ՈՒ ՀՆՉԵՑ ԶԱՆԳԸ, ՀՆՉԵՑ ՈՒ ՀՆՉԵՑ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ...


 

«Դպրոցը տաճար է.

հավատով և ակնածանքով պետք է մտնել այդ տաճարը».ասում է Գայանե ՍՈՂՈՄՈՆՅԱՆԸ

Սակավադեպ այն պաշտոնյաներից է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ով անցել է իր ղեկավարած համակարգի բոլոր «կայարաններով»` ուսուցիչ, դպրոցի տնօրեն, այսօր արդեն` վարչության պետ: Ավելին, մանկավարժի կենսագրությունը սկսել է դժվարին այն տարիներին, երբ ցուրտն ու խավարը, շատերի կիսաքաղց վիճակը երեխաներին վանում էր դպրոցից: Բայց նա կարողանում էր իր դասարանում ջերմ մթնոլորտ ստեղծել, աշակերտներին սերմանել մի կտոր հացն ընկերոջ հետ կիսելու բարոյականությունը: Ասել է թե` մասնակիցն է հետխորհրդային հայ դպրոցի անցած ճանապարհի:

Ուսումնական տարեավարտին զրուցելով նրա հետ, փորձեցինք նաև մեր մտահոգությունները կիսել:

- Ինչպե՞ս եք գնահատում մերօրյա դպրոցը: Արդյո՞ք անընդհատ փոփոխվող ուսումնական ծրագրերն ապահովում են լիարժեք կրթություն:

- Քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն իրականացնում է Կրթության և գիտության նախարարության կրթության ռազմավարությունը: Հարափոփոխ մեր կյանքում կրթությունը ևս չի կարող բարեփոխումների չենթարկվել: Բայց դա պետք է շատ զգուշորեն արվի, որովհետև կրթությունը շատ նուրբ օղակ է: Նախ, գործ ունենք երեխաների հետ, որոնց աշխարհընկալումը դպրոցից է սկսվում: Ասել, թե ամեն ինչ լիարժեք է` չափազանցրած կլինենք: Բարեփոխումները շարունակական ընթացք է, և ցանկացած սխալ կարող է անուղղելի լինել: Այնպես որ` շատ զգույշ պետք է լինենք: Բայց նաև որոշակի հաջողություններ անտեսել չենք կարող:

- Խորհրդային դպրոցը բավական կայացած էր. հիմնավոր գիտելիքներ էր տալիս, ճիշտ դաստիարակություն ապահովում: Իհարկե, ժամանակի պահանջով այն պետք է վերակառուցվեր, բայց ոչ թե հիմնիվեր ավիրվեր` ինչն արվեց աններելի անփութությամբ (մեղմ ասած): Ու հիմա տպավորությունն այնպիսին է, որ համակարգի պատասխանատուները ստիպված են շտկել այդ ավերումների հետևանքները: Ամենաաղետալին, սակայն, ձևավորված վերաբերմունքն է Դպրոցի հանդեպ: Բոլորը դպրոցից են գալիս, սիրում են, ջերմ հուշեր պահպանում: Բոլորն ինչ-որ լուսավոր բան տանում են դպրոցից, բայց և գրեթե միաբերան փնովում են դպրոցը: Հասարակության չկայացածությունը ևս կապում են դպրոցի հետ: Դրանում, իհարկե, կա´ ճշմարտության հատիկ. բայց հակառակ ճշմարտությունն էլ կա` հասարակության մեջ առկա հոռի բարքերն էլ դպրոց են մտնում. չէ՞ որ երեխան կլանում ու վերարտադրում է ընտանիքում, բակում, փողոցում տեսածը, էկրաններից և ինտերնետային կայքերից յուրացնում է այն, ինչը դպրոցում չի «դասավանդվում»: Որքանո՞վ է այդ բացասականն անդրադառնում ուսուցման, դաստիարակության վրա:

- Իսկապես, յուրօրինակ փակ շրջան է ստացվում: Ասում են` դպրոցն է ծնել այս իրականությունը, այս հասարակությունը: Բայց դպրոցն էլ հասարակությունից է սերվում: Նույն հասարակության անդամներ են թե´ աշակերտները, թե´ մանկավարժները: Ուրեմն հարց ուղղենք դպրոցը դատափետողներին. ի՞նչ «հումք» եք տալիս կրթօջախներին: Այսօր դպրոցում երկու հասարակարգերի ներկայացուցիչներ կան` խորհրդային և ներկա ժամանակների հոգեբանությունը կրող 2 սերունդ: Առաջինները շատ նման են իրար` միատեսակ մտածող, նույն հոգեվիճակով, հարցերին նույն կերպ մոտեցող:

- Նկատի ունեք հնաո՞ճ:

- Չասենք հնաոճ. պարզապես այն ժամանակներում ձեռք բերածի մասին է խոսքս: Նոր սերնդի ուսուցիչներն էլ զարմանալիորեն տարբեր են մեկը մյուսից: Ես ու իմ գործընկերները ևս ցավով ենք զգում դպրոցի հանդեպ բազմաշերտ մեր հասարակության ոչ այնքան դրական վերաբերմունքը:

- Ուզում եմ փարատել Ձեր վիրավորանքը, որովհետև բոլոր համակարգերի հանդեպ էլ առկա է միմիայն փնովելու, դատափետելու մարմաջը:

- Ոչնչով չգոհացող այդ մարդկանց կուզենայի հարցնել` ինչո՞ւ: Դիցուք, այսօր մեր դպրոցներում հնչեց Վերջին զանգը: Երեխաները սիրով, հուզմունքով ու խնամքով նախապատրաստվել են դրան. բոլոր սերունդներն են այդպես վարվում: Բայց ապրիլ ամսից արդեն շահարկվում է այսպես կոչված դրամահավաքի թեման: Նախ ասեմ, որ տնօրեններին, ուսուցիչներին խստիվ արգելվել է որևէ դրամահավաք կազմակերպել: Բայց երբ աշակերտներն են որոշում ինչ-որ կերպ նշանավորել իրենց կյանքի շրջադարձային այդ օրը, և ծնողական խորհուրդներն էլ նրանց մենակ չեն թողնում, դա՞ ինչպես և ինչո՞ւ արգելել:

- Ի վերջո, ամեն ընտանիք հիշարժան օրերը, կարևոր իրադարձություններն անուշադրության չի մատնում. նշում է` որոշակի ֆինանսներ հատկացնելով: Դպրոցն էլ ընտանիք է, որի անդամներն ուզում են միասին նշել այդ մեծ իրադարձությունը: Եթե նույնիսկ հաջողվի արգելել` նրանք ինքնուրույն մարդիկ են ու այդժամ էլ կխոսեն իրենց իրավունքները սահմանափակելու մասին: Դա տոն է. տոնը պետք է նվիրել և ոչ թե արգելել:

- Այդպես է, բայց պարզվում է, որ կան նաև չարախոսողներ, երևույթն աղավաղողներ, ովքեր լրատվամիջոցներով նսեմացնում են դպրոցն ու մանկավարժներին: Ի դեպ, որևէ այլ երկրում այս երևույթի հանդեպ այսքան բացահայտ չարակամություն չկա:

- Իմիջիայլոց` այսպես կոչված դրամահավաքի թեմայով բողոքողները որպես կանոն` չեն ներկայանում: Ասում են` «երեխայիս հետ կլարվեն»: Այսինքն` կվռնդե՞ն դպրոցից: Իհարկե` ոչ: Բայց անդրադառնանք այլ խնդրի. որքանո՞վ է ճիշտ` ավագ դասարաններն այլ դպրոցում կուտակելը: Ինչո՞ւ 9-րդցին պիտի ստիպվի հեռանալ իր դասընկերներից, իր ուսուցիչներից` հավելումն ճանապարհային (հաճախ` փոխադրամիջոցներով) դժվարությունները:

- Այդ հարցը շատերին է մտահոգում: Դա նաև խանգարում է ավագ դպրոցի կայացմանը: Երևի քննարկել է պետք: Ավագ դպրոցի ուսումնական ծրագրերի ուղղությամբ էլ անելիքներ ունենք: Դիցուք, պետք է վերացնենք դասուսույցի (ռեպետիտորի) մոտ լրացուցիչ պարապելու անհրաժեշտությունը:

- Դա նախ հոգեբանական իներցիա է դարձել, բացի այդ` 30-36 հոգիանոց դասարանում անհատական աշխատանք, խորը ուսուցում հնարավոր չէ:

- Պետք է հաղթահարենք և այդ իներցիան. ծնողը պետք է հավատա ավագ դպրոցին, աշակերտը պետք է հասկանա, որ այնտեղ ստանում է բուհ ընդունվելու համար անհրաժեշտ բոլոր գիտելիքները:

- Հանդիմանանքով կամ հումորով ենք վերաբերվում այն փաստին, որ բոլոր շրջանավարտները ձգտում են բուհ ընդունվել: Գաղտնիք չէ, որ շատերին միայն դիպլոմն է պետք և ուսանող կոչվելու ձևականությունը: Արդյո՞ք դրա պատճառն այն չէ, որ շրջանավարտը գնալու այլ տեղ չունի: Աշխատանք գտնել չի կարող, իսկ բոլորը չէ, որ վաճառող, մատուցող կամ վարորդ են ուզում դառնալ: Արհեստագործական ուսումնարանները ևս վերացվեցին: Կարծեք դրանց անհրաժեշտությունն էլ չկա:

- Ինչո՞ւ չկա: Մեր ժողովուրդը ճանաչված է եղել նաև իր արհեստավորներով: Այսօր հաճախ դժվարանում են դիցուք վերելակ նորոգող վարպետ գտնել: Ի վերջո, բազմաթիվ այլ արհեստներ կան: Մենք մոռանում ենք, որ 30 հոգիանոց դասարանում ամենաշատը 10-15-ն ունի բարձրագույն կրթություն ստանալու մտավոր ներուժ: Բոլորը բուհեր են գնում, բայց քանի՞սն են ստացած դիպլոմի մասնագիտությամբ աշխատում: Արհեստագործական ուսումնարաններն օպտիմալացվեցին, հատուկենտ գործողներում էլ սովորողների պակաս կա:

- Արդյո՞ք մասնավոր բուհերի առատությունը և գոյությունն ընդհանրապես` չնպաստեցին հոգեբանության աղավաղմանը. գիտելիքն ու հետագա աշխատանքը կարևոր չեն, կարևորը բուհի ուսանող լինելն էլ, վերջում էլ` դիպլոմ ստանալը:

- Մենք կարծես շրջանցել ենք մի կարևոր` մասնագիտական կողմնորոշում առարկայի անհրաժեշտությունը: Տարրական դասարաններից երեխաներին պետք է սովորեցնենք, թե ինչ արհեստներ կան: Նախկինում դպրոցականները քանդակադրոշմներ էին պատրաստում, կարուձև, աղցան պատրաստել էին սովորում, ինչը պիտանի էր` գոնե իրենց ընտանիքների համար: Մի խոսքով` ավագ դպրոցն իր խնդիրներն ունի, հիմնականը` իր: Այդ անցումն արագ պետք է կատարվի: Չմոռանանք` պետության հիմքն է դպրոցը. ուրեմն ուժեղ դպրոց ունեցող պետությունն էլ ուժեղ կլինի: Ու պիտի ընդգծեմ, որ մեր պետությունն անտարբեր չէ դպրոցի հանդեպ: Օրինակ, մայրաքաղաքի 193 դպրոցներից 17-ը միայն ջեռուցում չուներ. այդ հարցն էլ արդեն լուծված է: Վերջին երկու տարում ապահովվել է 162 մանկապարտեզների ջեռուցումը. մինչ այդ դրանք փայտի վառարաններով էին տաքացվում: Ինքնանպատակ չէր նաև նախակրթարաններն անվճար դարձնելը. 30 հազար երեխա այսօր հաճախում է մանկապարտեզ, 6-7 հազարն էլ հերթագրված են:

- Ծանրաբեռնվածությո՞ւնն է խանգարում: Ժամանակին շատ մանկապարտեզներ ևս «օպտիմալացվեցին»` շենքերը վաճառելով կամ վարձակալության հանձնելով:

- Հիմա հետ ենք վերադարձնում վարձակալության տրված այդ տարածքները: Երևանի քաղաքապետարանն` իր միջոցներով, մանկապարտեզներն իրենց տնտեսումների հաշվին վերանորոգում են շենքերն ու խմբասենյակները: Անվճար դառնալուց հետո 8000 երեխա ենք ընդունել: Այս թվերն ինձ շատ ուրախացնում են մեկ այլ առումով ևս. մեր երկրում աճում է ծնելիությունը: Ասել է թե` երիտասարդները հավատում են երկրի ապագային: