Եվ ծածուկ մի տեղ` փակ սրտի բացման


Երկու տարի առաջ ներգրավված էի համալսարանի արշավախմբում և հաճախ էի արշավների գնում: Արագած բարձրանալու ժամանակ համակուրսեցիներով խմբից առաջ անցանք: Այդ ժամանակ ծանոթացանք մեկ այլ ֆակուլտետի տղաների հետ: Ես շատ առույգ եմ և անհամբեր. այդ էր պատճառը, որ որոշեցի ավելի առաջ անցնել: Ինձ հետ եկավ նաև մեզ հետ նոր ծանոթացած խմբի տղաներից մեկը: Մենք բարձրանում էինք` մեկս մյուսին օգնելով: Ճանապարհին միմյանց մասին շատ բաներ իմացանք: Հաճելի ու հետաքրքիր օր անցկացնելուց հետո, գիշերը 10-ին հասանք Երևան: Արդեն մութ էր: Նա ինձ ճանապարհեց տուն: Մեր հանդիպումները շարունակվեցին համալսարանի ու արշավների շրջանակներում: Հետո ես սկսեցի ձանձրանալ: Պետք է խոստովանեմ, որ երկու տարի առաջ ես ոչ մի բանի լուրջ չէի վերաբերվում և շուտ էի հիասթափվում: Մի անգամ իմ անլուրջ արարքով ես վիրավորեցի նրան: Դրանից հետո, ճիշտ է, հանդիպումներ եղան, բայց ես ինձ շատ սառն ու անտարբեր էի պահում: Հետո մոտ մեկ տարի պատահաբար հանդիպումներ ունենում էինք, բայց շատ հազվադեպ: Այս ամենից հետո, երբ սիրո մասին խոսք անգամ լինել չէր կարող, պատահական հանդիպումներից մեկի ժամանակ հանկարծ խանդ զգացի. պատճառն այն էր, որ նա չնկատեց ինձ ու չբարևեց: Ճիշտ է, հետո ընկերներն ասել էին, որ ինչ-որ մեկը նրան բարևել է, և նա եկավ, երբ ես արդեն բավական հեռացել էի նրանց խմբից: Այդ միջադեպից հետո ես Աստծուց ամեն օր նրա հետ հանդիպում էի խնդրում, բայց ապարդյուն: Առ այսօր ես նույնիսկ նրա հեռախոսահամարը խնդրելու համարձակություն չեմ ունեցել: Որոշ ժամանակ անց որոշեցի չտանջել ինձ և ավելի քիչ մտածել նրա մասին` փորձելով մոռանալ: Այն բոլոր փորձերը, որ ես արեցի նրան մոռանալու համար, ապարդյուն անցան: Ես սիրում եմ նրան: Չգիտեմ, արդյո՞ք խենթ կթվամ, եթե ես անեմ առաջին քայլը: Ինձ թվում է, եթե ինչ-որ բան չձեռնարկեմ, նրան կկորցնեմ, իսկ ես դա չեմ ուզում: Ինչպե՞ս վարվեմ: Նունե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Սիրելի Նունե. դու իսկապես սիրահարվել ես: Բայց ինչ-որ մեկով տարվելը դեռ սեր չէ: Առավել ևս, որ այդ տարվածությունը երկկողմանի չէ: Այո, հաճախ է պատահում, որ վիրավորված ինքնասիրությունը սրացնում է զգացունքներն ու զգացողությունները: Այս պարագայում դու նրա կարիքը գուցեև զգում ես, որովհետև բնության գրկում նրա ընկերակցությունը քեզ անկեղծանալու հնարավորություն է տվել: Այսինքն, դու ուզում ես կողքիդ ունենալ այնպիսի մեկին, ում հետ կարող ես անկաշկանդ լինել և գոնե մի փոքր ուշադրություն ստանալ: Չես կողմնորոշվում` ի՞նքդ կատարես առաջին քայլը: Ո՞րն է լինելու այն: Եթե սիրո խոստովանություն, ապա հազիվ թե ճիշտ լինի, որովհետև ինքդ էլ վստահ չես, թե սիրում ես: Բայց դու «մոռանում» ես ամենակարևորը` ձեզ մտերմացրել է անմիջականությունը: Ուրեմն քեզ ոչ թե պետք է կաշկանդի «առաջին քայլն» անել-չանելու մտավախությունը, այլ պետք է առաջնորդի ձեր բարեկամությունը վերագտնելու հաստատակամությունը: Նախկին ջերմ հարաբերությունները վերահաստատելուց հետո միայն երկուսդ էլ կհասկանաք` սիրո՞ւմ եք իրար... «ԱՎԱՆԳԱՐԴ»