Հայտարարություն


 

ԱՄՆ Պետքարտուղարության վերջին «զեկույցը» Հայաստանի մասով, կարծում ենք, մտահոգության պատճառ է յուրաքանչյուր հայի համար: Մենք` ԵՊՀ ուսանողներս, լինելով Հայաստանի Հանրապետության խոշորագույն երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ, մեր անհամաձայնությունն ենք հայտնում ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է զեկույցի առաջին մասի «ա» կետին, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

Գտնում ենք, որ նմանատիպ կարևորագույն փաստաթղթերը, և հատկապես Պետքարտուղարության զեկույցը պետք է լինեն անաչառ և չպետք է պարունակեն պատմական փաստերի անճշտություններ ու խեղաթյուրում: Պատմական ոչ մի ժամանակահատվածում, բացի խորհրդային ամբողջատիրության տարիներից, Լեռնային Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում: Հետևաբար ոչ մի իրավական հիմք չկա` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարել ադրբեջանական տարածք: Հավելենք նաև, որ զեկույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության գոտին ներկայացված է որպես ադրբեջանական և հայկական ուժերի կողմից բռնագրավված, ինչը նույնպես կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` հաստատակամորեն հայտարարում ենք, որ մենք պահպանելու ենք մեր պատմական ժառանգությունը և միջազգային կառույցներից պահանջելու ենք արդար և անկողմնակալ գնահատական տալ կատարվող իրադարձություններին:

ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ

ԽՈՐՀՈՒՐԴ