Գոնե մենախուց առանձնացնեին


 

Խարկովի Կաչանովսկայայի ուղղիչ գաղութում պատիժը կրող Յուլյա Տիմոշենկոյի պատժախցում հավանաբար նոր հարևանուհի կտեղավորեն` կանխամտածված սպանության համար դատապարտված մի կնոջ:

Օրեր առաջ այդ խցում 3-րդ մահճակալն է տեղադրվել, և Ուկրաինայի էքս-վարչապետուհին կալանատան աշխատակցի խոսքերից հասկացել է, որ այստեղ ապրելու է 3-րդ դատապարտյալը` «քաղաքավարի, մտավորական կին»: Բայց` մարդասպան:

Տիմոշենկոյի պաշտպանը` ժողպատգամավոր Սերգեյ Վլասենկոն այս առնչությամբ մտահոգություն է հայտնել, որ իր պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Նա համոզված է, որ «իշխանությունը չի ցանկանում Տիմոշենկոյին կենդանի տեսնել»: Որպես փաստարկ` հիշեցնում է բուժօգնություն չցուցաբերելը, գերմանացի բժիշկների խորհուրդները և Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հրահանգները չկատարելը, 3-րդ դատապարտյալին նրա խուց տեղափոխելը:

Ինչ վերաբերում է պատժախցում առկա տեսահսկողությանը, փաստաբանը տեղեկացրել է, որ այդ սարքերի միջոցով միայն հսկողություն է իրականացվում, սակայն որևէ տեսագրություն չի արվում: Այսինքն, այնտեղ սպանություն կատարելու դեպքում որևէ հիմնավորում չի գտնվի.

- Եթե, Աստված չանի, ինչ-որ բան պատահի, պատժական ծառայությունը կասի, որ «չգիտի, թե ինչ է կատարվել»:

Ի ԴԵՊ. Այս ընթացքում Իտալիայում ձերբակալվել է Յու. Տիմոշենկոյի զինակիցներից մեկը` միջազգային որոնմամբ փնտրվող` Խարկովի երկրամասային վարչակարգի նախկին ղեկավար Արսեն Ավագովը:

Կարծես թե «օղակը» սեղմվում է: Տիմոշենկոյի նկատմամբ դիտավորությունն ակնհայտ է: Այլապես ոչ շատ վաղուց ժողովրդի վստահությունն ու համակրանքը վայելող վարչապետուհու նկատմամբ այսքան բացահայտ արհամարհանք չէին ցուցաբերի: Բայց արդյո՞ք միայն արհամարհանք: Իսկ գուցե իսկապե՞ս նրա կյանքին վտանգ է սպառնում: