ՔԱՂԴԱՇՏԻ ԼՈՒՍԱՆՑՔՈՒՄ


Հետընտրական իրադարձություններն այնքան կանխատեսելի հունով են ընթանում, որ դժվար էր անգամ պատկերացնելը, թե ընդամենը երկու շաբաթ կպահանջվի քաղաքական կյանքի բնականոն ընթացքը լիովին վերականգնելու համար: Իսկ նման իրավիճակը թեժ ամառ, լավագույն դեպքում, միայն եղանակային իմաստով է խոստանում: Ներքաղաքական մեռյալ սեզոնի համար բավարար հիմքեր արդեն իսկ կան: Այսպես, ամենադժգոհ կողմի` արմատականների եռյակի վերջին հանրահավաքը, որը թեկուզև նույն օրը հրապարակված ԵԱՀԿ դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցի կոշտ, իսկ տվյալ դեպքում ոգևորիչ ազդեցությամբ է°լ ավելի մարդաշատ պետք է դառնար, առաջին հերթին առանձնացավ աննախադեպ սակավամարդությամբ: Արդյունքում` 2003-ից (առնվազն այդ ժամանակներից) կրիտիկական զանգվածի մասին երազող արմատականներն ստիպված են արդարանալ իրենք իրենց ու նաև ուրբաթօրյա հավաքների ամենահետևողական մասնակից- ունկնդիրներին` հիմա էլ համոզելով, թե կարևորը հավաքվածների քանակը չէ… Ավելին, ըստ հռետորների` իշխանափոխության համար պայքարը մեկ հանրահավաքով հաջողության չի կարող հասնել, և դրանք պետք է շարունակվեն մեկ շաբաթ, մեկ ամիս, մեկ տարի կամ էլ միգուցե ընդմիշտ: Կարճ ասած` հեքիաթանման մի բան… Մինչդեռ ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրությունների ալիքը մինչև նախագահական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը պահպանել չի հաջողվելու: Եվ առնվազն ամառային թեժ եռամսյակում քաղաքական պայքարի բոլոր փորձերն անհաջողության են դատապարտված: Չի լուծվելու ոչ միասնական թեկնածուի, ոչ էլ, առավել ևս, իշխանափոխության հանգեցնող որևէ հարց: Նույնիսկ Սահմանադրական դատարան դիմելու պարագայում արմատականները միասնական չեն: Մի մասն ընդամենն իր տրամադրության տակ եղած փաստաթղթերն է փոխանցել դիմումատու գործընկերներին: Դատարան դիմողներն էլ չեն թաքցնում, որ միևնույն է, հաջողության չեն հասնելու, քանի որ դատարանում, թե այլուր, անհնար է ապացուցել բոլոր այն մահացու մեղադրանքները, որոնք անխնա կերպով տարածվում են հանրահավաքներում: Ձևավորվել է նաև դժգոհների մի նոր տեսակ: Սրանք քարոզարշավի օրերին, ինչպես հիշում եք, արդեն ձանձրացրել էին փողոց դուրս գալու մասին իրենց կատաղի սպառնալիքներով: Ու թվում էր, թե մայիստասներկուսի լուսաբացից առաջ արդեն հեղափոխության փոթորիկը սկսված էր լինելու: Կատարվեց հակառակը: Եվ այս մարդիկ արդեն քանի շաբաթ ինքնակամ տեղավորվել են քաղաքական դաշտի լուսանցքում: Օրինաչափ է առաջիկայում նույն տեղում նաև արմատականների հանգրվանելու հեռանկարը: Ինչպես արդեն նշեցինք, եռյակի առաջնորդները նույնիսկ իրենք են խոստովանում, որ ՍԴ-ում ընտրակեղծիքների մասին ցնցող բացահայտումների հավանականությունը զրոյական է: Ասվածն էլ ենթադրում է, որ սպասվող դատավարությունների ընթացքում ուշագրավ տեսարաններ նույնպես չարժե ակնկալել: Բացի այդ, եթե առանձին տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկը մինչև անգամ հազարավոր ձայների տեղաշարժ արձանագրի, ինչի մասին միայն երևակայել կարելի է, միևնույն է, գոյություն ունեցող համապատկերում այն ոչինչ չի կարող փոփոխել: Ասել է թե` ամենահետաքրքիր իրադարձություններն արդեն հետևում են մնացել: