Նորվեգացի բեն Լադենը


 

Օսլոյի դատարանը 5 տարի ազատազրկման է դատապարտել իսլամի քարոզիչ Նաջմուդին Ֆարայ Ահմադին, ով հայտնի է «մոլլա Կրեկար» մականունով:

Հետաքրքրական է, որ զարմացնում է ոչ թե նրա ձերբակալությունը, այլ այն իրողությունը, թե մշտապես ծայրահեղական ելույթներով հանդես եկող քարոզիչն ինչո՞ւ (կամ ինչպե՞ս) էր որոշել բնակվել հյուսիսային այդ խաղաղ երկրում:

Մոլլա Կրեկարը ծագումով իրաքյան Քուրդիստանից է: 1980-ականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնը նրա ցեղակիցների վրա բարդեց այն ճնշումները, որոնց զոհ դարձան հարյուր-հազարավոր մարդիկ: 1991 թ. Արևմուտքը պատերազմ սկսեց իրաքյան բռնակալի դեմ: Օգտվելով Բաղդադի վարչախմբի հակառակորդների հանդեպ եվրոպացիների բարեհաճությունից, Կրեկարը տեղափոխվել էր Նորվեգիա` ստանալով փախստականի կարգավիճակ: Եթե միամիտ հյուսիսցիք իմանայի˜ն, թե ում են հյուրընկալել...

Իսլամիստական իր հայացքներն Ահմադը երբևէ չի թաքցրել: Եվ ընդհանրապես, նրա կերպարը բնորոշ չէ քրդերին. արմատական իսլամիզմը նրանց շրջանում այնքան էլ տարածված չէ: Իսկ մոլլան ամեն ինչ արել է` այս տեսակետը փոխելու: Նա բազմիցս խախտել է փախստականի կարգավիճակին ներկայացվող նորվեգական պահանջները` Օսլոյից Հյուսիսային Իրաք մեկնելով: Իսկ այնտեղ ղեկավարել է «Անսար ալ-իսլամ» («Իսլամի պարտիզաններ») ընդհատակյա զինված կազմակերպությունը: Նպատակը մեկն էր` այնտեղ շարիաթի օրենքներով ապրող իշխանություն հաստատել: