«Կյանքը հեքիաթ է, աշխարհը` երազ…»


«Երեխաների մետաքսի ճանապարհը» խորագրով մանկապատանեկան արվեստի միջազգային մրցույթի հանրապետական փուլում ընդգրկված 271 աշխատանքները «Նարեկացի» արվեստի միության ցուցասրահում դիտելիս թվում է, թե ճանապարհորդում ես 5-16 տարեկան երեխաների երևակայած հեքիաթային աշխարհում: Ոչ միայն այն պատճառով, որ սեղմ ցուցադրությամբ ներկայացված գույնզգույն նկարների հիմնական թեման տարբեր հեքիաթներից է վերցված: Բազմաթիվ գործերում արտահայտված է մանկական անմիջական ընկալմամբ միանգամայն այլ կերպարանք ստացած իրականությունը: Այնքան համարժեք Վարպետի բանաստեղծական խոսքին. «Կյանքը հեքիաթ է, աշխարհը` երազ…»: Երազային աշխարհի այս պատկերներից շատերն են աչքի ընկնում ասելիքի հստակությամբ և դրա գունագծային վերարտադրության զարմանալիորեն հասուն հմտությամբ: Որքան շնորհալի մանուկներ են իրենց նկարչական ունակությունները զարգացնում Հայաստանում այսօր գործող հանրակրթական, արվեստի, գեղարվեստի 26 դպրոցներում, մանկապարտեզներում, գեղագիտական ազգային կենտրոնում, «Օրրան» ՀԿ-ում, ՀՀ «Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն»-ում: Իր հիացմունքն այս առիթով չի թաքցնում Հենրիկ Իգիթյանը` ցանկություն հայտնելով ցուցահանդեսի մասնակիցների ներգրավմամբ հանրապետական հնչողություն հաղորդել հայտարարված «Սարդարապատ» մրցույթին ևս: Ուրեմն` ամենևին էլ երջանիկ պատահականություն չեն` ICAF-ի` Արվեստի մանկական միջազգային հիմնադրամի կազմակերպած III` «Իմ սիրած մարզաձևը» խորագով օլիմպիադայում (ԱՄՆ) Վանաձորի արվեստի դպրոցի սան Անժելա Գրիգորյանի հաղթող ճանաչվելու և կամ` 38 երկրների մասնակցությամբ անցկացված «Եգիպտոսը իմ աչքերով» միջազգային մանկական նկարչական մրցույթում «Ալմանախ» կրթահամալիրում ուսանող Աիդա Վարդանյանի և Արաքս Դանիելյանի շահած I մրցանակները: Չի բացառվում, որ հայ պատանի նկարիչները որոշակի նվաճումներ կարձանագրեն Թեհրանում կայացած մանկապատանեկան արվեստի V և Լեհաստանի Տորուն քաղաքում տեղի ունեցած մանկապատանեկան կերպարվեստի մրցույթներում, որոնց արդյունքների վերջնական ամփոփումը դեռևս չի ավարտվել: Այս տեղեկատվությունը գումարվում է «Երեխաների մետաքսի ճանապարհը» մրցույթին ներկայացված աշխատանքների թողած անմիջական տպավորություններիդ և հուշում, թե որքան դժվար է լինելու ութ հասուն մասնագետներից կազմված հանձնախմբի համար ընտրել 2008-ի օգոստոսին Սեուլում (Հարավային Կորեա) կայանալիք ավարտական փուլի հավակնորդ աշխատանքները: Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի դեկան, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Լեմս Ներսիսյանի գլխավորությամբ նրանք անսայթաք պետք է առանձնացնեն 50 լավագույնները: Որոնց բախտ կվիճակվի կորեական մրցույթի արդյունքում հայտնվել հավաքական ցուցահան դեսում և ներկայացվել Հնդկաստանում, ապա Գերմանիայում` կպարզվի ավելի ուշ: Առայժմ, եռօրյա ցուցադրությունից հետո, պետք է որոշվեն նախնական փուլի հաղթողները: Այս պահին ամենակարևոր ձեռքբերումն այն է, որ մանուկ նկարիչները արժանացել են պետության գործուն աջակցությանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ