Ադրբեջանական ջարդեր


ԼԵՌՆԱՅԻՆ Ղարաբաղի ժողովրդի` 1988 թ. փետրվարին արտահայտած նախկին կամքը` դուրս գալ Ադրբեջանի կազմից և միավորվել Հայաստանի հետ, ԽՍՀՄ վերակառուցման հեղինակ Մ. Գորբաչովի կողմից որակվեց որպես քայքայիչ օրինակ բազմազգ Խորհրդային Միության համար: Որոշվեց ազգային փոքրամասնություններին դաս տալ «Օղակ» պատժիչ գործողությամբ, որն իրականացվեց 1991 թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 18-ը: «Օղակ» հրեշավոր օպերացիան մշակվել և հաստատվել էր կենտրոնում` Մ. Գորբաչովի կողմից, որի հեղինակն էր Աֆղանստանում նախկին 40-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Բ. Գրոմովը, իսկ անմիջական ղեկավար-իրկանացնողները ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Յ. Շատալինը, Կիրովաբադում (Գյանջայում) տեղակայված (4-րդ բանակի) 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Բուդայկինը. երկուսն էլ` աֆղանական պատերազմի մասնակիցներ: Ի դեպ, նշենք, որ Յ. Շատալինը 1980-ականներին եղել է ԽՍՀՄ 7-րդ բանակի հրամանատարը Հայաստանում: Օպերացիային մասնակցել են տանկային, հրետանային, զրահամեքենային, դեսանտա-գրոհային, մոտոհրաձգային լավագույն ստորաբաժանումները` որսորդական և այլ զենքերով զինված ինքնապաշտպանական ջոկատների դեմ: Օպերացիան սկսվել է Ադրբեջանի հայաբնակ շրջաններում` Շահումյանի (Գետանբոյի), Խանլարի, Դաշքեսանի, Շամխորի բնակավայրերում, որտեղ երկու շաբաթվա ընթացքում ամբողջովին ավերվել և հայաթափվել են տասնյակ գյուղեր, պապենական հարազատ հողերը ողողվել են արյունով և արցունքներով` անմեղ երեխաների, կանանց և ծերերի: 1991 թ. հունվարից մինչև հոկտեմբերը Լեռնային Ղարաբաղում մոտավոր հաշվարկներով տանջամահ են արվել և սպանվել 145, վիրավորվել 250, պատանդ վերցվել մոտ 500 մարդ, քշել տարել են 6.400 ավելի խոշոր և մանր եղջերավոր անասուններ, թալանվել և հրկիզվել են հարյուրավոր օջախներ: Մարտակերտի Լենինավան գյուղը 1992 թ. ապրիլի 10-23 ադրբեջանի մարդասպանները դարձրել են սպանդանոց. 45 խաղաղ բնակիչների գլխատել ու մասնատել են, 49-ը վերցվել է պատանդ, որոնցից 9 երեխա, 18 կանայք (տե°ս «Գոլոս Արմենիա», 15.04.08 թ.), որի ականատեսն է եղել Մեծ Բրիտանիայի բարոնեսա Կերոլայն Քոկսը: Ինչը կարող էր լինել ավելի անպատկառ, ամոթալի և ցինիկ, քան այն, ինչը հայտարարվում էր հայաբնակ գյուղերում ՆԳՆ զինված ուժերի հրամանատար գեներալ-գնդապետ Յ. Շատալինի կողմից` Կամո, Ազատ, Գետաշեն (Չայքենդ), Մանաշիդ և այլ գյուղերում. «Ցուցաբերելով մարդկային վերաբերմունք` մենք տրամադրում ենք մեծ քանակությամբ ավտոմեքենաներ և ուղղաթիռներ` հայ ընտանիքներին Հայաստան տեղափոխելու համար»: Եվ նրանց հասցնում էին սահմանամերձ շրջաններ, թողնում բաց երկնքի տակ ու հեռանում: Տեղի բնակչությունը ապաստան էր տվել նրանց` մարտական գործողությունների ժամանակ: Բայց ինչո՞ւ հզոր Խորհրդային Միությունը, հայաթափության փոխարեն չստանձնեց նրանց պաշտպանությունը: Պատասխանը թող տա վերակառուցման հեղինակը, ԽՍՀՄ առաջին նախագահ Մ. Գորբաչովը: Մայիսի սկզբներին «Օղակ» օպերացիան ավելի ակտիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի սահմանամերձ շրջանների ամբողջ երկայնքով: Մայիսի 3-ին ժամը 14.00-ին Նախիջևանի Սադարակից գնդակոծվել է Արարատի Սևակավան, Երասխ և մյուս գյուղերը: Այդ նույն օրը ժամը 5.00-23.30 հրետակոծվել է Տավուշի շրջանի Մովսես գյուղը: Մայիսի 5-ից 6-ի գիշերը` Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղի տարածքում գազանաբար սպանվեցին միլիցիայի 14 աշխատողներ: Այդ օրերին Լաչինի շրջանից անընդհատ հրետակոծվել են Խնձորեսկ, Կոռնիձոր, Խնածախ և մյուս գյուղերը, ավերվել են տասնյակ տներ, բազմաթիվ մարդիկ պատանդ են վերցվել: Իսկ Գորիս-Կապան ճանապարհը փակ էր երթևեկության համար: Խորհրդային տարիներին Ադրբեջանում կես միլիոնից ավելի հայեր էին ապրում: Եթե Սումգայիթի ոճրագործությունը ճիշտ գնահատվեր, պատժվեին մեղավորները, ապա դրանք չէին կրկնվի մյուս բնակավայրերում: Այնտեղ ոչ թե 32 մարդ է դաժանորեն սպանվել, այլ հարյուրավոր անզեն հայեր: Անպատժելիության մթնոլորտում ոճրագործությունները կրկնվեցին 1991 թ. հունվարին` Բաքվում, այնուհետև Կիրովաբադում, որտեղի հայկական լինելու վկայությունն է պատմական Էրմենիքենդը և Գյանջա գետի աջափնյա հայկական մասը` իրենց եկեղեցիներով և բազմաթիվ հուշարձաններով: Այսօր նրանք չկան, չկա նաև պատմական Նախիջևանը, նրա գավառը 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով, Ռուսաստանի և Պարսկաստանի միջև, եղել է Հայկական մարզի անբաժան մասը` Երևանի գավառի և Օրդուբադի մարզի հետ մասին: Ամենաարդարացի դատավորը այսօր էլ մնում է ժամանակը, որը իրողությունները գնահատում է անշահախնդրորեն: Իսկ ոճրագործները երևի պատասխան կտան Բարձրյալի առջև, ով բոլորին է արտոնել ապրելու իրավունքը: Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ