ՕՐ ԾՆՆԴՅԱՆ

ՄՇՏԱՀՄԱ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ


 

Ապրիլի 1-ը մեծ երևանցի Խորեն Աբրահամյանի ծննդյան օրն է: Ինչպես ամեն տարի, այս անգամ ևս կլինեն նրան նվիրված միջոցառումներ, «Երգ երգոցն» իր հերթական թողարկումը կնվիրի 20-րդ դարի ազգային թատրոնի և կինոյի ամենամեծ անհատականություններից մեկին: Մենք էլ որոշեցինք մեր ընթերցողին ներկայացնել մի քանի դիտումներ նրա ստեղծագործությունից, որոնք մինչև այսօր քիչ են հայտնի հանրությանը:

1985 թվականի հունվարի 16-ին Խորեն Աբրահամյանը Լենինականի Ասքանազ Մռավյանի (այժմ` Գյումրու Վ. Աճեմյանի) անվան դրամատիկական թատրոնում սկսեց Արտաշես Քալանթարյանի «Թիկունք» հերոսական դրամայի բեմադրական աշխատանքները: Վերջին տարիներին նշանավոր դերասանի ու բեմադրիչի մասին տպագրվող հոդվածներում, նկարահանված ֆիլմերում նրա հայտնությունը երկրորդ քաղաքում գնահատում են որպես աքսոր, հեռացում մայրաքաղաքից և այլն: Գնահատականները տարբեր են, ամեն մեկը յուրովի է ներկայացնում իրականությունը` անպայմանորեն փորձելով և´ մոտ լինել ճշմարտությանը, և´ վերաբերմունք արտահայտել ժամանակի բարքերի, պետական-չինովնիկական պատժաձևերի հանդեպ:

Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր բեմադրիչի պաշտոնից Խորեն Աբրահամյանի հեռացումը կապվեց «Պեպո» կատակերգության բեմադրության հետ: Ոմանք նրա մեջ տեսան չարդարացված նորարարություն, որն «ավերում էր» դասական ստեղծագործության հիմքերը: Ժամանակի թատերական քննադատությունը շրջանառության մեջ էր դրել «արշավանք դասականի դեմ» արտահայտությունը, որը յուրատեսակ չափում ու չափորոշիչ էր դարձել: «Անցանկալի» բեմադրությունները գնահատվում էին այդ  «սկզբուն քային»  բնութագրմամբ, այդպես արգելափակվում էին նորարարական և փորձարարական ցանկացած հաստատումներ: Սակայն Խորեն Աբրահամյանի դեպքում առկա էին այլ պատճառներ: Առկա էին հակասություններ` նրա և թատերախմբի մի շարք առաջատար դերասանների (իր սերնդակիցների) միջև:

Խորեն Աբրահամյանի «Պեպոն»  դեռևս սպասում է իր վերլուծությանն ու գնահատությանը: Մանավանդ` հենց ինքը տարբեր առիթներով խոսում էր այն մասին, որ բեմադրությունը չի ստացվել այնպես, ինչպես ինքն էր հղացել, ուստի հետագայում կամենում էր մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: Իսկ սա նշանակում էր, որ արվեստագետը որոնումների մեջ էր: Խորեն Աբրահամյանի նպատակն էր ստեղծել ժամանակի ամբողջացված կերպարը` սունդուկյանական աշխարհի հզոր ընդգծումներով ձևավորելով պատկերացումներ այն գիշատչական հարաբերությունների մասին, որոնք մի ողջ պատմաշրջանի հիմնական բնութագրիչներն էին: Ուրեմն, այստեղ գործ ունեինք ռեժիսորական կոմպոզիցիայի հետ, երբ բեմադրիչը դարձել էր համահեղինակ և ստեղծել բեմադրություն ըստ Սունդուկյանի: Բայց հանդիպել էր որոշ խութերի, տեղի էր ունեցել որոշակի անհամաձայնություն գեղարվեստական հղացման և նրա իրականացման միջև: Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս բեմադրության մասին թատերախոսականներ լույս չտեսան, թատերական քննադատությունը լռության մատնեց բեմադրությունը` հավանաբար հրահանգ ունենալով «ժամանակի տերերից»` ամենայն կերպ մոռացության տալ բեմական ստեղծագործությունը, որը կարող էր ինքնատիպ բանավեճի առիթ դառնալ: Հենց աբրահամյանական «Պեպո» բեմադրության շրջանում ռուսական թատրոնում կյանքի էին կոչվում դասական երկերի բեմադրություններ, որոնք ընդդիմանում էին ավանդույթներին, առաջադրում էին գաղափարական նոր շեշտադրումներ, փոխում էին պատկերացումներն արդեն հայտնի կերպարների մասին: Ռուս բեմադրիչներ Գ. Տովստոնոգովը, Ա. Էֆրոսը, Օ. Եֆրեմովը, Յու. Լյուբիմովը և ուրիշներ Ա. Օստրովսկու, Ի. Տուրգենևի, Ա. Չեխովի և այլոց ստեղծագործություններում արմատավորում էին նորի  և փորձարարականի դրսևորումները, հաստատում այն մեծ ճշմարտությունը, որ արվեստի ուժը նրա մշտական նորացումների մեջ է: Նշանակում է` Խորեն Աբրահամյանն ընթանում էր ժամանակի առաջադրած գեղարվեստական և գեղագիտական մի շարք դրույթներով` հայ թատրոնում ևս շարունակելով դասականների արդիականացման ստեղծագործական գործընթացները: 

Գյումրու թատրոնում նրա «հայտնության» մասին արդեն կան դիպուկ բնութագրումներ, փաստի ճշմարիտ արտացոլումներ: Ուստի, անդրադարձ չկատարելով դրանց` նշենք, որ թատրոնը մեծ ոգևորությամբ ընդունեց նրան, նրա հետ կապեց իր նոր հույսերը: Մանավանդ որ թատրոնը գտնվում էր բարդ ստեղծագործական ընթացքի մեջ: Շուրջ չորս տարի թատրոնն աշխատում էր առանց գլխավոր բեմադրիչի, գեղարվեստական խորհրդատուի պարտականությունները կատարող Երվանդ Ղազանչյանը նպաստել էր, որ հստակվեն խաղացանկային հետաքրքրությունները, բեմադրվեն հատկապես հայ դասական և ժամանակակից երկեր:

Գյումրու թատրոնը միշտ էլ երջանիկ է եղել ռեժիսուրայի առումով. այստեղ աշխատել են մեր թատրոնի բոլոր նշանավոր բեմադրիչները` Վարդան Աճեմյան, Արմեն Գուլակյան, Գրիգոր Մկրտչյան, ուրիշներ: Ասել է թե` դյուրին չէր «զարմացնել» դերասանախմբին, հրապուրել սեփական ստեղծագործական հղացումներով: 

Դյուրին չէր միաժամանակ հանդես գալ բեմադրողի և գլխավոր դերակատարի դերերում, սակայն այստեղ Խորեն Աբրահամյանին դա հաջողվեց: Իր ստեղծագործական ծրագրերի մեջ էր պահում  Հրանտ Մաթևոսյանի «Տերը» կինովիպակի բեմադրության գաղափարը: Գյումրու թատրոնում մենք համատեղ սկսեցինք փորձերը, միջավայրին, մաթևոսյանական բնապատկերին լավ ծանոթանալու համար մեկնեցինք Ահնիձոր, հանդիպեցինք գրողի հորը` Իգնատ Մաթևոսյանին, ով Խորեն Աբրահամյանին դիմավորեց հարազատի նման: Սակայն բեմադրությունը չկայացավ, որովհետև 1988-ին, Գյումրիում մոտ չորս տարի աշխատելուց հետո, Աբրահամյանն ընտրվեց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար և Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ