում են միասնաբար դահլիճին վարակել իրենց մարմնավորած սյուժեի բովանդակալից տրամադրությամբ: Հեծյալների պարային մրցությանը հաջորդում է չինական երիտասարդության կերպավորումն «Ուշու»-ի արտահայտչալեզվով: Պեկինյան օպերայից ստացված տպավորություններին` մոնղոլական պարը… Չինական մանկական ամենախոշոր գեղարվեստական համույթը, ներառելով իրենում սիմֆոնիկ, ժողովրդական, մանկական, բալետային և օպերային ենթախմբեր, պետության խրախուսմամբ զարգացնում է մոտ 1500 երեխաների գեղագիտական ունակությունները 40 հազար քառ. մ տարածք զբաղեցնող Արվեստի կենտրոնում: Ճանաչվելով ամենաառաջավոր միությունը երկրում` «Չինաստանի ապագան», շրջագայելով ավելի քան 60 երկրներում, Տյանցզին քաղաքի մանուկների նվիրական երազանքի հեքիաթն է տարածում աշխարհով մեկ` խաղաղ ու անամպ ապագայի մասին: Լավ կլիներ, որ միջպետական մշակութային համագործակցութ յան շրջանակներում անցկացված համերգային ծրագիրը հնարավորություն տար անմիջականորեն շփվել շնորհալի հայ երեխաների հետ, մտերմանալ արվեստի հարազատաց նող ուժով: Այդ դեպքում, գուցե, Երկիր մոլորակի մատաղ սերունդն ի զորու լիներ կասեցնելու մարդկության երջանիկ գոյատևումը վտանգող ամեն տեսակ արհավիրքները: Զուր չէ ասված` ապագան երեխաներինն է...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ