Գիտելիք ստանալու գիտակցություն

 


 

Հազարավոր շրջանավարտների համար, իսկապես, վերջին անգամ ղողանջեց դասի կանչող զանգը, որն այդօր երևի ամենաքաղցրալուրն էր: Բայց ուսումնառության խորհրդանիշ զանգը նորից շարունակելու է կանչել սերունդներին: Եվ իհարկե` նրանց կրթելու և դաստիարակելու պատասխանատվությունը ստանձնած մանկավարժներին:

2012-ը եռակի հոբելյանական է Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն, Հանրապետության վաստակավոր մանկավարժ Մարիետա ՄԱՏՂԱՇՅԱՆԻ համար. կրթօջախը բոլորում է հիմնադրման 75, իսկ տնօրինուհին` մանկավարժական գործունեության 35-րդ տարին, որից 20-ը` տնօրենի պաշտոնում:

- Տարին առանձնահատուկ է և այն առումով, որ առաջին անգամ 12-րդ դասարանի շրջանավարտներին ենք ինքնուրույն կյանք ճանապարհում, - ասում է տոնական հուզումը դեռ չթոթափած Մ. Մատղաշյանը:

Առաջին, բայց նաև` վերջին անգամ: Դպրոցը հիմնական է. ասել է թե` այստեղ սովորելու են մինչև 9-րդ դասարան: Բարի համբավ վայելող ուսհաստատությունը շուտով արտաքին նոր շուքով կբացի իր դռները. վերանորոգման արդյունքում է´լ ավելի հարմարավետ ու ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան: Ակամա հարց է ծագում` ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքով 9-րդից հետո երեխան պետք է ստիպվի այլ դպրոց գնալ, որովհետև ավագ դպրոցների քանակն, այսպես ասած` սահմանափակ է: Եվ խոսքը միայն թիվ 8-ի մասին չէ: Փաստորեն աշակերտը ոչ միայն հարազատ դարձած դասընկերներից ու ուսուցիչներից է հեռանում, այլև հաճախ երկար ճանապարհ պետք է կտրի-անցնի` տնից բավական հեռու գտնվող նոր դպրոց հասնելու և վերադառնալու համար:

Այս հարցի պատասխանն իհարկե, տնօրինուհուց չենք ակնկալում. որոշումը կառավարությանն է և ենթակարգությունը խախտել չենք ուզում, բայց նաև շրջանցել չէինք կարող:

- Ո՞րն եք համարում դպրոցի գլխավոր առաքելությունը: Գուցե փոքր-ինչ օտարոտի հնչի, բայց գիտելիքներ, համակողմանի տեղեկատվություն յուրաքանչյուր ոք այսօր կարող է ստանալ ինքնակրթությամբ` համակարգչի օգնությամբ: Այդուհանդերձ, ովևէ մեկը չի էլ մտածում դպրոց չգնալու մասին: Նույնիսկ բուհում սովորելն է կարծեք «պարտադիր» ուսուցում դարձել: Չնայած` շատ սովորողներ ծուլանում են, թերանում...

- Նախևառաջ դպրոցն աշխարհայացք, աշխարհընկալում, գիտելիք ստանալու գիտակցություն պետք է տա, քաղաքացիական դաստիարակություն, հայրենասիրություն: Ի դեպ, այդ ամենի գիտակցումն ու դպրոցասիրությունը հենց վերջին դասարաններում են արթնանում: 9-րդ դասարանցի երեխան դեռևս չի գիտակցում, թե ինքն ինչ է սիրում, ինչպես ու որքան է սիրում:

- Բայց հիմնական դպրոցը փաստորեն զրկվում է այդ գիտակցությունը խորացնելու, իր «հունցած խմորին» ձև ու կերպ տալու հնարավորությունից:

- Այդպես է, ու ես դա ցավով եմ արձանագրում: Մեր դպրոցը մեծ ներուժ ունի` հրաշալի մանկավարժական կազմ, հարուստ գրադարան, հոյակապ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն... Մի խոսքով` անհրաժեշտ բոլոր պայմանները` ավագ դպրոց լինելու համար: Օրենքն էլ կարծես չի արգելում` նույն շենքում 1-12-րդ դասարաններ ունենալ: Բայց մեր դպրոցը, փաստորեն, այսուհետ ավագ դասարաններ չի ունենալու:

- Նախկինում ռուսական դպրոցն այսօր ռուսերենի խորացմամբ կրթօջախ է. արդյո՞ք այլ ավագ դպրոցում չեն տուժի այստեղ հաղորդած գիտելիքները:

- Այն արդյունքը, որին հասնում էինք արդեն ավարտական դասարաններում, ի չիք է դառնում. այդ առումով կրթությունը թերի է մնում: Ես չեմ կասկածում, որ ուրիշ դպրոցներում ևս ուսուցման բարձր մակարդակ է ապահովվում, բայց ռուսերենի խորացած ուսուցումը շարունակող ավագ դպրոց կարծեմ` չունենք: Բացի այդ, մեր դպրոցում այսօր կա 11 ինտերակտիվ դասասենյակ: Այն միակն է հանրապետությունում, որն ունի տեսակոնֆերանսային կապ. հնարավորություն` շփվելու, վարպետության դասեր, փորձի փոխանակում անցկացնելու, վիկտորինաներ կազմակերպելու...

- Մեր հասարակությունը վատառողջ է, և դրա համար բոլորը միաբերան դպրոցին են մեղադրում. նույնիսկ ծնողն իր երեխայի վատ դաստիարակության համար դպրոցից է դժգոհում: Ի՞նչ պետք է արվի, որը չի արվում կամ չի հաջողվում` որպեսզի առողջ, լիարժեք հասարակություն ունենանք:

- Դպրոցն անում է առավելագույնը: Բայց այստեղ 6 ժամ մնալուց ու այդ ընթացքում անցանկալի շատ ազդեցություններից մաքրվելուց հետո, երեխան նորից գնում է բակ, փողոց, մուտք է գործում ինտերնետի խայտառակ էջեր, հեռուստատեսությամբ չգիտես թե ինչ ֆիլմեր է դիտում, ինչպիսի անպարկեշտ ամսագրեր նայում... Այսօր դպրոցն աշխատում է «ի հեճուկս» այդ ամենի: Հավատացեք, դպրոցն անում է նույնիսկ աներևակայելին, բայց հասարակությունը չի ուզում դա նկատել, հասկանալ ու գնահատել: Սկզբում ես ահավոր ցավ էի ապրում այդ վերաբերմունքից, հետո սկսեցի զարմանալ, հիմա արդեն ուշադրություն չեմ դարձնում: Մենք բարեխղճորեն մեր մասնագիտական և ծնողի հոգատարությամբ մեր մարդկային պարտքը կատարում ենք: Ուրեմն խնդիրը հասարակությանն է, որը կարող է այդքան անշնորհակալ լինել` չտեսնել, չգնահատել: Գնահատելու ունակությունը և երախտագիտության զգացումն առողջ հոգեբանության բաղկացուցիչներն են:

- Այդուհանդերձ` չեք հիասթափվում, շարունակում եք նվիրված մնալ մանկավարժությանը:

- Ես շատ եմ սիրում դպրոցը. դրանից ավելի կարևոր բան աշխարհում ինձ համար չկա: Երբեմն նույնիսկ մտածում եմ` գուցե ինչ-որ շարժում ձեռնարկենք, նախաձեռնություն հանդես բերենք` հասարակության ուշադրությունը հրավիրելու հենց իր ներսում առկա այն խնդիրների վրա, որոնք նաև դպրոցին են խանգարում: Այլ օրինակներ չփնտրենք. հենց մեր դպրոցի ու «Վերջին զանգի» օրինակով անդրադառնանք բոլորիս համար վիրավորական այն ասեկոսեներին, որոնք նաև մամուլն է տարփողում` առանց խորանալու խնդրի էության մեջ: Այսօր տոնական օր է. շպարված կամ արտառոց, շքեղ հագուստով որևէ աշակերտ տեսա՞ք: Բոլորն էլ աշակերտական համազգեստով են: Կամ, ուսուցիչներին շրջանավարտները հուշանվերներ տվեցին:

- Ի դեպ` բավական սիրով էին ընտրված դրանք ու շատ խորիմաստ` դելֆինի պատկերներով:

- Կարծում եմ նկատեցիք, որ մեծ գումարներ չեն պահանջվել: Բացի այդ, երեխաները ցանկանում են որևէ հիշատակ թողնել: Դպրոցից դուրս նույն աշակերտներն ու նրանց ծնողները հարազատներին, ընկերներին նվերներ չե՞ն տալիս: Ի՞նչ սարսափելի բան կա նրանում, որ ուսուցիչն է հուշանվեր ստանում: Դուք տեսաք նաև բեմը. զարդարված էր, բայց դրա համար գումար չի հավաքվել: Ինչ վերաբերում է ավարտական երեկոներին` դա արդեն աշակերտների ու ծնողների խնդիրն է` որտեղ և ինչ ձևով նշել կամ ընդհանրապես նշե՞լ, թե՞ ոչ:

- Իսկապես, մեզանում այդ խնդիրը չափազանց ուռճացվում է` ստվերելով այն հսկա ջանքերը, որ նվիրաբերվում է մատաղ սերնդին: Եվ ամենատհաճն այն է, որ այդ թեմայով դժգոհ որևէ ծնող ներկայանալ, ստիպողաբար փող պահանջող կոնկրետ որևէ մեկ անուն չի նշում: Այդպիսի հոգեբանությունը ևս հասարակության տկարության «պտուղներից» է: