ԿԱՐԳԱՎՈՐՎԱԾ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԻՄԻՏԱՑԻԱ


Հունիսի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում` ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում: Այս է անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից երկուսի` Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) և Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) տարածաշրջան կատարած այցի «արդյունքը»: Սովորաբար նախագահների մակարդակով հանդիպում լինում է այն ժամանակ, երբ սկզբունքային հարցերում կողմերի դիրքորոշումների մոտեցման հնարավորություն է նկատվում: Մինսկի խմբի ներկայացուցիչները Երևանում հավաստում էին, թե հարցերի գերակշիռ մասում կողմերի միջև արդեն համաձայնություն կա: Ընդ որում, մասնավորապես, Յուրի Մերզլյակովն ասում էր, որ ինքը չի ընդունում «նոր առաջարկներ» տերմինը և որ Հայաստանում ու Ադրբեջանում իրենք հակամարտության կարգավորման որոշ սկզբունքներ քննարկելու նպատակով են այցելել տարածաշրջան: «Ավանգարդի» թիվ 16 (10-16 մայիսի) համարում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը («ԼՂՀ-ն և Ադրբեջանի ջղաձգումները»), նկատել էինք, որ ամեն անգամ, երբ համանախագահները հանդես են եկել կարգավորման հերթական առաջարկությամբ, դրանք մերժվել են կամ Ադրբեջանի, կամ Հայաստանի կողմից: Այս անգամ նշենք կարգավորման գործընթա ցում բազմիցս արձանագրված և արդեն օրինաչափության վերածված մեկ այլ երևույթ: Բանն այն է, որ համանախագահներն իրենք են բազմիցս կարևորել, որ գործընթացի արդյունավետությունը պայմանավորված է բանակցությունների գաղտնիությամբ: Սակայն, գրեթե միշտ միջնորդների հետ հանդիպումներին հաջորդել է դրանց ընթացքում կատարած բանակցությունների վերաբերյալ տեղեկատվական արտահոսքը: Այս առումով վերջին այցը նույնպես բացառություն չես համարի: Համենայն դեպս, Բաքվում կայացած հանդիպումների մասին ադրբեջանական վեբ կայքերը շտապեցին փողհարել, թե Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է քննարկման առարկա դառնալ հայկական զորքերի գրաված յոթ շրջաններն Ադրբեջանին վերադարձնելուց հետո: Սա կարելի է համարել ադրբեջանական ագրեսիվ քարոզչության հերթական դրսևորում, չնայած` տարածքների վերադարձման մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է: Այս ամենը, թերևս, կարելի է չքննարկել, անգամ չնկատել: Մասնավորապես, Երևանում համանախագահների մի քանի արտահայտություններ, կարծում ենք, կարող են փոքր ի շատե լույս սփռել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ներկա փուլի, ինչպես նաև միջնորդ երեք պետությունների` ղարաբաղյան հակամարտությանն առնչվող իրական դիրքորոշումների ու նպատակների վրա: Նախ` Բեռնար Ֆասիեն խուսափեց մեկնաբանել Իլհամ Ալիևի ռազմատենչ հայտարարությունները. իրոք, իրավիճակը սրելու ի՞նչ կարիք կա: Այնուհետև Յուրի Մերզլյակովն ընդհանրացրեց` եթե նույնիսկ մեկ հարցում համաձայնություն չկա, հնարավոր չէ ասել, թե ընդհանրապես համաձայնություն գոյություն ունի: «Մենք առաջնորդ վում ենք` կամ ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով»: Դիվանագիտական նրբությամբ արված այս արտահայտությունը, թերևս, կարելի է հասկանալ այսպես. ամենակարևոր, որոշիչ հարցում կողմերի միջև ոչ մի հաձամայնություն չկա: Իհարկե, ինքնանպատակ չէր նկատառումը, թե հունիսին Քոչարյան-Ալիև հանդիպման նույնիսկ հաջող ելքի դեպքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում վերջնական հաշտության պայմանագիրը շուտ չի կազմվի: Ավելին, սպասվող հանդիպման անհաջող ելքի դեպքում հարցի կարգավորումը կհետաձգվի անորոշ ժամանակով. առջևում նախագահի ընտրություններ են, իսկ նոր նախագահի հետ ամեն ինչ հարկ կլինի սկսել զրոյական կետից: Հասկանալի է, որ միջազգային նման բարձր մակարդակներում պատահական, հենց այնպես ոչինչ չի ասվում… Եթե այդպես է, ուրեմն կարելի՞ է ենթադրել, որ, համենայն դեպս, ընթացիկ տարում ոչ մի, այսպես կոչված, կարգավորում չի լինելու… Իսկ եթե մտաբերենք, թե Քի Ուեսթից հետո ինչ էր ասել Քոլին Փաուելը` «Ես այլևս չլսեմ այդ Ղարաբաղի մասին և ընդհանրապես, եկել են երկու նախագահ և ցանկանում են կարգավորել հարցը: Դա երբեք չի լինի, գնացեք և զբաղվեք կարգավորման իմիտացիայի սցենարներով»: Իսկ եթե նրանցից որևէ մեկը փորձի սցենարում նշված ուղուց շեղվել, վերջերս Ռուսաստանն ու ԱՄՆ-ը զգուշացրեցին, թե իրենք խստագույնս կճնշեն նրան, ով կփորձի ուժի դիմել: Ի լրումն այս ամենի, ռուս քաղաքագետները «հուշում» են, թե Ադրբեջանը կարող է ռազմական ճանապարհով հետ բերել տանուլ տվածը, եթե հզոր օդուժ ունենա, իսկ այդպիսի հզորության օդուժ ունեն միայն ԱՄՆ-ը և Ռուսաստանը: Թերևս, իրականում ոչ թե կարգավորման, այլ դրա իմիտացիայի վարկածի օգտին է խոսում այն փաստը, որ համանախագահները եկել էին ոչ լրիվ կազմով. բացակայում էր ամերիկացի Բրայզան, որը (ինչպես նաև երեքից ցանկացածը) չէր բացակայի, եթե այցի արդյունքում իրադրության լուրջ փոփոխություն ակնկալվեր: Ստացվում է` աշխարհն ընդունում է ԼՂՀ դե ֆակտո անկախությունը և պարզապես իրականացնում է կարգավորման իմիտացիայի սցենա՞րը: Այդ դեպքում հարց է առաջանում` ինչո՞ւ աշխարհը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: Սրա պատասխանը նույնպես տալիս են ռուս քաղաքագետները` որովհետև այդ դեպքում տարածաշրջանում կաճի Ռուսաստանի ազդեցությունը: Այս բազմաբովանդակ պատասխանը բազմաթիվ այլ հարցեր էլ է պարունակում` աշխարհաքաղաքական գլոբալ զարգացումներին առնչվող:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ