ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒ ԼԻՆԵԼԸ ՊԱՏՎԱԲԵՐ Է Գիտակցում են տնտեսավարողները


Տնտեսվարող սուբյեկտների հարկային և այլ պարտավորությունների ճշգրիտ ու ժամանակին կատարման հարցում Հանրապետության նոր ղեկավարության մոտեցումները նկատելիորեն առանձնանում են նախորդներից: Անկախ հնարավորություններից և շրջանառության ծավալներից` տրամաբանական չէ տնտեսավարողներին լիարժեքորեն օրինական դաշտ տեղափոխելը իշխանության հետընտրական դիրքորոշումների կոշտացմամբ պայմանավորելը: Այս հարցում որևէ կառավարություն առանձնակի բարյացկամությամբ չի փայլել, սակայն օրենքներն այդպես էլ թղթի վրա չթողնելու գործուն ջանքեր, ինչպես տեսնում ենք, հատկապես նորերս ձևավորված կառավարությունն է փորձում գործի դնել: Հանգամանք, որն ամենայն որոշակիությամբ արտացոլված է եղել նաև իշխանության եկած ուժի նախընտրական ծրագրերում: Մյուս կողմից էլ, կառավարության հաստատակամության հետ մեկտեղ որևէ տնտեսվարող գոնե հրապարակավ չի հրաժարվում պետության առաջ ունեցած պարտավորություներից: Այլ հարց է, որ վերջին տարիներին մոդայիկ դարձած առաջատար հարկատուների հարյուրյակների ցանկերի հրապարակումները, շատերի դեպքում` ոգևորող ցուցանիշներ արձանագրելով հանդերձ, հաճախ նաև հակառակ եզրահանգումներ անելու առիթ են տալիս: Իսկ մինչ այդ դժվար է շրջանցել նախորդ շաբաթ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած տոնավաճառների մի քանի հարյուր աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիան` ուղղված մաքսային վճարների բարձրացման դեմ: Ներմուծվող հագուստի և կոշկեղենի դիմաց մաքսային պետական կոմիտեի կողմից գանձվող վճարների կտրուկ բարձրացումը, իսկ ավելի կոնկրետ` կիլոգրամի դիմաց 3-ի փոխարեն նախատեսվող 8 դոլարի գանձումը, այս դեպքում արդեն իսկապես ինքնաբուխ դժգոհության ալիք է բարձրացրել երևանյան տոնավաճառների աշխատակիցների շրջանում: Այս ընթացքում էլ հենց պարզվեց, որ ապրանքների մաքսազերծման գործում մինչ այդ խիստ անորոշ ինչ-որ մոտեցումներ են կիրառվել: Ստեղծված շիլաշփոթն էլ որոշվել է հաղթահարել վճարների բարձրացմամբ… Անակնկալ այս մոտեցումն անշուշտ ոլորտը կարգավորելու լավագույն տարբերակը չէ` մանավանդ եթե հավատալու լինենք առևտրի ծավալների աստիճանական նվազման վերաբերյալ վաճառականների պնդումներին: Գործարարության մանր և միջին օղակներն զբաղեցնող հատվածին իհարկե չպետք է շրջանցել, սակայն հատկապես նրանց վրա հիմնվելու նախկին պրակտիկայով լրջագույն արդյունք արձանագրել հնարավոր չէ: Տոնավաճառների թեման շարունակելով` հարկ է արձանագրել, որ դրանք հազվադեպ են հայտնվում խոշոր հարկատուների ցուցակում: Հակառակ առանձին տաղավարներ զբաղեցնող վաճառականների հանդեպ վարչարարության խստացմանը` ամբողջ շուկայի շրջանառության արձանագրումն ու ավելի թափանցիկ հարկային մեխանիզմների կիրառումը որոշակի լուծում դեռևս չունի: Մինչդեռ խնդրի հստակեցումը հնարավոր կդարձնի հատկապես խոշոր շուկաների անունները հարկատուների առաջին հորիզոնականներում տեսնել: Վաղուց արդեն նույնը կարելի էր ակնկալել նաև շինանյութ` մասնավորապես ցեմենտ արտադրող ընկերություններից: Շինարարության բարձր տեմպերի և արտահանման հեռանկարների ֆոնին Մ. Բաղդասարովին պատկանող «Միկա ցեմենտ»-ը տևական ժամանակ անհասկանալիորեն բացակայում էր առաջատարների երեքհարյուրյակից: Ասվածի համեմատ` ներկայիս 190-րդ հորիզոնականը էական առաջընթաց է գրանցել: Մյուս կողմից էլ, եթե ավելի անկեղծ լինենք, այս ընկերությունն «առանց դժվարությունների» իր տեղը կարող էր գոնե պատվավոր հիսնյակում գտնել: Այստեղ ընդամենը անցյալ տարի առաջատար 40-րդ հորիզոնականն էր զբաղեցրել Գ. Ծառուկյանի «Արարատ ցեմենտ»-ը, որն օրեր առաջ հրապարակված ցանկում զգալիորեն նահանջել է մինչև 77-րդ հորիզոնական: Հարկային պետական ծառայության ներկայացրած բազմազան ու հետաքրքիր ցուցակը, հիրավի, երկար կարելի է քննարկել: Ուշագրավ է նաև 8-րդ հորիզոնականն զբաղեցնող պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Սալեքս գրուպ»-ի գրաված` մեր պատկերացմամբ հետին դիրքը: Առաջին եռամսյակում վճարվել է ընդամենը 1,3 միլիարդ դրամ հարկ: Եվ սա այն դեպքում, երբ տնտեսվարող այս սուբյեկտն է տնօրինում առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքների ներմուծման մենաշնորհը: Միայն այս հանգամանքը հուշում է, որ հատկապես վերջին ամիսներին, երբ նշված ապրանքատեսակների գները նկատելիորեն աճել են, և հաճախ է խոսվում անհավասար մրցակցության պայմաններում սննդամթերքի գների նաև արհեստական բարձրացման ու գերշահույթներ ստանալու մասին, «Սալեքս գրուպը» նույնպես դրանցից անմասն մնալ չէր կարող: Իսկ այս ամենի դիմաց 1,3 միլիարդը փոքր գումար է: Կարելի է աշխատել և վճարել առաջատարի` «Ղ-Տելեկոմ» ընկերության օրինակով: Երկամյա այս ընկերությունը նախանձելի ջանասիրությամբ կարողացավ խոշոր հարկատուների առաջին հորիզոնականը զբաղեցնել` ընդ որում նախորդ տարվա համեմատ կրկնապատկելով վճարումները: Ավելին, կազմակերպությունն աստիճանաբար ընդլայնում է նաև բարեգործական ձեռնարկումների շարքը: Հուսանք, որ խոշոր տնտեսավարողներն առաջիկայում կձգտեն ոչ միայն հարկ վճարողների հարյուրյակում հայտնվել, այլ վճարած հարկերի չափով առողջ մրցակցություն ծավալել` պետբյուջեն հարստացնելու ազնիվ մղումով: