«Մաղարիչ» + «հավելավճար»


 

Կոռուպցիան հաջողությամբ ծաղկում է Ադրբեջանում: Այս երկրի Տրանսպորտի նախարար Զ. Մամեդովի որդուն պատկանող ընկերության երթուղային միկրոավտոբուսները Բաքու-Թբիլիսի ճանապարհին ժամերով կանգնեցվել են ադրբեջանա- վրացական սահմանին գտնվող մաքսատանը: Մաքսավորները սահմանված 100 մանաթ կաշառք-մաղարիչի չափը երկու անգամ գերազանցող գումար են պահանջել վարորդներից: Իսկ վերջիններիս Բաքու` մաքսային կոմիտե և տրանսպորտի նախարարություն կատարած զանգերն արդյունք այդպես էլ չեն տվել: Սահմանագծին ժամերով կայանած դժգոհ ուղևորներին մաքսատան աշխատակիցները հասկացրել են, որ հրահանգը ղեկավարության կողմից է իջեցված, և բողոքելն անիմաստ է:

Դեպքի օրը և հենց նույն ժամերին այլ ընկերությունների պատկանող միկրոավտոբուսներն անարգել կերպով (իհարկե, սահմանված 100 մանաթը վճարելով) հատել են սահմանը: Բաքվում տպագրվող ընդդիմադիր թերթերից մեկը, անդրադառնալով սույն աղմկահարույց պատմությանը, հիշեցնում է, որ երկրի արտակարգ իրավիճակների նախարար Ք. Հեյդարովի և տրանսպորտի նախարար Զ. Մամեդովի հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի, իսկ օլիգարխ-պաշտոնյաների միջև ծայր առած լարված հարաբերությունները ոչ միայն չեն թուլանում, այլ հետզհետե առճակատման վերածվում: Այն էլ` ցուցադրաբար: