Հայկական կինոյի փառապսակում


Բեմական տպավորիչ արտաքինը, արտիստական ինքնատիպ խառնվածքը 1942¬ին նրան տարան Մայր թատրոն, որի բեմում մեկ տասնամյակից ավելի հանդես եկավ տարբեր դերակատարումներով£ Զուգահեռ նկարահանվեց կինոյում («Դավիթ Բեկ»-1944, «Անահիտ»-1947, «Ինչու° է աղմկում գետը»-1958) և շուտով հասկացավ, որ այլ առաքելություն է վերապահված իրեն հայ մշակույթում£ Եվ անցյալ դարի 60-ականներից իր կինոնկարներով նշանավորեց պատմական նոր ուղենիշ մեր կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ` խարսխված սկզբնավորման օրից անցած կայացման ճանապարհի ստեղծագործական կենսափորձի անհրաժեշտ կուտակումների պոռթկալու ունակ պոտենցիալի վրա£ Ներառելով ժամանակի ողջ խորհրդային կինեմատոգրաֆի լավագույն նվաճումները, համաշխարհային կինոարվեստի ոճաբանությամբ հարստացած` իր «Բարև, ես եմ» (1965) արդիաշունչ կինոժապա վենով Ֆրունզե Դովլաթյանը մեծապես խթանեց հայկական կինոյի հեղինակության բարձրացմանը, որակական ուշագրավ ալեկոծությանը, որի ուժգնացումը շուտով պիտի ապահովեին Հ. Մալյանն ու Ս. Փարաջանովը, կինոդրամատուրգների և օպերատորների, կոմպոզիտորների և արտիստական հզոր անհատականությունների նոր սերունդը£ Կինոյում արդիական թեմատիկայի պատկերավոր յուրացման հաջորդ քայլը Դովլաթյանի գեղարվեստական ղեկավարությամբ ստեղծված «Սարոյան եղբայրներ» (1968), «Երևանյան օրերի խրոնիկա» (1973) ֆիլմերն էին, որոնցում հերոսների մարդկային նկարագրերի հոգեբանական բացահայտումը շաղկապվում էր հասարակական բարոյաէթիկական հրատապ խնդիրների հետ£ Խաղարկային գեղարվեստական կինոարտադրության որակական մի նոր վերելք ամրագրեցին` պատմահեղափոխական ֆիլմի ժանրը էպիկական լայնամասշտաբ կենսափիլիսոփա յությամբ հարստացնող «Երկունք»¬ը (1977). քնարականությամբ և խորունկ զգացմունքայնությամբ մարդու ներաշխարհի նուրբ լարերը զրնգացնող «Ապրեցեք երկար» (1979) և «Մենավոր ընկուզենի» (1986) կինոպատումները£ Հատկանշական է, որ տաղանդավոր կինոբեմադրիչի բոլոր ստեղծագործություններն էլ համընդհանուր ուշադրության են արժանացել, ամենաբարձր գնահատանքի` հանրապետական ու միութենական պետական մրցանակների, հեղինակավոր միութենական ու միջազգային կինոփառատոների պարգևների` ոսկեզօծելով ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անունն ու գործը հայկական կինոյի փառապսակում£ Հուսանք, որ օրերս նրա անունը կրելու պատիվը ստացած փողոցով անցուդարձող, համակարգչային զարմանահրաշ տեխնիկական հնարքներով հմայված նոր սերունդները, շնորհիվ «Ֆրունզե Դովլաթյան-2007» տարվա շրջանակներում կազմակերպվելիք միջոցառումների, երախտագիտությամբ կպահպանեն ոսկեփայլն այդ դափնետերևի£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ