Կուզենայի՞ք անկեղծանալ


Հարություն ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Ընկերոջ, բարեկամի, գործընկերոջ, առհասարակ` դիմացինի միտքը գուշակելը, իմանալ թե իրականում ի՞նչ է մտադրվել: Դա միշտ իմ մեջ տարօրինակ վախ է արթնացրել, որովհետև եղել են շատ դեպքեր, որ մարդուց լսել եմ մի բան, բայց հետո պարզվել է, որ տվյալ անձնավորությունը լրիվ ուրիշ բան է մտածում: Այսինքն` թաքուն դավադրությունը. միշտ պատրաստ է «բրուտոսյան հարված հասցնել», սակայն, երբ շրջվելով նայում ես երեսին` ժպտում և գրկախառնվում է հետդ: Ամեն ինչ կանեն, որ խանգարեն այն մարդուն, ով իր գործը լավ է անում, որովհետև իրենք չեն ընդունում օժտվածին: Ծիծաղելով, հեգնելով, արհամարհելով, ցանկանում են քեզ ձախողման ուղղորդել: Ապաշնորհների թիմի առջև միշտ մենակ է մնում այդ թիրախը, ով նույնպես հայրենիքի զավակ է: Ամենադժվարն ինձ համար միշտ եղել է ծրագրավորված վատություն անողներին հասկանալը: - Եթե ոչ հայ, ապա որ ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ընդհանրապես ես տիեզերքի ուժերին հավատացող մարդ եմ. անպայման զգայական մեծ ուժ է տիեզերքը: Եթե ես ծնվել եմ հայ` հայ ծնողներից, Հայաստանում, նշանակում է` դա ի վերուստ եկած իմ առաքելությունն է: Թեպետ եղել են դեպքեր, երբ ցանկություն է առաջացել` մեծ, հզոր աշխարհակալ տերության զավակ լինել: Էդ դեպքում, կարիերայի առումով, երևի ավելի դյուրին կլիներ: Միշտ փոքր երկրներին խանգարում են լավ մշակույթ ստեղծել: Վահրամ Փափազյանը հայտնի խոսք ունի. «Փոքրիկ` 3-րդ կարգի երկրի տաղանդավոր դերասանն է ամենադժբախտ մարդը»: Իսկ հիմա մեկ-մեկ որ մտածում եմ, եթե անգլիացի լինեի, ինձ համար շատ ավելի հեշտ կլիներ: Էնպես չէր լինի, որ անպայման արտասահմանում ապրելուց հետո գայիր Հայաստան, որպեսզի քեզ հարգեին: -Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչ այժմ կբարձրաձայնեիք: - Դիպլոմային աշխատանքներ էինք հանձնում: Կուրսի ղեկավարը` Վարդան Աճեմյանը, Գոգոլի «Ռևիզոր»-ում ինձ վստահել էր գլխավոր դերը` Խլեստակով: Այն ֆրակը, որ ես հագել էի, մեծ գրպաններ էինք դրել, քանի որ տաբատը գրպաններ չուներ: Խլեստակովին կաշառելու տեսարանից հետո` այդ փողերը ես դարակից պիտի վերցնեմ ու դնեմ գրպանս: Բայց տեսնեմ ի¯նչ. երկու գրպաններն էլ վայրենաբար պոկել էին: Այնպես էին պոկել` թելերն էին մնացել: Վախեցա, չգիտեի ինչ անել: Մեջքով շրջվեցի դեպի հանդիսասրահը և փողերը աննկատ նորից դրեցի դարակը, սակայն իմ գերխնդիրը փող փախցնելն էր: Թարսի պես Սունդուկյանի անվան թատրոնի դերասաններն էին դիտում ներկայացումը, և դա նկատել էր Դավիթ Մալյանը: Եկավ ասաց. «Ո°ւր է այդ Խլեստակով խաղացողը»: Վախեցած եկա առաջ: Շարունակեց. «Բա ինչո՞ւ փողերդ թողեցիր դարակում, գնացիր»: Վարդան Նիկիտիչը ավելացրեց. «Ապուշի մեկը, էդ ի՞նչ ես արել»: Ես էլ արդարացա, պատմեցի, որ գրպաններս պոկել էին: Այդտեղ Դավիթ Մալյանը ասաց. «Այ, հիմա դու կամաց-կամաց հասկանում ես, թե թատրոնը ինչ դաժան տեղ է և միշտ նախանձը քեզ հետապնդելու է»: Այդ դավադրության հեղինակը մեր հետ գրիմանոցում էր` մեծամիտ, ապաշնորհ խաղընկերներիցս մեկը: Փորձված ճշմարտություն է` անշնորհք մարդը լավը լինել չի կարող. անհնար է: Բայց մինչև հիմա չգիտեմ, թե կոնկրետ ով էր: Կարող է ամենամոտ ընկերս էլ լիներ: Էդպես է վիճակվել` մեծամասամբ գլխավոր դերեր եմ խաղացել: Բայց հիմա միշտ, տարօրինակ կերպով, մշակույթի գործիչների հավաքներում այն մարդիկ են լինում և մեդալներ ստանում, որոնց բացարձակապես չես էլ ճանաչում, ովքեր ոչինչ չեն արել: Այնքան լավ համախմբվում են իրար շուրջ այդ ապաշնորհներն ու անտաղանդները: Եվ պաշտոնյաների կողքին են կանգնում, իրենց երևակայելով` քայլում են Երևանի փողոցներով: Զարմանալի է: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Դասակարգային անհավասարությունը: Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ազատ երկրում ծնված կենդանի էակները պետք է տարբեր իրավունքներ ունենան: Անպայման վագրը եղնիկին պետք է ուտի: Ինչո՞ւ մի պետություն պետք է իշխի մեկ այլ պետության վրա: Ինչո՞ւ պետք է ազգերը տեսակավորվեն, և այսքան տարբեր կրոններ լինեն: Չեմ կարողանում հասկանալ: Իհարկե, ջունգլիների վայրենիին չես համեմատի եվրոպական քաղաքակիրթ երկրի գիտնականի հետ, բայց ո՞նց մարդը մարդուն կարող է ճնչել: Իսկ ճնշվողը ինչո՞ւ է ենթարկվում և չի ընդվզում: Ինչո՞ւ պետք է ոմանք անընդհատ լավ ապրեն, իսկ ոմանք էլ` ուտելու բան չունենան: Ինչո՞ւ պետք է ինչ-որ տերեր թելադրեն իրենց մտածելակերպն ու իշխանությունը, կոմունիստական գաղափարախոսությամբ` մարդկանց վրա ճագարի պես փորձեր են կատարում… - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացում էին հանձնում, մենք էլ Խորեն Աբրահամյանի հետ նայում էինք: Անցավ մի հինգ րոպե, շրջվեց իմ կողմը և ասաց. «Հարութ, դու բեմի վրա կատարվածը որ դիտում ես, քո կյանքում այսքան սուտ տեսե՞լ ես: Ո՞նց կարող է այդքան սուտ լինել բեմի վրա: Ինչքան շատ դերասաններ կան աշխարհում, և չկա ոչ մի դերասան»: Հետո միասին դուրս եկանք. մայթին մի մարդ կանգնած թերթ էր կարդում: Ասաց. «Տես ինչքան ճիշտ է, ինչքան հրաշալի է»: Այդ մարդը շուռ եկավ, նայեց մեր կողմը և բացականչեց. «Վա°յ, մեռնեմ հոգուդ, կյանքումս քեզ նման դերասան չեմ տեսել: Մեր ամենալավ դերասանը դու ես: Հալալ է քեզ, Դավիթ Մալյան ջան»: Խորեն Բաբկենիչը, իհարկե, մի քիչ նեղացավ. իրեն Դավիթ Մալյան էին ասել:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ