ԱՐԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ


Այս պարագայում կարծես խուճապային վիճակում է հայտնվել ադրբեջանական դիվանագիտությունը: Նրանց վերջին «նախաձեռնությունը» Մինսկի խմբի համանախագահներից Ֆրանսիայի ներկայացուցչին, Ռումինիայի կամ Լեհաստանի ներկայացուցչով փոխարինելն է: Ըստ երևույթի, նրանք առաջնորդվում են այն տրամաբանությամբ, որ Ռումինյան, բախվելով Տրանսիլվանիայում բնակվող հունգարացիների անկախական շարժմանը, դեմ արտահայտվեց Կոսովոյի անկախությանը: Կոսովոյի անկախության հռչակման փաստը մեզ ավելի շատ հուզում է ոչ թե նախադեպի, այլ այդ իրողությունը ճանաչած գերտերության և նրա դաշնակիցների դրդապատճառների մեկնակետից: ԱՄՆ-ն Կոսովոն ճանաչեց այնտեղ ռազմական բազա տեղադրելու, Իրաքի իրողություններից հետո մահմեդական աշխարհին հաճոյանալու և վերջապես հանրապետական կուսակցության նախընտրական արշավին աջակցելու համար: Մեծ Բրիտանիան Կոսովոյի անկախությունը ճանաչեց` ելնելով ռազմավարական դաշնակցի հետ համերաշխությունից: Եվրոպական մի շարք երկրներ` Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա և այլն, բացի ԱՄՆ-ի հետ համերաշխությունից, մտահոգված են այն փաստով, որ փախստականի կարգավիճակ ունեցող Կոսովոյի ալբանացիները արտոնյալ վիճակով բնակություն են հաստատում իրենց երկրներում: Միայն Շվեյցարիայում նրանք կազմում են բնակչության 10 տոկոսը: Կոսովոյի անկախացման դեպքում Արևմուտքի պետությունները հնարավորություն են ստանում կոսովցի ալբանացիների հետ կնքել կամ լուծարել աշխատանքային պայմանագրերը, ուստիև` վտարել սեփական երկրից: Դիտարկումը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները Ղարաբաղի հարցում որևէ հիմք չունեն` Կոսովոյի հիմնախնդրի լուծման համանման մոտեցում դրսևորելու: Ուստի` համայն հայությունը Ղարաբաղի խնդրի լուծման համար պետք է ապավինի իր հավաքական ուժին և բանականությանը: Առավել ևս, որ Հայաստանը սառը պատերազմի մեջ է Ադրբեջանի և գաղափարաքաղաքական հակադրության Թուրքիայի հետ: Ցանկացած երկրում նոր նախագահի ընտրության պարագայում ծառանում են ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության խնդիրներ: Փորձը ցույց է տալիս, որ, եթե երկրի քաղաքական ղեկավարությունը ընդգծված կողմնորոշվում է դեպի գերտերություններից որևէ մեկը, ապա մյուսներն այն ընդունում են դժկամությամբ: Առանձին գերտերություններ անգամ փորձում են ինչ-որ ձևով աջակցել ընդդիմադիր ուժերին: Արդյո՞ք Հայաստանի ներքաղաքական իրավիճակում նշմարելի չէ «երրորդ» ուժի ներգործութ յունը: Ողջունելի է մեր բարեկամ Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի շարունակաբար ամրապնդումը: Զգալի առաջընթաց է նկատվում կրթության և գիտության ոլորտի համագործակցության մեջ: Այս իմաստով առանձնանում են հանրապետության երկու առաջատար բուհերը` Երևանի պետական և Ռուս-Հայկական /Սլավոնական/ համալսարանները: 2008 թ. փետրվար ամսին ԵՊՀ-ում բացվեց «Ռուսական կենտրոնը»: Կենտրոնի համակարգիչները անմիջականորեն միանում են ռուսական առաջնակարգ գրադարանների էլեկտրոնային համակարգերին, որոնց միջոցով էլ օգտվում են նրանց ընձեռած հնարավորություններից: Այսպիսով ապահովվում է համալսարանականների անվճար մուտքը դեպի ռուսական առաջնակարգ գիտական ոլորտները: Սլավոնական պետհամալսարանը գիտակրթական համատեղ ծրագրեր է իրականացնում ՌԴ-ի առաջատար բուհերի հետ: Ամեն ուսումնական տարի հայ ուսանողները Մոսկվայում դասախոսություններ են լսում և գործնական պարապմունքներ անցկացնում, իրենց հերթին նույն առաքելությունը Ռուս-Հայկական ¥Սլավոնական¤ պետական համալսարանում իրականացնում են ռուս ուսանողները: Նույն հիմունքներով ՌՀՀ առաջատար պրոֆեսորները դասախոսություններ են կարդում Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում, իսկ վերջինիս ճանաչված գիտնականները` ՌՀՀ-ում: Անուրանալի է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատան ջանքերը Հայաստանում ռուսական մշակույթի մասսայականացման, ինչպես նաև Ռուսաստանում հայ գրականության և մշակույթի միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Միաժամանակ ակնկալում ենք մեր հանրապետության արտգործնախարարության և ՌԴ-ում ՀՀ դեսպանության գործունեության ակտիվացումը հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների ոլորտում: Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը 1997թ. օգոստոսին բարեկամության և փոխադարձ օգնության պայմանագիր է կնքել ՌԴ-ի հետ: 2003թ. մայիս ամսից ՀՀ հավաքական անվտանգության կազմակերպության անդամ է, որի գլխավոր երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է: Ըստ այդ պայմանագրերի կողմերից մեկի ռազմական սպառնալիքի պարագայում` մասնակից տերությունները պարտավորվում են ռազմական օգնություն ցույց տալ միմյանց: Հայտնի է, որ ՎՈՒԱՄ-ի անդամ Ադրբեջանը նման փոխադարձ պարտավորություններ ունի այս կազմակերպության անդամների հետ: Կարծում ենք` հայ դիվանագիտության կարևոր առաքելություններից մեկը կլինի այն, որ Ռուսաստանի Դաշնությանը ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների պարագայում համաշխարհային հանրությանը, այդ թվում և Ադրբեջանին, բարձրաձայնի Հայաստանի նկատմամբ իր դաշնակցային պարտավորությունները: Բոլոր պարագաներում Հայաստանի նոր ղեկավարությունը կարծում ենք կշարունակի միջազգային ասպարեզում խելամիտ, հավասարակշռված, սեփական երկրի շահերից բխող արտաքին քաղաքականությունը: Հանրապետության քաղաքական դաշտում ակտիվ դրսևորողները տարբերվում են միմյանցից ոչ միայն ներքին կյանքի խնդիրների լուծման մոտեցումներում, այլև արտաքին քաղաքական խնդիրների գնահատությամբ: Միասնականություն չի նկատվում անգամ ազգային հիմնարար խնդիրների նկատմամբ, լինի դա Ղարաբաղյան հիմնահարցը, թե հայոց եղեռնի միջազգային ճանաչումը: Մինչդեռ Վրաստանում և Ադրբեջանում, անկախ իշխանական թե ընդդիմադիր թևին պատկանելուց, միակարծություն կա առաջին երկրում` Աբխազիայի և Հարավային Օսիայի, իսկ երկրորդում Ղարաբաղյան հիմնախնդրի պարագայում: Անգամ խորհրդային իշխանության տարիներին էլ Վրաստանի և Ադրբեջանի հասարակայնության շրջանում առաջնային էին ազգային արժեքները, քան պրոլետարական ինտերնացիոնալիզմի գաղափարները: Այսպես, 1920-1991թթ. վերը նշված երկրներում մեկ տող անգամ չի գրվել նախախորհրդային շրջանի ղեկավարութ յան և ազգային կուսակցությունների դեմ: (Շարունակելի)