Այս անգամ էլ «նաղդը թողած` նիսյայի հետևից չեն ընկնելու»


Ըստ շրջանառվող լուրերի` ապագա կառավարությունում երեքական նախարարական պորտֆել է առաջարկվելու ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին: ԲՀԿ-ի պարագայում ամեն ինչ պարզ է. վերջինս չի հրաժարվի կառավարության մաս կազմելուց: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությամբ` լուրջ բանավեճեր են ընթանում ՀՅԴ-ում: Դաշնակցականների մի մասը գտնում է, թե նախարարներ կարելի է «գործուղել» կառավարություն միայն մեկ պայմանով, որ, ինչպես 2003 թ. կազմվի կոալիցիոն կառավարություն և ստորագրվի այդ մասին հուշագիր: Պարզ է, թե ինչից է բխում ՀՅԴ-ի մտահոգությունը: Եթե կառավարությունը ձևավորվի զուտ բանավոր համաձայնության սկզբունքով, ապա 2008-ին` Նախագահի ընտրություններից հետո չի բացառվում, որ իրենց նախարարները պաշտոնանկ արվեն: Կան դաշնակցականներ, ովքեր բոլորովին էլ դեմ չեն ստանալ նախարարական պաշտոններ` նույնիսկ առանց կոալիցիոն հուշագրի ստորագրման: Կուսակցության մեջ կարծիքներ են հնչում նաև այն մասին, որ գուցե առավել նպատակահարմար է ընդհանրապես հրաժարվել գործադիր իշխանության մաս կազմելուց: Սա նույնպես հասկանալի և հեռագնա նպատակներ հետապնդող տեսակետ է: Եթե ՀՅԴ-ն հաստատապես որոշել է ՀՀ նախագահի ընտրություններում հանդես գալ սեփական թեկնածուով, ապա ընդդիմության դերակատարության ստանձնումը վերջիններիս կարող է տալ լրացուցիչ դիվիդենտներ` բողոքավոր ընտրազանգվածի քվեին տիրանալու առումով: Սակայն անցյալի իրողություններն հաշվի առնելով, կարծում ենք` ՀՅԴ-ն հերթական անգամ իրեն «թանկացնելու» փորձերն ավարտելուց հետո կրկին կառաջնորդվի «Նաղդը թողած, նիսյայի հետևից չընկնելու» սկզբունքով և «բաց չի թողնի» իրեն առաջարկված նախարարական պորտֆելները:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ