«Հայ բազուկը կարո՞ղ է չաշխատել»


 

Գրետա ՄԵՋԼՈՒՄՅԱՆ. ՀՀ վաստակավոր արտիստուհի

Արդեն շուրջ 4 տասնամյակից ավելի իր ինքնատիպ կատարողական արվեստով, մարմնավորած գեղեցիկ ու մնայուն կերպարներով հայ հանդիսատեսի կողքին է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը: Նախ ծննդավայր Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան, ապա` Երևանի մայր թատրոնի հարազատ բեմերը նրան մեկընդմիշտ կապեցին թատերարվեստին: Եվ արդեն 17 տարի` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Չմոռացվող ու բազմազան են արտիստուհու մարմնավորած կերպարները: Իսկ լավագույն գնահատանքը մրցանակներն են և հանդիսատեսի հոտընկայս ծափերը:

- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:

- Եթե մեր ապրած կյանքը բաժանենք փուլերի, անշուշտ, յուրաքանչյուր փուլ թելադրում է իր դժվարությունները, որոնք պետք է հաղթահարել: Իհարկե, դժվարություններն ամենուր են: Կյանքը պայքար է, և ամենօրյա այդ պայքարում պետք է կարողանաս քոնը գտնել և հաստատել` իհարկե երբեք չվնասելով ուրիշներին: Ոչնչացնելով առաջ գնալու գաղափարն անընդունելի է: Դժվարություններս հաղթահարել եմ ավելի շատ լռությամբ, առանց օգնության, առանց որևէ մեկին հենվելու, թիկունք ունենալու: Ամենադժվարն այն պահն է, երբ դուռդ բախում է մահը: Երբ չես սպասում, բայց հանկարծ հարազատդ, արյանդ մասը կազմող անձնավորությունն անժամանակ հեռանում է: Կյանքն անընդհատ ստիպում է ամուր լինել: Ես սառնասրտորեն եմ ուզում հաղթահարել դժվարություններս` առանց բեռ դառնալու, առանց որևէ մեկի հետ կիսվելու:

- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: Հայի տեսակը` ըստ Ձեզ:

- Երբևէ չեմ մտածել այդ մասին: Չեմ պատկերացնում ինձ այլ ազգի ներկայացուցիչ: Թեպետ, հնարավոր է, որ կան առավել զարգացած, ավելի հին ազգեր: Բայց միևնույն է` չեմ մտածել այդ ուղղությամբ և դրա կարիքը չունեմ: Ես հայ եմ ու հպարտ եմ դրանով: Հայ լինելը նաև դժվար է: Հայի Ճակատագիրն է դժվար: Մենք այնքա˜ն տառապանք ենք տեսել. անընդհատ խաչված, նահատակված: Միշտ մտածում եմ` ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, ինչո՞ւ ենք այս լեռների, ծերպերի մեջ հավաքվել, դարձել մի բուռ: Արցունքի մի կաթիլ է մեր քարտեզը: Անմիաբանությունը, իրար հանդեպ նախանձն է սպանել մեզ: Այսօր նստել ենք մի բուռ հողակտորի վրա, և տա Աստված, որ դա գոնե ընդմիշտ պահպանենք: Այսօր էլ, երբ նայում եմ մեր կյանքին, մեր իրողությանը, ցավ եմ ապրում: 20 տարի խոսում ենք բարեփոխումների, անցման շրջանի, մարտահրավերների մասին: Ի՞նչ է պետք մեր ժողովրդին, որ բարեկեցիկ ապրի: Ընդամենն աշխատանք: Ինչո՞ւ չի աշխատում այս բազուկը: Հայ բազուկը կարո՞ղ է չաշխատել: Մի ազգ, մի ժողովուրդ, որ քարից հաց է քամում, հիմա իր տանն է, չկա հալածող ու ստրկացնող, բայց թշվառ է ապրում: Հայն այսօր իր երկրում արհամարհված է: Ընդամենը մի բան է պետք` աշխատանք: Ես սուտ լավատեսներից չեմ: Գնացեք շրջաններ, տեսեք ինչ է կատարվում: Հաճախ եմ գնում Վանաձոր, սիտս ցավում է, երբ տեսնում եմ տներում լույս չի վառվում: Ինչո՞ւ պիտի հայն իր օրրանում չապրի: Սա մեզ հարիր չէ:

- Որևէ գաղտնիք Ձեր կյանքից, կամ անցյալում այն չասածն, ինչն այժմ կբարձրաձայնեիք:

- Գաղտնապահ չեմ: Ինչ մտածում եմ` անմիջապես բացճակատ ասում եմ: Ոմանց կարող է դա դուր չգալ: Ոմանց` թվալ, թե սխալվում եմ, որ ճիշտ մարտավարություն չեմ ընտրում: Երբեմն ասում են, թե «միամիտ լոռեցի» եմ:

- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:

- Կյանքն է, թատրոնը, մարդ արարածը: Ինչո՞ւ է աշխարհն այսպես ստեղծված: Ինչո՞ւ պիտի մարդը վերածվեր մարդասպանի: Ինչո՞ւ Կայենն Աբելին սպանեց և այդպես դրվեց ի սկզբանե: Ինչո՞ւ պիտի ոսկին, փողը, շահը լինեին կենտրոնում: Չէ՞ որ Աստված շնորհեց մեզ բանականությամբ և ասաց` դու պիտի բարձր լինես, ինքդ քեզ կառավարես: Իսկ ո՞վ որոշեց, որ շահը պիտի դառնա առաջնային և խեղաթյուրի ամեն ինչ: Մեզ թվում է քաղաքակիրթ դարում ենք ապրում: Առաջընթացը «երկաթեղենով» չի որոշվում, ոչ էլ հրասայլերով, անօդաչու թռչող սարքերով, համակարգիչներով... Առաջընթացը մարդու հոգևորի մեջ է: Ես ուզում եմ, որ մարդը գեղեցիկ ապրի, ազատ, մաքուր, վեհ զգացումներով: Գուցե ռոմանտիկ է հնչում: Այսօր բոլորը վազում են, աճապարում են, ժամանակ չկա, ռիթմն ուրիշ է, 21-րդ դար ենք մտել: Բայց ինչի՞ց եք ուշանում, ապրեք հանգիստ: Եթե մեկը մեկին չբզկտի, չլափի, չհոշոտի, չխաբի, կյանքն ավելի գեղեցիկ կլինի: Անտոն Չեխովը մի գեղեցիկ միտք ունի` «մարդիկ խաբում են իրար ու կյանքը տանուլ են տալիս»: Ինչո՞ւ ենք խաբում ու խաբվում: Սա առեղծված է: Շեղվել ենք մեր բնականոն ուղուց: Անընդհատ պիտի մեկը մյուսին սպանի, մի պետություն հարձակվի մյուսի վրա: Ինչո՞ւ պիտի մարդ արարածը սպանի:

- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը:

- Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնում ստուդիա կար, որտեղ սովորում էի: Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ բեմադրվում էր «Լոռվա ձոր» ներկայացումը, որը մի քանի ստեղծագործությունների համադրում էր: Անուշը, Մարոն, Լոռեցի Սաքոն` մի բեմում: Ներկայացման օրը Մարոյի դերակատարն անսպասելի հիվանդացել էր: Ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանն ասաց, որ ես պիտի մարմնավորեմ Մարոյի կերպարը: Սարսափեցի: Նույնիսկ ուզում էի հրաժարվել: Բացատրեցին, թե ինչ պետք է անեմ: Հայրը պիտի հարվածեր աղջկան: Մարոյի հոր դերակատարը բացատրեց, որ իհարկե ինձ չի խփի, ձեռքն օդում կպահի և ես կընկնեմ: Սակայն ես խնդրեցի, որ իսկապես հարվածի: Կարծում էի` բեմում ամեն ինչ իրական է: Իհարկե զարմացավ, հրաժարվեց, բայց մի փոքր ավելի ուժգին հրեց: Երկար մազեր ունեի, հյուսքիս ծայրն ընկավ արխալուղի կոճակի մեջ, մազերիցս մի ամբողջ խուրձ պոկվեց: Եվ դերն ավելի բնական ստացվեց: Երեկոյան, չնայած մասնակցում էի ներկայացմանը, բայց կարծում էի` տոմս պետք է գնեմ: Եվ հանդիսատեսի հետ մտա դահլիճ: Իհարկե, Վոլոդյա Գրիգորյանը նկատել էր և ստիպեց, որ տոմսը հետ տանեմ: Ելույթավճարը ևս զարմացրել էր ինձ: Կարծում էի դերասանները փողի և ընդհանրապես կենցաղի հետ որևէ առնչություն չունեն, միանգամայն այլ կյանքով են ապրում:

- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:

- Ես դժվար մանկություն եմ ունեցել: Մայրս մեզ` 3 երեխաներիս միայնակ է մեծացրել, քանի որ հայրս բաժանվել էր մեզնից և ուրիշ ընտանիք կազմել: Ես ու երկվորյակ եղբայրս ընդամենը 3 տարեկան էինք: Հիշում եմ մեր գյուղը, հաճախ էի գնում տատիկիս մոտ: Եվ հարազատ էր ինձ այդ միջավայրը: Մանկությունից մայրիկիս ու տատիս կերպարներն են միշտ ուղեկցել, ուժ տվել ինձ: Ինքս էլ բեմում հայ կնոջ կերպարներ եմ մարմնավորում` միշտ աչքիս առաջ ունենալով նրանց օրինակը: Երբեմն մտածում եմ գուցե պետք չէր այդքան բարի լինել: Մայրս ինձ համար սրբության մարմնացում էր: Երբ հայրս հեռացավ, նա ընդամենը 27 տարեկան էր, և իր կյանքը մատաղ արեց մեզ համար: Մորս մահն ամենամեծ կորուստն էր ինձ համար: Մինչև հիմա չեմ հաշտվում այդ մտքի հետ: Կարծում էի` մայրերը հավերժական են: Հետո երբ հեռացավ... կյանքը, աշխարհը դատարկվեց: Թիկունքս դատարկ մնաց: Ու թվում էր` շրջվեմ, կընկնեմ անդունդը: Մայրս այնքան հզոր էր, այնքան հայր ու մայր էր, որ հոր կարիք երբեք չեմ զգացել: Մանկությունից ուղեկցում է նաև հայր չունենալու հուշը: Ես չիմացա` ով է հայրը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ