Ինչո՞վ է պայմանավորված աչքերի գույնը


 

Աչքերի գույնը պայմանավորված է ծիածանաթաղանթի` մելանին կոչվող պիգմենտի քանակությամբ: Բնականաբար, որքան մեծ է այդ քանակությունը, այնքան մուգ գույների են աչքերը` սև, շագանակագույն: Իսկ ավելի փոքր քանակության դեպքում գերակշռում են բաց` կանաչ և կապույտ երանգները: Աչքերի կարմիր գույնը հանդիպում է միայն ալբինոսների դեպքում, ինչն էլ պայմանավորված է ծիածանաթաղանթում մելանինի բացակայությամբ: Պիգմենտների քանակը ժառանգական բնույթ է կրում: Այսօր աշխարհում գերակշռում են մուգ աչքերով մարդիկ: Ի դեպ` այս հատկանիշը խիստ դոմինանտ է: Այսինքն` եթե ծնողներից մեկը մուգ աչքեր ունի, ապա ամենայն հավանականությամբ երեխան ևս կլինի այդպիսին: Հետաքրքիր է նաև այն փաստը, որ կյանքի ընթացքում աչքերի գույնը փոխվում է: Ծնվելուց անմիջապես հետո հիմնականում բաց երանգները փոխակեպվում են ավելի մուգ գույների: Այս երևույթն ավելի շատ տարածված է եվրոպոիդների շրջանում և պայմանավորված է ծիածանաթաղանթում մելանինի կուտակման հետ: Ծերացմանը զուգընթաց` հաճախ աչքերի գույնը խամրում է:

Աչքերի գույնի փոփոխությունը կարող է նաև որոշ հիվանդությունների հետևանք լինել: