Երաժշտությամբ ներշնչված գունապատկերներ


Արտառոց ոչինչ չեն ակնկալում «Սպեղանի» մանկապատանեկան երգչախմբի համերգն ունկնդրելու նպատակով Երևանի Կամերային երաժշտության տանը հայտնված հանդիսատեսները` հպանցիկ հայացքով ընդգրկելով սրահի մի անկյունում փակցված նկարները: Մոտիկից ուշի-ուշով ցուցադրված մոտ վեց տասնյակ աշխատանքները զննող հետաքրքրասերները արված մակագրություններից շուտով գլխի են ընկնում, որ դրանք սոսկ կյանքի հեքիաթային ընկալման մանկական նկարչական երևակայության և ունակությունների կոնկրետ դրսևորումներ չեն: Երգչախմբի երեք տարիքային խմբերի սաները` 5-11 տարեկան տղաները, 8-16 և 18-26 տարեկան աղջիկները երկացանկի իրենց կատարած ստեղծագործությունների մասին անհատական ըմբռնումներն են արտահայտում ներկայացված կերպարային գունապատկերներով: Երբ համերգի ընթացքում «Սպեղանու» հիմնադիր, գեղարվեստական ղեկավար ու խմբավար Սարինա Ավթանդիլյանը հավաքվածների ուշադրությունը կենտրոնացնում է ցուցահանդեսի ներշնչանքի ակունքի վրա, ամենքն են տրամադրվում խորամուխ լինել խմբերգային երգեցողության և նկարչության անսովոր համադրությամբ ծնված նկարների գունագծային ելևէջներում: Նման փորձ առաջին անգամ է արվում: Տպավորիչ են Կռիլատովի «Ծիծեռնակ» երգի` 13-ամյա Աննայի, Լիդայի ու Լիլիթի, 11-ամյա Դիանայի ու Տիգրանի նկարչական մարմնավորումները, 6-ամյա Ալեքսանդրների «Երաժշտության մեքենա»-ները (Ջեյմս և Դի Պատոն), Մարիաննայի, Դիանայի ու Լիլիթի «Դեռատի աղջիկը» (Ֆ. Պուլենկ): Ապա Աննայի, Լիլիթի ու Դիանայի կոմիտասյան «Եղնիկ»-ներին է գամվում հայացքդ, Լիդայի ու Աննայի «Տերցետ»-ներին (Բախ) և Տաթևիկի «Երկնքի աստղեր»-ին (Կոմիտաս) ու «Santa Lucia»-ին, Աբրահամյան Ալեքսանդրի «Ժպիտ»-ին (Վ. Շաինսկի) ու «Երաժշտության ձայներ»-ին (Ռոջեր)… Ողջ երկացանկն է ընդգրկված «Սպեղանու» սաների ներկայացրած աշխատանքներում: Եվ բոլորն էլ ուշագրավ են որպես արվեստի տարբեր ճյուղերի զուգորդման միասնական անդրադարձումներ: Կատարած երգերի թեմաներով նկարներ անելիս դեռատի երգիչ-երգչուհիները ոչ միայն նկարելու որոշակի հմտություն են ձեռք բերել, այլև նկատելիորեն հղկել են ու խորացրել դրանց երաժշտական հնչողությունը առավել իմաստավորված ձայներանգերով: Բնութագրական են Երկանյանի «Սիրիուս»-ն ու Ադամսի «Միգամածին նվիրված խմբերգ»-ը ձայնանմանակումների ներդաշնակութ յամբ` տիեզերական անսահմանությանն ու անտառային այլազան հնչյունների համանվագին: Աղջիկների երգչախումբը հոգևոր ոլորտ է տեղափոխում ունկնդիրներին Պալեստրինայի «Քո բարեգթությամբ» և Շարաֆյանի «Ծով կենցաղոյս» (շարական Սբ. Մ. Մաշտոցի) գործերով: Մանկական երգչախումբը հնչեցնում է հատվածներ Բախի «Մագնֆիկատ»-ից ու Վերդիի «Օթելլո» օպերայից: Վերջիններիս միանում են տղաները` Շաինսկու «Ժպիտ» և «Կոկորդիլոս Գենայի երգը» կատարումներով` զվարթացնում հանդիսասրահի տրամադրությունը: «Սպեղանու» 3 խմբերի հավաքական ձայնով վերստին զրնգում է 12-ամյա երգչախմբի առաջին երգը` «Ձա°յն տուր, ո°վ Ֆիդա»-ն (Լուսինյանի մշակմամբ): Ներգործուն են պարային արտահայտչամիջոցների հավելմամբ մատուցված խմբերգերը` վերապրումի ինչ-ինչ ունակությունների դրսևորումներով: Կայացման դժվարին ճանապարհին «Սպեղանու» ձեռք բերած հաջողություններին անդրադարձած լինելով «Ավանգարդ»-ի էջերում` ավելորդ եմ համարում կրկին թվարկել նվաճած պարգևներն ու արտերկրյա բազում շրջագայությունների ջերմ արձագանքները: Դրանց և վերջին շրջանի ելույթներից ստացածս տպավորությունների նկատառմամբ` կարող եմ վստահաբար ասել, որ փորձառու երաժշտագետ Սարինա Ավթանդիլյանի մասնագիտական-մարդասիրական աշխատաոճի շնորհիվ այս երգչախումբը ոչ միայն սպեղանի դարձավ զոհված ազատամարտիկների զավակների համար, այլև, այլ շնորհալի երեխաների ներգրավմամբ, իր տեղը հաստատեց արդի հայ մանկապատանեկան խմբերգային արվեստում: ՀՀ Մշակույթի նախարարության հոգատար աջակցությանն արժանանալը պետական բարձր գնահատականի հավաստիք է ու ստեղծագործական նոր թռիչքների խթան: «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ կայացած այս համերգ-փառատոն-ցուցահանդես նախաձեռնությունը ավարտված չի համարվում Կամերային երաժշտության տանը ունեցած ելույթով: Որպես հոգևոր սպեղանի 88-ի երկրաշարժից տուժածների ամբողջովին չսպիացած վերքերին` այն ներկայացվելու է ՀՀ մարզերում, առաջնահերթ` Գյումրիում ու Վանաձորում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ