ՔԼԻՆԹՈՆԸ ԳԱԼԻՍ Է ՀԱՅԱՍՏԱՆ


 

Վաղը` մայիսի 31-ին, Հիլարի Քլինթոնը ժամանում է Երևան: Իհարկե, ԱՄՆ պետքարտուղարը միայն Հայաստան չի գալիս, պարզապես տարածաշրջանային իր այցելությունները սկսում է Հայաստանից, որպեսզի հետո այցելի Ադրբեջան, Վրաստան, ապա Թուրքիա:

Ընտրված աշխարհագրությունը արդեն իսկ հուշում է, որ բարձրաստիճան պաշտոնյան որոշակի աշխարհաքաղաքական խնդիրներով է գալիս` հետևելով այն զարգացումներին, որոնք արձանագրվում են վերջին շրջանում: Վրաստան այցի պատճառները կարող են ենթադրելի լինել ի սկզբանե. այդ երկրի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիրներ, Ռուսաստան-Վրաստան հարաբերություններ:

Տիկին Քլինթոնը կփորձի նաև մխիթարել Վրաստանին` բացատրելով ՆԱՏՕ-ի անդամակցության հարցի սառեցման պատճառները: Բայց ահա Հայաստանի դեպքում պետք է ենթադրել, որ բավական շատ են «ստորջրյա» խնդիրները, որոնք էլ ԱՄՆ պետքարտուղարին մղել են` հայացք հառել Երևանին:

Վերջին շրջանում Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը բացահայտ մեղադրանքներ է հնչեցնում Օբամայի վարչակարգի հասցեին, հայտարարում, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում այդ երկիրը սկսել է ակնհայտ կողմնակալությանը տուրք տալ և պաշտպանել Բաքվի դիրքորոշումները: Ասվածի լավագույն օրինակը Չիկագոյի վեհաժողովում ստորագրված հայտարարությունն էր, որտեղ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները կարգավորումը տեսնում էին… Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Սա արդեն խոսում է Օբամայի վարչակարգի ակնհայտ կաշառվածության և սուբյեկտիվիզմի մասին:

Առկա է նաև հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, որոնց սառեցմամբ «ճարտարապետ» Հիլարի Քլինթոնն, ըստ էության, գրանցել է իր դիվանագիտական պարտություններից մեկը: Աբդուլլահ Գյուլին ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ գլխավոր քարտուղար դարձնելու հեռանկարը Հիլարի Քլինթոնը ցանկանում է օգտագործել այս համաձայնագրերի ստորագրման համատեքստում, հորդորել Հայաստանին` վերսկսել բանակցությունները` հուսալով, որ Թուրքիան ստիպված կլինի բացել սահմանը: Չի բացառվում, որ պետքարտուղարը հերթական անգամ անդրադառնա «փոխզիջումների» թեմային. մանավանդ որ վերջին շրջանում ամերիկյան լրատվամիջոցներում իշխանական վերլուծաբանները սկսել են հաճախ խոսել պատերազմի վտանգի և այն մասին, թե Հայաստանը բռնագրավել է Լեռնային Ղարաբաղն ու ադրբեջանական յոթ շրջան: Հասկանալի է, որ բոլոր վերլուծություններն ուղղորդվում են Սպիտակ տնից, որ Օբաման խոստումներ է տվել Ադրբեջանի նախագահին…

Չենք բացառում, որ տիկին Քլինթոնը կխոսի նաև շանտաժի լեզվով, որովհետև ամերիկյան իշխանությունների գլխավոր զենքը միշտ շանտաժն է եղել, որին էլ հաջորդել են տարածաշրջանային խառնակությունների հրահրումները: Հին ու մաշված մեթոդներ են, բայց որոնք, պարզվում է, դեռևս կենսունակ են:

Ոմանք պնդում են, որ իր այցի ժամանակ Հիլարի Քլինթոնը նաև կքաջալերի հայաստանյան իշխանություններին, կջատագովի նրանց ջանքերը դեպի Եվրոպա տարվող քաղաքականության հարցում` այսպես փորձելով հեռացնել Հայաստանը Ռուսաստանից:

Ռուսաստանն, իհարկե, Չիկագոյի վեհաժողովում միացավ հայտարարությանը, ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն հազիվ թե այդ պետության համար հակափաստարկ չլինի: Ստորագրելով մի հայտարարության տակ, որը նաև պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուսաստանը, փաստորեն, իրեն դրեց ծանր կացության մեջ, քանի որ Հարավային Օսիայի և Աբխազիայի անջատողական շարժումների հիմքում հենց Ռուսաստանն է կանգնած, և Մոսկվան է ճանաչել այդ երկրների անկախությունը:

Անկախ այն ամենից, թե ինչ խոսակցություն կծավալվի Հիլարի Քլինթոնի և նախագահ Սերժ Սարգսյանի միջև, ակնհայտ է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության «վեկտորը» փոխվում է: Այսօր կարևորվում է նաև Հայաստանը, որի դերակատարության ակտիվացումը բխում է նաև ԱՄՆ շահերից: Հետևաբար, պատմական պահն է, որպեսզի Հայաստանը հանդես գա ոչ թե լուռ ունկնդրողի, այլ հարցեր ու պահանջներ առաջադրողի դիրքերից: Հենց նման պահվածքը արևմտյան տերություններին կստիպի փոխել վերաբերմունքը Հայաստանի հանդեպ և սկսել մի նոր ռազմավարություն, որտեղ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շահերը կլինեն գերակա:

Նաև ժամանակն է, որպեսզի հատկապես ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ Հայաստանը հրամայաբար առաջ քաշի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը, որովհետև մոտ քսան տարի այդ երկրների պատճառով Հայաստանը հայտնվել է սահմանային և տնտեսական մեկուսացման մեջ, իսկ Արևմուտքը քաջալերում է մի շարք նախագծեր, որոնք խորացնում են մեկուսացումը: Չի կարելի բանակցել մի կողմի հետ, որն աչք է փակում միջազգային նորմերի ոտնահարումների առջև:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ