Միջանցիկ շքամուտքերի որոգայթում


 

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք խորհրդային տարիներին Մոսկվայում տարածում գտած խարդախության այն տեսակին, երբ որպես «դալալներ» հանդես եկող հանցագործները մեր հայրենակիցներին առաջարկում էին իրենց ծառայությունները: Համաձայնության գալուց հետո կահույք ցանկացողը «գործ դասավորողին» էր հանձնում ամբողջ գումարը, որը քիչ անց խարդախության բաժին էր դառնում, քանի որ «դալալը» գնորդին կանգնեցնելով որևէ միջանցիկ շքամուտքի առջև, մտնում էր ներս և դիմացի դռնով դուրս գալով` անհետանում: Այս համատեքստում ներկայացրել էինք նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնում արձանագրված դեպքը, երբ միամիտ քաղաքացին Ավանում բնակարան գնելու նպատակով Սերգեյ անունով «բրոքերին» էր հանձնել 14.000.000 դրամ և 4.000 ԱՄՆ դոլար, իսկ «բրոքերն» էլ չարաշահելով գնորդի վստահությունը, իրեն տրված գումարով մտել էր շենքերից մեկի մուտքն ու մոսկովյան «դալալների» պես ճողոպրել էր ետնամուտքով:

Հրապարակումից հետո ուսումնասիրելով ոստիկանության օպերատիվ ամփոփագրերը` մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ խարդախության այդ տեսակը այսօր էլ ծաղկում է ապրում: Ներկայացնենք մի քանի դեպք, որոնցով անցնող խարդախները տուժողներին, որպես կանոն, խնդրել են մի քանի րոպե սպասել շքամուտքերի առջև, որոնք, ինչպես հետո է պարզվել, եղել են միջանցիկ…

Ոմն Կարեն Լուսինե Մ.-ին ներկայանալով որպես Դավիթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանատեր, նշված բնակարանը վաճառելու պատրվակով նրա հետ գնացել է Նոր Նորքի Գայի պողոտայի թիվ 1/1 շենքի բակ` իբր ծանոթին վերադարձնելու պարտքն ու նրանից հետ վերցնելու անձնագիրը: Այդ պատճառաբանությամբ Կարենը Լուսինեից վերցրել է 15.000 եվրո և 1.900 ԱՄՆ դոլար ու մտել շքամուտք` Լուսինե Մ.-ին թողնելով դրսում: Ու այլևս չի վերադարձել…

Նույն սցենարով` Դավիթ անունով ոմն «բրոքեր» խաբեությամբ ներկայացել է որպես Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակարաններից մեկի սեփականատեր: Այդ բնակարանն իբր Գագիկ Ե.-ին վաճառելու նպատակով, նախորդ հանցադրվագի նույն հասցեում` Գայի պողոտայի 1/1 շենքի բակում, վերցրել է 20.000 ԱՄՆ դոլար, ապա նույն շենքում բնակվող, իրեն պարտք տված անձից անձնագիրը վերցնելու պատրվակով մտել է շքամուտք և աննկատ հեռացել…

Մեկ այլ դեպքում, այս անգամ ոմն Ռոլանդ, դարձյալ Գայի պողոտայի 1/1 շենքի բակում, իբր իրեն պատկանող` Երևան քաղաքի Էստոնական փողոցի 11 շենքում գտնվող բնակարանը Հակոբ Կ.-ին վաճառելու պատրվակով վերցրել է 30.000 ԱՄՆ դոլար և նույն շենքում բնակվող, տոկոսով գումար տվող անձից իբր թե իր անձնագիրը հետ վերցնելու համար մտել է շքամուտք և աննկատ հեռացել` խարդախությամբ տիրանալով նշված գումարին:

Խարդախության այսօրինակ ձևերն անսպառ են, սակայն տվյալ դեպքերում խաբեբաները գործել են հստակ սցենարով: Մեկ այլ դեպքով էլ տուժել է Մարիա Գ.-ն: Չարաշահելով վերջինիս վստահությունը` ոմն Պետրոս ներկայացել է որպես Երևանի Բաշինջաղյան փողոցի 165 շենքի մի բնակարանի սեփականատեր և հիշյալ բնակարանը վաճառելու պատրվակով Մարիայից խաբեությամբ Մոլդովական փողոցի մի շենքի բակում վերցրել է 20.000 ԱՄՆ դոլար և միջանցիկ շքամուտքով աննկատ հեռացել…

Ապրիլի 12-ին հերթական գործարքն է արձանագրվել մեզ արդեն քաջածանոթ Գայի պողոտայի 1/1 շենքի բակում. ոմն Գևորգ, խաբությամբ ներկայանալով որպես երևանյան բնակարաններից մեկի սեփականատեր, Գեղամ Ս.-ին այն «վաճառելու» պատրվակով շորթել է 42.000 ԱՄՆ դոլար, ապա արդեն ծանոթ պատճառաբանությամբ շենքի «պահեստային» մուտքով ճողոպրել:

Քննության ընթացքում պարզվել է, որ հանցագործությունների մեխանիզմը նույնն է:

Նշված բոլոր դեպքերով տուժողների և վկաների բանավոր նկարագրության հիման վրա կազմվել են հանցագործների սուբյեկտիվ դիմանկարները:

Նշված անձանց գործողություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի կամ մոտակա բաժին: