Խելագարվել է թռիչքի պահին


 

Խոսքը Նյու Յորքից Լաս-Վեգաս մեկնող ինքնաթիռի օդաչուի մասին է: Թռիչքից մի քանի ժամ անց անձնակազմի հրամանատարը մտել է ուղևորասրահ և փորձել է զրուցել ուղևորների հետ: Հետո որոշել է վերադառնալ օդաչուների խցիկ, սակայն դրա դուռը կողպված է եղել: Ու հանկարծ հրամանատարը սկսել է բղավել` «Իրա´ք, «Ալ-Քաիդա´», ահաբեկչությո˜ւն: Մենք խորտակվո´ւմ ենք»: Նրա պահվածքն էլ տարօրինակ է եղել (տեղեկացրել է AFP-ն):

Մինչ տարակուսած ուղևորները փորձում էին հասկանալ կատարվածը, օդաչուական խցիկից բարձրախոսով նրանց խնդրել են կապկպել իրենց խենթացած գործընկերոջը: Քիչ անց պարզվել է, որ հրամանատարը մինչ խցիկից դուրս գալն իրեն տարօրինակ է պահել: Եվ որպեսզի չխանգարի թռիչքին, նրան խաբելով դուրս են հանել և դուռը ներսից կողպել: Ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Տեխասում:

Օդաչուի վարքագծի պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: Բայց երևի դժվար չէ ենթադրել ու պատկերացնել, թե ահաբեկչությունը որքան տագնապներ է պատճառում մարդկությանը: