ՉԻԿԱԳՈՆ ՆՈՐ ԲԵՌԼԻՆ ԴԱՐՁԱՎ


 

Հայոց պատմության մեջ առանձնակիորեն է հիշատակվում Բեռլինի կոնֆերանսը, որը Հայոց Հայրիկ Մկրտիչ Խրիմյանի աչքերից արցունքներ քամեց, պարտադրեց Վեհափառին ասել մի արտահայտություն, որը հետագայում թևավոր խոսք դարձավ` մեզ անընդհատ հիշեցնելով «թղթե շերեփի» մասին: Նույն այս «թղթե շերեփի» էֆեկտը ստեղծեցին մեծ ութնյակի անդամ երկրները` օրերս Չիկագոյում հայտարարելով, որ իրենք ճանաչում են Վրաստանի, Հայաստանի, Մոլդովայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Պարզ ու հասկանալի էր, որ մեծ տերությունները հերթական անբարո խաղն էին խաղում` այս անգամ ելնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հաստատած սկզբունքների դեմ, որոնցում Ղարաբաղի խնդրի կարգավորման դրույթներից մեկն էլ ազգերի ինքնորոշման իրավունքն է:

Կուշտ ու ինքնագոհ գերտերությունները հերթական անգամ արհամարհեցին ազգերի ինքնորոշման սկզբունքը` այսպես կարծես հայտարարելով, որ փոքր ազգերն իրավունք չունեն ազատ ապրելու և ինքնուրույնաբար իրենց ճակատագրերը տնօրինելու: Սա մեծապետականության մի նոր դրսևորում է, որի ջատագովներն այս անգամ դարձան իրենց ժողովրդավար կոչող երկրները` ԱՄՆ-ի գլխավորությամբ: Հասկանալի է, որ ազգային միասնական կազմ չունեցող և ուրիշի հայրենիքը բռնազավթած ամերիկացիների համար գոյություն չունեն պատմություն և ազգային ինքնորոշում, գոյություն չունեն լեզվի ինքնության և ազգային անվտանգության հարցեր: Կարևորն իրենց շահերն ու իրենց խնդիրներն են:

Ըստ էության, Չիկագոյում խախտվեցին մի շարք սկզբունքներ, ոտնահարվեց մի ողջ ժողովրդի ապրելու իրավունքը: Բնականաբար, նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի Վեհաժողովին, որը համաշխարհային դիվանագիտության նոր խայտառակությունն ամրագրեց: Վեհաժողովի ընթացքում նախագահ Բարաք Օբաման կես ժամանոց հանդիպում ունեցավ նաև Թուրքիայի նախագահ Գյուլի հետ, որի ընթացքում քննարկվեց նաև, այսպես կոչված, «հայկական հարցը»:

Հայ-թուրքական հարաբերությունների հանդեպ այսօր ԱՄՆ-ը նորից հետաքրքրություն է հանդես բերում, նորից կամենում է ջանքեր գործադրել` բարեկամացնելու այս երկրներին` անպայմանորեն դարձյալ առաջնորդվելով սեփական շահով. Թուրքիա-Հայաստան հնարավոր ալյանսի դեպքում մեծացնել իր ներկայությունը տարածաշրջանում և դուրս մղել Ռուսաստանին: Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկում է Ղարաբաղի խնդրի կարգավորման համատեքստում` ամեն ինչ կապելով իր կրտսեր եղբոր շահերին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին պայմաններից մեկը դիտարկվում է սահմանի բացումը: Մինչդեռ Թուրքիան առևտուր է առաջարկում` Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում, ապա միայն զբաղվել սահմանի բացման հարցերով: Բարաք Օբաման հայ-թուրքական սահմանի բացման համար, մեր տեղեկություններով, Գյուլին մղել է յուրատեսակ տուրևառի: 2014 թվականին Գյուլը դառնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, սակայն մինչ այդ նա պետք է բացի սահմանը` առանց «ղարաբաղյան նախապայմանի»:

Հիմա Օբաման գործարք է առաջարկել, որը չափազանց գայթակղիչ է Գյուլի համար, սակայն արդյո՞ք դա կարող է գայթակղիչ լինել նաև Թուրքիայի և Ադրբեջանի համար: Ահա այն գլխավոր հարցը, որն այս օրերին զբաղեցնում է ինչպես թուրքերին, այնպես էլ արևմտյան շատ ուժերի, որոնք շահագրգռված են` որպեսզի չլինեն փակ սահմաններ: Այսպես Օբաման նաև փորձում է սիրաշահել Հայաստանին, քանի որ Գյուլի` գլխավոր քարտուղար դառնալու դեպքում, Հայաստանը կարող է որոշակի բացասական վերաբերմունք ունենալ և հեռանալ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններից, մինչդեռ սահմանի բացումը կաշառք է Հայաստանին: Ո´չ միայն Հայաստանին: Գյուլը կարող է տարածաշրջանային նոր իրողությունների կողմնակիցը դառնալ, Հարավային Կովկասի երկրներին մղել դեպի ՆԱՏՕ` այդպիսով չեզոքացնելով ռուսական ներկայությունը:

Դժվար է ասել, թե հայ-թուրքական սահմանի բացման առթիվ ինչպիսի արձագանք կլինի Անկարայի, և ինչպես կվերաբերի Ադրբեջանն իր ավագ եղբոր որոշմանը: Ավելին, Թուրքիայում նախագահը չունի լիազորությունների լայն դաշտ, այստեղ ամեն ինչ որոշում է վարչապետը: Ուրեմն, միայն Էրդողանի կամքից է կախված, թե ինչ զարգացում կունենա այս գործընթացը: Իհարկե, սահմանը չբացելու դեպքում հնարավոր է, որ Գյուլի քարտուղարության հարցը չլուծվի: Բայց այս դեպքում կորուստներ կրելու հերթը Թուրքիայինը կլինի: Վստահաբար կարելի է ասել, որ Արևմուտքը Թուրքիային հնարավորություն է տվել, ու Թուրքիան պետք է օգտվի այդ հնարավորությունից: Բայց այստեղ կարող են խնդիրներ առաջանալ Հայաստանի և Ղարաբաղի համար. Արևմուտքը կարող է Հայաստանին պարտադրել հրաժարվել Ղարաբաղի խնդրից` վկայաբերելով սահմանի բացման «փոխզիջումային» տարբերակը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ