Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից


Ռազմահայրենասիրական դաստիարակությունը և գրագետ, հոգեպես ու ֆիզիկապես կոփված, բանակի մասին տեղեկացված ու պատրաստված սերունդ դաստիարակելու գործընթացը մեզանում օրեցօր ավելի է կատարելագործվում: Իսկ արդյունքները տեսանելի են բոլորին: Այս խնդիրների լուծմանը միտված աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու, հանրապետությունում ռազմահայրենասիրական դաստիարակության հիմնախնդիրներին լուծում տալու, ինչպես նաև համատեղ միջոցառումների ծրագիր իրականացնելու նպատակով Պաշտպանության, Կրթության և գիտության նախարարությունների կողմից դեռ 2010 թ. դեկտեմբերին մշակված համատեղ ծրագրին մասնակցում են նաև Արտակարգ իրավիճակների, Սպորտի և երիտասարդության նախարարությունները և ՀՀ Ոստիկանությունը: Կառավարության այս տարվա որոշմամբ` ընդգրկվել են նաև Մշակույթի և Առողջապահության նախարարությունները: Աշխատանքներն ավելի կազմակերպված և արդյունավետ դարձնելու նպատակով ձևավորվել է նաև աշխատանքային խումբ` Պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ ՍԱՐԳՍՅԱՆԻ գլխավորությամբ: - Լուրջ աշխատանքներ ենք տանում դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Ուզում ենք հենց դպրոցից պատրաստել գրագետ, հայրենասեր զինվոր, իսկ բանակում նա կկատարելագործվի: Նախկինում` 1985-1986 թթ. նախնական զինվորական պատրաստությունն ընդհանրապես հանված էր դպրոցական ծրագրից, հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում այդ առարկային: Ուսումնական զենք ունեցող դպրոցների թվի աճ ենք գրանցել: Ունենք օրինակելի դպրոցներ` կահավորված դասարաններով: Հայրենասիրությունը սկսվում է դպրոցում,¬ ասում է գեներալ¬լեյ տենանտը: Օրեր առաջ նրա ղեկավարությամբ Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում հրավիրված ամփոփիչ խորհրդակցությունում քննարկվեցին մարզի դպրոցներում տարված աշխատանքները, դրանց արդյունքները, նախանշվեցին հետագա անելիքները: Դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավմանն ուղղված աշխատանքների ցուցանիշով մարզը լավագույնն է: Թվերն առավել քան խոսուն են. 1 տարվա ընթացքում Արարատի 112 դպրոցներից 100¬ն ապահովվել է ուսումնական զենքով: Ընդհանուր առմամբ, հանրապետության մասշտաբով եթե 2008 թ. ավելի քան 1400 հանրակրթական դպրոցների միայն 10-12 %¬ն էր ապահովված զենքով, ապա այսօրվա դրությամբ` 70 %¬ը: Ամենացածր ցուցանիշները գրանցվել են Տավուշում, Լոռիում, Շիրակում և Արագածոտնում: - Մեր մարզի դպրոցներում հատկապես վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվում ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Կարողացել ենք բարձր ցուցանիշներ սահմանել: Դպրոցն այն վայրն է, որտեղ երեխային պետք է հայրենասեր դարձնենք: Մեզնից ու նաև դպրոցների տնօրեններից, ուսուցիչներից և հատկապես զինղեկներից շատ բան է կախված: Քանի որ այսօրվա հայրենասեր աշակերտը վաղվա լավ զինվորն է և քաղաքացին,¬ ասում է Արարատի մարզպետարանի Կրթության վարչության պետ Անահիտ Հակոբյանը: Մխչյանի միջնակարգ դպրոցը մեկն է հանրապետության 18 օրինակելի կրթօջախներից: Պաշտպանության նախարարության, մարզպետարանի, գյուղապետարանի, զինկոմիսարիատի և դպրոցի համատեղ ուժերով 1 տարվա ընթացքում կառուցվել է մարզահրապարակ, շարահրապարակ, հրաձգարան, ձևավորվել են նախնական զինվորական պատրաստության, կրակային պատրաստության և հատուկ ռազմահայրենասիրական դաստիարակության դասարաններ: Ռազմահայրենասիրական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստության դասարանները հագեցած են զորատեսակները, համազորային կանոնադրությունը, զինվորական կոչումները ներկայացնող հարուստ պաստառներով, որոնք ավելի կենդանի, իրական ու հետաքրքիր են դարձնում դասանյութը: Դպրոցի բակում ու ներսում ծածանվող Եռագույնը, ՀՀ և ԶՈՒ զինանշանները, օրհներգերի տեքստերը զգաստություն ու հպարտություն են ներշնչում: Այս մթնոլորտում յուրաքանչյուր աշակերտ` անկախ իր ստացած դաստիարակությունից, անշուշտ, տոգորվում է գիտակցված հայրենասիրությամբ, ճանաչում մեր պատմության դրվագները, մշակույթի գանձերը և գիտակցում, որ ինքն արժանի ժառանգորդը, պահապանն ու փոխանցողը պիտի դառնա այս ամենի: - Նախկինում ունեինք ռազմագիտության դասարան, բայց ոչ այս ձևով կահավորված: Երեխաների հետաքրքրությունն ինձ ուրախացնում է: Ցուցապաս տառները մեծ նշանակություն ունեն: Իսկ երբ այստեղ հայտնվեց հեռուստացույցը` տեսանյութերով, իսկական հեղափոխություն էր երեխաների համար: Դասարանը չենք փակում, դասամիջոցներին այն լի է աշակերտներով,¬ ուրախությամբ փաստում է դպրոցի զինղեկ, պահեստազորի մայոր Սաշա Թադևոսյանը: Հատկանշական է նաև աշակերտների ծայրահեղ ուշադիր և խնամքով վերաբերմունքն իրերի նկատմամբ: - Դասարանները կահավորվել են 2009¬ից: Այս ընթացքում երեխաները խնամքով ու զգուշությամբ են վերաբերվում պաստառներին, նկարներին: Մեծ առաջընթաց կա: Մթնոլորտը շատ է օգնում` հետաքրքրություն արթնացնել մեր պատմության, հերոսների, բանակի նկատմամբ,¬ ասում է դպրոցի տնօրեն Աննա Ավագյանը: Դպրոցականին այս միջավայրում կրթելն ու դաստիարակելն, ինչ խոսք, ցանկալի է և անհրաժեշտ, իսկ արդյունքները` տեսանելի և գոհացնող: Նախաձեռնությունների և տարվող աշխատանքների պակաս չի զգացվում, հատկապես որ ռազմահայրենասիրական դաստիարակության բարելավման խնդիրը մի քանի գերատեսչությունների ուշադրության կենտրոնում է: