Ընկան իրենցփորած փոսը…


ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահները օրերս, վերջապես, ինտերնետային կայքում տեղադրեցին 2010 թ. հոկտեմբերի 7-12-ը ԼՂՀ հարակից շրջաններում իրենց անցկացրած փաստահավաք առաքելության արդյունքները: Այդպիսի առաքելություն իրականացվեց Ադրբեջանի պահանջով, և Բաքվում երկար ժամանակ տրտնջում էին, թե ինչու՞ եռանախագահներն իրենց պատրաստած զեկույցը… չեն հրապարակում: Այն ավելի վաղ ներկայացվել էր ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Բրիշամբոյին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Ահա, մատչելի դարձավ նաև հասարակական լայն լսարանին: Փաստաթուղթը կրում է «Լեռնային Ղարաբաղին հարակից` Ադրբեջանի օկուպացված տարածքներում ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների դաշտային գնահատող առաքելության գործնական ամփոփիչ զեկույց» խորագիրը: Բացառությամբ «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» արտահայտության` այստեղ Բաքվի էֆենդիների լսելիքին հաճելի ոչինչ չկա: Եռանախագահները դաշտային առաքելության ժամանակ հիշյալ տարածքներում Հայաստանի կողմից իբրև թե «իր քաղաքացիների և անգամ սփյուռքահայերի հաշվին իրականացվող լայնամասշտաբ վերաբնակեցումների» ականատես չեն եղել: Չեն տեսել նաև «ադրբեջանական գերեզմանոցների, պատմամշակութային հուշարձանների կամ սրբարանների ոչնչացման փաստեր», այլապես կարձանագրեին: Փոխարենը «պարզել են այնտեղ տիրող ընդհանուր վիճակը, ներառյալ մարդասիրական և այլ տեսանկյուններից», և զեկույցում նշել են. -Համանախագահները փաստում են, որ 2005-ից ի վեր բնակչության թվի (շուրջ14 հազար մարդ-Ռ.Հ.) էական աճ տեղի չի ունեցել: Վերաբնակները, որոնց մեծ մասը էթնիկ հայեր են, այս տարածքներ են տեղափոխվել Ադրբեջանի տարբեր մասերից… Այսինքն, պաշտոնապես հաստատել են Ադրբեջանից բռնագաղթի ենթարկված հայ փախստականների առկայությունը, որոնց մասին Ադրբեջանում լսել անգամ չեն ուզում: Նրանք մատի փաթաթան են դարձնում միայն ազերի փախստականների «հայրենի վայրեր վերադառնալու իրավունքը»: Ձևացնում են, թե Ադրբեջանից տեղահանված հայերը… փախստական համարվել չեն կարող: Իբր` մերոնց վերադարձի իրավունքը պիտի իրացվի… երկրորդ հերթին, ո´չ ազերի փախստականներին զուգահեռ: Ինչո՞ւ: Նրանց արյո՞ւնն է ավելի կարմիր, թե՞ կրած տառապանքն է ավելի մեծ: Իրականում եռանախագահներն այդպիսի խտրականություն չեն դնում: Նրանք ամենևին դատապարտելի չեն համարում, որ «Ադրբեջանի տարբեր մասերից այստեղ տեղափոխված էթնիկ հայերը» բնակություն են հաստատել հենց այդ` «օկուպացված» հորջորջվող վայրերում: Ավելին, ուշադրություն են հրավիրում նրանց աղետալի վիճակի վրա, հարց են բարձրացնում հայ փախստականների կարգավիճակը հստակեցնելու, անձը հաստատող փաստաթուղթ չունեցողներին այդպիսիք տրամադրելու մասին: Իսկ ո՞վ կարող է նման փաստաթուղթ տրամադրել, եթե ոչ` ԼՂՀ իշխանությունները: Չէ՞ որ նրա´նց վերահսկողությանն են ենթարկվում «օկուպացված» տարածքները: Այսինքն, եռանախագահները գործնականում օրինական են համարում տվյալ վայրերում այս պահին ապրող քաղաքացիների, այդ թվում նաև ենթադրաբար այդտեղ վերադարձվելիք ազերիների վրա ԼՂՀ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ: Ընդսմին, նշում են, որ բոլորի համար էլ պետք է ստեղծվի «ավելի որոշակի ապագայի հեռանկար»: Եռանախագահներն իրենց զեկույցում ընդգծում են, թե «այդ տարածքներում ավելի քան 1000 կիլոմետր ճանապարհորդելով»` ականատես են դարձել «սարսափելի հետևանքների», որը թողել է զինված հակամարտությունը: Ուստի մեկ անգամ ևս համոզվել են, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: -Փաստելով կողմերի հրապարակային հայտարարություններում զսպվածության կարևորությունը,- գրում են նրանք,-գտնում ենք, որ անընդունելի է ուժի կիրառումն ու դրա սպառնալիքը, ներառյալ քաղաքացիական օդանավերի նկատմամբ… Այդ առումով խստորեն դատապարտում ենք առաջին գծում անիմաստ սպանությունները և հարձակումները… Բոլոր կողմերն իրենց հասարակություններին պետք է պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի… Ավելի ազնիվ լինելու դեպքում եռանախագահները պե´տք է հականե-հանվանե մատնանշեին, թե ո՞վ է, որ իր հրապարակային հայտարարություններում զսպվածութ յուն չի ցուցաբերում: Պե´տք է տային այն խելապակասի անունը, ով անընդհատ հոխորտում է երկրի ռազմական բյուջեն մեծացնելու, նոր պատերազմի միջոցով «տարածքային ամբողջականությունը վերականգնելու» իր վճռականության մասին: Նույնիսկ` լկտիորեն սպառնում է վայր գցել մայիսի 9-ին Ստեփանակերտում շահագործ ման հանձնվելիք օդանավակայանում թռիչքի ու վայրէջքի գնացող քաղաքացիական օդանավերը, ինչն ամբողջ աշխարհում համարվում է հրեշավոր հանցագործություն: Վերջապես, պարտավոր էին մատնանշել, թե ո՞վ է համառորեն հրաժարվում ընդունել շփման գծից դիպուկահարներին երկկողմանիորեն ետ քաշելու իրենց` նույն ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների առաջարկը: Ո՞վ է, որ չի հասկանում, թե դիպուկահարների ետքաշումը կմեղմացներ լարվածությունը, կնվազեցներ անիմաստ կորուստները, բարենպաստ մթնոլորտ կստեղծեր բանակցային գործընթացը շարունակելու համար: Ավա˜ղ, ելնելով կողմերի միջև հավասարակշռություն պահպանելու` ի սկզբանե որդեգրած քաղաքականությունից, եռանախագահներն այս անգամ նույնպես խուսափել են Իլհամ Հեյդարօղլուն ուղղակի նշավակելուց: Ընդամենը անհասցե խորհուրդ են տվել կողմերին` «միջոցներ ձեռնարկել, որպեսզի պահպանվեն գերեզմանոցներն ու պաշտամունքի վայրերը, խուսափել ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ (ընդգծումը` Ռ. Հ.) ցանկացած գործունեությունից, որը կվնասի վերջնական կարգավորմանը կամ կփոխի այդ տարածքների բնույթը»: Այս «վիճելի տարածքներ» արտահայտությունը հարուցել է Բաքվի կատաղի հակազդեցությունը: Նրանք հասկացել են, որ եռանախագահներն այդ կերպ միանգամայն ընդունելի են համարում պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած ԼՂ հայկական բնակավայրերի վիճարկման հարցը: Այսինքն, հասկացնում են, որ հայկական այդ բնակավայրերը երբևէ իր վերահսկողությանը վերադարձնելու ԼՂՀ պահանջը (որն, անկասկած, վաղ թե ուշ հրապարակ կգա բանակցային գործընթացի առնվազն վերջնական փուլում) միանգամայն օրինական կհամարվի: Բաքվում նաև մտավախություն ունեն, որ եռանախագահների հաջորդ փաստահավաք առաքելության ժամանակ, որն այս անգամ անց է կացվելու առայժմ Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած ԼՂ հայկական բնակավայրերում, կհայտնաբերվեն թե´ գերեզմանոցների ու սրբարանների` մատուռների, վանքերի, եկեղեցիների, խաչքարերի բարբարոսական ավերման, թե´ «այդ տարածքների բնույթը փոխելուն», այսինքն ժողովրդագրական վիճակն իրենց օգտին շրջելուն միտված անբարո գործողությունների բազմաթիվ փաստեր: Կհամոզվեն, որ հայկական գյուղերը լցված են ոչ միայն բուն Լեռնային Ղարաբաղից պատերազմի հետևանքով տեղահանված, այլև Ադրբեջանի խորքերից այստեղ պետական-պլանային կարգով տեղափոխված ազերիներով: Արձանագրելով փաստահավաք առաքելության ժամանակ իրենց տեսած «դաժան իրականությունը», եռանախագահներն առաջին անգամ սևով սպիտակի վրա գրել են, թե «կարգավորման գործընթացը ձախողվել է»: Ուստի եզրակացրել են, որ ստատուս քվոյի հետագա պահպանումն այլևս անընդունելի է, որ հարկավոր է շարունակել Հիմնարար սկզբունքների շուրջ (Մադրիդյան) քննարկումները: Նրանք անհրաժեշտ են համարել «մշակել միջոցառումներ, որոնք թույլ կտան կյանքի կոչել հրադադարի խախտումների վերաբերյալ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻ մասնակցութ յամբ հետաքննություններ անցկացնելու» մասին մարտի 5-ի եռակողմ հանդիպման ժամանակ Սոչիում ստանձնած պարտավորությունները: «Բոլոր կողմեր» ասելով, անկասկած, նկատի է առնվում նաև ԼՂՀ-ն, առանց որի անհնար է առաջավոր գծում հրադադարի ռեժիմի խախտման որևէ հետաքննություն: Սա նշանակում է, որ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերի` ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների կողմից ԼՂՀ-ն և´ դե ֆակտո, և´ դե յուրե ճանաչվում է իբրև հակամարտող կողմ, բանակցային գործընթացի կարևորագույն դերակատար: Այսպիսով, եռանախագահներին «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական տարածքներում» փաստահավաք առաքելություն իրականացնելու պահանջ ներկայացնելով` ազերիներն իրականում ստացան սեփական սպասելիքներին տրամագծորեն հակառակ արդյունքներ, ընկան իրենց փորած փոսը…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ