«Թույլ տվեք հպարտանալ ձեզնով»


 

Վերջին զանգի ղողանջները կրկին ազդարարեցին նոր ճանապարհի մեկնարկը: Ու եթե շատերի համար այդ ճանապարհը անհայտ է` անորոշությամբ պարուրված, ապա 3 տարի զինվորական գործը, ռազմարվեստի գաղտնիքներն ուսումնասիրող այս պատանիների համար արդեն հստակ է անցնելիք ուղին: Դա զինվորականի ճանապարհն է` իր դժվարություններով ու փորձություններով, անչափ պատասխանատու և պատվաբեր: Եվ այս իրողությունը լավագույնս գիտակցում են ֆիզիկական կոփվածություն ստացած, խոչընդոտներից չերկնչող այս պատանիները: Պատահական չէ նրանց հպարտությունը. արդեն 18 տարվա պատմություն ունեցող ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի այս տարվա շրջանավարտներից շատերը պատիվ են ունեցել մասնակցել ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին, ՀՀ Զինված ուժերի 20-րդ տարեդարձի հոբելյանական միջոցառումներին: 84 շրջանավարտներից 82-ը պատրաստվում է ուսումը շարունակել հայաստանյան կամ օտարերկրյա ռազմական ուսհաստատություններում` կյանքը մեկընդմիշտ կապելով զինվորական ծառայությանը:

- Վստահեցնում ենք, որ քաջության և արիության օրհնանք դարձած Մոնթե Մելքոնյանի արյունը հոսում է մեր երակներում: Պարտադրված ենք Հայոց երկրի հավերժության խորհուրդը մեր ուսերին առնել և պատվով փոխանցել մեզնից կրտսերներին,- շրջանավարտներից մեկի խոսքերն են` արտասանված բոլորի անունից: Խոսքեր, որ վստահություն են ներշնչում` վաղը ևս մեր սահմանները հուսալիորեն պաշտպանված կլինեն:

Օրինաչափ էր նաև այն մեծ պատասխանատվությունն ու անթաքույց հպարտությունը, որով պատանիներն իրենց հմտություններն էին ներկայացնում Արցախի հերոսներ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, գեներալ- մայոր Արկադի Տեր- Թադևոսյանի, բարձրաստիճան այլ զինվորականների ուշադրությանը: Իսկ նախարար Սեյրան Օհանյանի ողջույնի խոսքերն ինչպես միշտ անկեղծ էին և գոտեպնդող.

- Հերթական այս սերունդը հարստացնում է ռազմամարզական վարժարանի պատմությունը: Պատմություն, որ սկսվել է դեռ պատերազմական ժամանակաշրջանում: Եվ բազմաթիվ փորձություններ հաղթահարելով` վարժարանն իրականացրել է իր խնդիրները: Այն կրում է լեգենդար Մոնթեի անունը, և նրա շրջանավարտները փորձում են նմանվել հերոսին, լինել նրա նման համեստ, մարդկային վսեմ հատկանիշներով ու զինվորական հմտություններով օժտված անհատականություն: Այս վարժարանը տվել է շուրջ 1000 շրջանավարտներ: Նրանցից շատերն այսօր զորամասերի հրամանատարների, նրանց տեղակալների, ստորաբաժանումների հրամանատարների պաշտոններում են իրենց ծառայությունն անցկացնում և իրենց փորձով նպաստում են մեր բանակի մարտունակությանը: Դուք պետք է նմանվեք մեր հերոսներին, ովքեր Արցախյան գոյապայքարում ապահովեցին մեր հաղթանակը, մեր հայրենիքի, ժողովրդի ազատությունն ու անկախությունը: Այստեղ մեր կողքին կանգնած է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` լեգենդար Կոմանդոսը, ով մեկն է այդ մարդկանցից: Եվ մենք բոլորս պետք է փորձենք նմանվել Մոնթեին, Կոմանդոսին, Վազգեն Սարգսյանին և այն բոլոր հերոսներին, ովքեր կերտել են այսօրվա խաղաղ արարումը… Թույլ տվեք` այսօր հպարտանալ ձեզնով: Թույլ տվեք, որ մեր հպարտությունը շարունակական լինի:

Նոր ճանապարհ ելնող վաղվա զինվորականների համար անգնահատելի են նախարարի պատգամները.

- Կյանքի մեծ ճանապարհին ձեզ մեծ փորձություններ են սպասում: Հեշտ չի լինելու զինվորական ծառայությունը: Սպայի մասնագիտությունը հերոսական մասնագիտություն է: Սպաներն են, որ համախմբում են և հաղթանակներ են կերտում: Փառք Աստծո, այսօր խաղաղ պայմաններում ենք ծառայում: Խաղաղություն, որ ապահովում են մեր Զինված ուժերը: Միջազգային երաշխիքները չեն, որ առաջին հերթին ստիպում են մեր հակառակորդին զերծ մնալ ոտնձգություններից: Դա սպայի և զինվորի անհատական պատրաստությունն է, ստորաբաժանումների խմբվածությունը, նրանց ներդաշնակությունը, որ ստիպում է հակառակորդին զերծ մնալ ռազմական ոտնձգություններից, որովհետև գիտի` մեր բանակը մարտունակ է և պատրաստ է ապահովել մեր ժողովրդի խաղաղությունը:

Անկեղծ ու ջերմ էին նաև վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանի խոսքերը.

- Բոլորովին անփորձ, ընտանիքից հեռու դուք եկաք վարժարան և այստեղ անցաք շատ փորձությունների միջով: Եղաք առաջիններն, ովքեր եռամյա կրթություն ու դաստիարակություն ստացան մեր վարժարանում: Այստեղ հասունացաք, ձեռք բերեցիք գիտելիքներ, պատվով ու կարգապահությամբ հաղթահարեցիք ձեր առջև դրված խնդիրները: Սովորեցիք ապրել զորանոցային պայմաններում, ուրախանալ ընկերոջ հաջողություններով և տխրել բացթողումներով, կոփվեցիք մարմնով և հոգով: Արեցիք ավելին, որպեսզի Հայոց հաղթանակած բանակի սպա դառնալու ձեր երազանքն իրականանա: Մաղթում եմ նորանոր հաջողություններ, թող կյանքը նոր դռներ բացի ձեր առջև, իսկ հայրենի հողի վրա ապրելու իրավունքը ձեր վարքագծով և քայլերով վաստակեք:

Ասվածն ավելի իրատեսական ու հավատընծա է թվում, երբ լսում ենք նաև վաղվա զինվորականներին.

- Ամեն ինչ կանեմ, որ ընդունվեմ ռազմական ուսհաստատություն և համալրեմ Զինված ուժերի շարքերը: Սպա դառնալու համար մեծ հայրենասիրություն է անհրաժեշտ, ուժեղ կամք` այդ ուղին ընտրելու համար, քանի որ դժվարին փորձությունները շատ կլինեն: Իսկ դժվարությունները հաղթահարելու կամքը դաստիարակվել է հենց մեր վարժարանում: Սպա լինելը մեծագույն պատիվ է ինձ համար- ասում է Դավիթ Վռոնան` վարժարանի` ազգությամբ լեհ շրջանավարտը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ