ԴԱՐԱՎՈՐ ՍԵՐ ԱՌ ՄԱՅՐԵՆԻՆ


Աբաջյանը ութսուն տարեկան է»: Ոչ մեկի ազնիվ զարմանքի վրա սառը ջուր չեմ լցնում (թեև շոգ է` արժե), ես էլ եմ բերան բացում ու ասում. «Վլադիմիր Աբաջյանը էդ ե՞րբ չի եղել ութսուն, որ հիմա չլինի: Ավելին, նա մեր պոեզիայի տարիքին է` օծված վաղնջական ժամանակներում, կնքված միջնադարում, հաստատված 20-րդ դարում, բայց միշտ էլ եղել է էսօրվա սոթլիկ-կոկլիկ ութսուն տարեկան սիրահարը»: Տուրք չտանք օրվա զանգին ու պաշտոնին, շնորհակալ լինենք, որ օր-ժամանակը իր բարեգութ հով-թևի տակ է առել զարմանալի մեր բանասացին, իր զուլալ ակնությունը պահած խոսքի նաղաշների դեսպանին, որը դարավոր զինյալի սեր ունի առ Աստծո բանը, որը, միշտ թվում է, թե ձիավորված` բարի լուր է բերում հազարամյակների ու դարերի խորքից, հենց մեր օրերի հունդ ու ակոսից` հայ պոեզիայի ընտրանին ցորյանի նման հատիկ-հատիկ, սրտի գոլով ընտրելով` այն դարձնելով աբաջյանական դաշտ: Եվ ի¯նչ գեղեցիկ վարգ է մեր աչքերի դեմ` խոհո°ւն, սլացի°կ, լեռնագնա°, վերգնա°, մարդագնա°, հայագնա°: Մեր աչքի առջև ծաղկում է բառը, բուրում է բառը, հույս ու հավատի դուռ է դառնում Աբաջյանի քուրայով բոցված բառը` աղոթքի խունկ պարգևելով հայերենով ապրող-զորացողներին: Ես չեմ ասի, թե Աբաջյանը դերասան է, թեև գիտեմ` նա արտիստ-դերասան է: Նա ավելին է` մայրենիի ուսուցիչ է, հայ գրականության տարածման ռահվիրա` աբաջյանական ինքնատիպ իր դպրոցո°վ, դասո°վ, ժամո°վ: Էստեղ են ասել` ամե°ն, թող Աստված մեր ունեցածը և Աբաջյանի աննվաճ կալվածքը շատ չհամարի: Տասնամյակներ ի վեր մարդը ուղիղ է պահում մշակույթի իր հերկի ակոսը, չի ծռել խոփը, մշակույթի դաշտում խարակ բառը չի մոտեցել մունետիկին: Նա մեր լեզուն, մեր գրականությունը ուսուցանելու ազնիվ ճորտն է` հայրենի հերկը հարստացնելով սրտաբուխ ու զուլալ իր արվեստով: Բառի, պոեզիայի ավիշն ու գինին ինքն է առնում, բայց մեզ է արբեցնում: Նման արվեստից ու արվեստագետից ո՞վ գոհ չի մնա: Խոսքի և գինու չտեսություն չանենք: Դար ու դարեր առաջ են մեր օդաներում մեր գեղջուկները երգել, ասմունքել, հեքիաթել, զրուցել` խոսքկապելով անցածի, օրվա ու վաղվա հետ: Մեր ազնվագույն, բառամույն բանասացին բաժին ընկան և° գյուղական ճամփաներ ու ակումբներ, և° հանդ ու չոլեր, և° հայի կարոտյալ աչք-աշխարհներ, և° շքեղ դահլիճներ` ու նա ամենուր որդին ու զավակը մնաց և° Սունդուկյանի անվան մայր թատրոնի, և° ամեն մի ազնվազարմ, հալալ կաթնակեր բանաստեղծի: 20-րդ դարի երկրորդ կեսը նա դարձրեց իր ազնիվ կալը` կեմելով իր խրձերը, իր խոսքի ջրաղացին հանձնելով իր էրնած ցորենը: Ես թատերագետ չեմ, լեզվաբան չեմ (օ¯, դերասանի, ասմունքողի լեզուն… Հենց Վլադիմիր Աբաջյանի բեմարվեստը… Հազար ողորմի եղբորը` Գևորգ Աբաջյանին, ա¯յ նվիրյալը. փառք Վարսիկ Գրիգորյանին, Լևոն Մութաֆյանին, ոչ քչերին)… Տարիների, տասնամյակների սերը, որ հիացմունքի ափ ունի առ Վարպետը, արտահայտել եմ երկու քառյակով. Ժողովրդականին` Վլադիմիր Աբաջյանին 1. Հազար տարի բացված օրը խոստանում է` մեզ կտանի մի լավ օրի, Հազար տարի մենք էլ գիտենք` եկած օրը խոստանում է` մեզ կտանի մի լավ օրի, Խոստում տված օրվա հույսով էս աշխարհում դար ու դարեր են առհյուսվում, Օր չտեսանք, բայց ասում ենք` եկած օրը խոստանում է, որ մեզ տանի մի լավ օրի: 2. Հազար տարի եկած օրը խոսք է ասում` հույսով ապրենք` վաղը լավ կյանք կլինի, Հազար տարի ձենձենում ենք` հույսով ապրենք` վաղը լավ կյանք կլինի, Մեզ հույս տված օրվա հույսով, մեր հավատով էս աշխարհում մեր պատմությունն ենք առհյուսում, Էլ ճար չունենք` օրվա նման հույս տանք իրար` վաղը լավ օր, վաղը լավ կյանք կլինի: Հավատանք, աբաջյանական արվեստ-դպրոցի սիրելի° երկրպագուներ, աբաջյանասերներ, վաղը լավ օր, վաղը լավ կյանք կլինի հենց Վլադիմիր Աբաջյանի ձայնով, շնչով, նրա հայաշունչ, մեսրոպազանգ բառ ու բանով, միշտ լուռ ու հնչեղ, ազնիվ գոյությամբ: Ու նա` հայոց բառ ու բանի պղնձակոփ Վարպետը ուրիշ աչքերով կնայի մեծացողներին, Սվետլանա Խանումյանին` Նան ջան, կասի, Ժենյա Ավետիսյանին կասի` խանում-խաթուն ջան, ամեն մեկին իր լեզվի հանգի բառը կասի ավելի շատ մտքով ու մտքում մեր մեծերին առած իր լեզվին, իր թևերին, կշարունակի իր դպրոցի ճանապարհը, որը բեմ է ու… կյանք, որը դարավոր սեր է առ մայրենին: Ու եկողները կսիրեն բառի երաժշտին ու սրնգահարին, մեր դարակազմիկ պոեզիայի հավերժական ծառային ու հպարտ տիրոջը, ասմունքի ուրույն վարպետ Վլադիմիր Աբաջյանին: Ու բոլորս կհասկանանք, որ վայելքը վայելողինն է: Ուրախ լինենք, որ դեռ շարունակելու ենք վայելել վայելողին` Վլադիմիր Աբաջյանին: Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ