ՅԱՆ ԿՈՒԲԻՇ. ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼԻՍ


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐԵԼԻՍ ՊԵՏՔ Է ՀԱՇՎԻ ԱՌՆՎԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ընդունել է այցով Բաքվում գտնվող Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Յան Կուբիշին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպման ժամանակ Է. Մամեդյարովը Յան Կուբիշին տեղեկացրել է ղարաբաղյան հակամարտության մասին: Մամեդյարովը հիշեցրել է, որ մայիսի 6-ին կկայանա իր հանդիպումը Հայաստանի ԱԳՆ ղեկավարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպումից հետո ճեպասուլիսի ժամանակ նշելով, որ ադրբեջանցի գործընկերոջից մանրամասն տեղեկություններ է ստացել ղարաբաղյան հակամարտության մասին, Կուբիշը հայտարարել է, որ այդ խնդրի լուծման ժամանակ պետք է հաշվի առնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: q Հանդիպումը Հայաստանի նոր արտգործնախարարի հետ ճանաչողական բնույթ կկրի: Այս մասին «Թրենդ նյուսին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: «Ես համաձայնություն եմ տվել այդ հանդիպմանը: Կարծում եմ, որ դա կլինի ճանաչողական հանդիպում: Առաջին հերթին, ծանոթությունը ենթադրում է այն, որպեսզի տեսնենք, թե Հայաստանի նոր ղեկավարությունը ինչպես է արձագանքում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- հայտարարել է Մամեդյարովը: «Մենք, իհարկե, հույս ունենք, որ հակամարտության կարգավորման առումով Հայաստանի դիրքորոշումը կլինի ավելի կառուցողական: Իսկ այն ըմբռնումը, որ հարցի լուծումը պետք է տեղի ունենա` ելնելով միջազգային իրավունքի սկզբունքներից, կաճի»,- նկատել է նա: q «Կանխարգելվել է Ադրբեջանի տարածքում սադրանքներ կազմակերպելու Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության ծառայողների փորձը»,- հաղորդում է ԱՊԱ-ն` վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուր: Ըստ գործակալության, հակագործողության արդյունքում ձերբակալվել են խմբի բոլոր չորս անդամները: Փաստի առնչությամբ կատարվում է հետաքննություն: