ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ


Առանց մեծ ջանքեր գործադրելու էլ կարելի է նկատել, որ Հայաստանը շրջապատված է աշխարհաքաղաքական` օր-օրի ավելի խճճվող թնջուկներով: Շարունակվում ու ժամանակ առ ժամանակ սպառնում է լեզվակռվի սահմաններից դուրս պրծնել ժողովրդավար ԱՄՆ-ի և մեր անմիջական հարևանի` իսլամական ֆունդամենտալիզմի օրրան Իրանի վեճը: Մեր մյուս անմիջական հարևան` Վրաստանը, իր համար շատ վտանգավոր հակադրության մեջ է Ռուսաստանի հետ: Թերևս, փորձագիտական, քաղաքագիտական հատուկ ունակություններ չեն պահանջվում` հասկանալու համար, որ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների սրումը, ըստ էության, Կոսովոյի անկախության հարցում դիրքորոշումների, դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդարձակման ու Արևելյան Եվրոպայում ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման շուրջ Արևմուտքի և Ռուսաստանի վեճի արձագանքն է: Ոչ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը, ոչ էլ դրան հաջորդած` Մոսկվայի հրավերով Բուշի` Սոչի կատարած այցը ի զորու չեղան հարթելու Վաշինգտոնի և Մոսկվայի միջև` ծագած խնդիրները: Բուշի հետ Սոչիում Պուտինի բարեկամական զբոսանքներից շատ չանցած, Մոսկվայում հայտարարեցին, որ իրենք պատրաստ են ճանաչելու Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Իսկ դրանից հետո էլ շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի Աբխազիայի օդային տարածքում խփվի վրացական անօդաչու հետախույզ ինքնաթիռը… Այդպիսին է աշխարհի կարգը: Երկու գերհզորների վեճի արդյունքում, որպես կանոն, տուժում են թույլերը: Քաղաքական փորձագետների դիտարկմամբ, վրաց-ռուսական խնդիրներն այսօր այն աստիճան են սրվել, որ առանց միջնորդ կողմի դրանց հարթումն այլևս անհնար է: Թերևես, կարիք չկա մանրամասնելու, թե Հայաստանի համար կենսական ինչ նշանակություն ունեն վրաց-ռուսական հարաբերությունները: Արդյոք հայկական կոմպլեմենտարիզմը հնարավորություն կընձեռի՞ պաշտոնական Երևանին` վերոհիշյալ միջնորդի դերում հանդես գալու համար: Մի անգամ, ռուս-վրացական խնդիրների հերթական սրման ժամանակ, երբ խաթարվել էին Մոսկվայից Թբիլիսի ինքնաթիռների չվերթները, «Զվարթնոց» օդանավակայանը հաջողութ յամբ իրականացրեց այդ միջնորդական առաքելությունը: Սակայն, այս անգամ խնդիրները ավելի խորն ու սկզբունքային արմատներ ունեն: Առավել ևս, Հայաստանի` ռուս-վրացական կնճռի հարցում միջնորդ հանդես գալուն բոլորովին չեն նպաստում ԵԽ-ում Հայաստանի ունեցած այսօրվա խնդիրները, որոնց ծագման հարցում թեկուզև թաքնված ու միջնորդավորված, բայց, այնուամենայնիվ, իր դերակատարությունն ունի նաև Միացյալ Նահանգները: Ղարաբաղյան հակամարտության հարցում նույնպես հանգիստ օրեր չեն սպասվում, կարծես: Գարնան սկզբին Ադրբեջանի սադրիչ գործողություններն այդ ժամանակ ՀՀ գործող նախագահ Ռ. Քոչարյանին ստիպեցին հայտարարել, թե Բաքվի ռազմատենչ ախորժակը զսպելու համար հնարավոր է` Հայաստանը կամ ճանաչի ԼՂՀ-ն, կամ նրա հետ միջպետական պայմանագիր կնքվի` ագրեսիայի դեպքում ռազմական փոխօգնության մասին: Այս կանխատեսումն այսօր իրականացման փուլում է: Հայաստանի խորհրդարանը երկու օր առաջ ժամանակային իմաստով առայժմ անպատեհ համարեց պաշտոնապես ԼՂՀ ճանաչումը, սակայն ձեռնամուխ եղավ ռազմական փոխօգնության մասին ԱԺ հայտարարության քննարկմանը: Պաշտոնապես ԼՂՀ ճանաչումից այս պահին ձեռնպահ մնալը բացատրվեց Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ Ադրբեջանի հետ բանակցային տրամաբանությանը չխանգարելու մտայնությամբ: Թերև°ս: Իհարկե, մեր բարձրաստիճան այրերը որոշ դեպքերում չեն խուսափում բարձրաձայնել նաև նախահարձակ լինելու անհրաժեշտության մասին: Այսօր արդեն կարելի է մեզանում կարծիքներ լսել, որ հիշյալ խնդիրներում հաճախ տանուլ ենք տալիս: Որպես օրինակ, նշվում է, որ Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացումը հայկական կողմից համարժեք արձագանք չգտավ: Մինչդեռ Հայաստանը գուցեև պարտավոր էր մշակութային հուշարձանների ոչնչացման համար միջազգային դատ սկսել Ադրբեջանի դեմ, սակայն… Այսպիսով, «սակայնների» ու «բայցերի» թիվը մեծ կարող է լինել յուրաքանչյուր դեպքին առանձին անդրադառնալու պարագայում: Աշխարհն ու բարքերը ներկա ժամանակներում շատ արագ են փոխվում: Այդ արագացումնից հետ մնալու արդյունքները տխուր կարող են լինել: Մարտահարվերներին դիմակայելիս հարկավոր է հաշվենկատ և մի քիչ էլ ավելի համարձակ լինել…

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ