«Կառուցելը լավ է չկառուցելուց»


Աղետալի դեկտեմբերի 7-ի ուրվականը դեռ շարունակում է թևածել Գյումրիում: Սարսափելի երկրաշարժի մասին հիշողությունները կենդանի ու թարմ կմնան մինչ այն պահը, երբ քաղաքից կանհետանա «դոմիկ» կոչված վերջին ժամանակավոր կացարանը: Իսկ Գյումրիում 23-րդ տարին է, ինչ բազում ընտանիքներ զրկված են կենցաղային տարրական պայմաններից, շատերն անգամ` երբևէ մարդավայել ապրելու հույսից: ՀՀ Սահմանադրության համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի, այդ թվում բնակարանի, ինչպես նաև կենսապայմանների բարելավման իրավունք: Պետությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների այս իրավունքի իրականացման համար»: Աղետի գոտու պարագայում` պետությունն արդեն երկու տասնամյակից ավելի` փորձում է ձեռնարկել այդ միջոցները: Խորհրդային իշխանությունների կողմից երկրաշարժից անմիջապես հետո ընդունվեց որոշում, որով նախատեսվում էր 1989-1990 թթ. ամբողջովին վերականգնել ավերված տարածքները: Սովետական Միությունը կազմալուծվեց, ու հօդս ցնդեց և հնարավոր ձեռնարկումը: Հայաստանի Հանրապետության օրոք էլ չշտապեցին կացարաններից ձերբազատել տուժածներին. համարյա ամեն տարի իշխանությունների կողմից անօթևաններին բնակարաններով ապահովելու վերջնական ժամկետներ են նշանակվում: Վերջինը 2008-ին էր. ՀՀ կառավարության և «Գլենդեյլ Հիլզ» կազմակերպության միջև կնքված պայմանագրի համաձայն` ՀՀ պետական բյուջեի միջոցներով միայն Գյումրիում մինչև 2013-ը կառուցվելու են 3030 բնակարան և սպասարկման օբյեկտների տարածքներ: Հանրապետության երկրորդ քաղաքում ՀՀ կառավարության 2009-2010 թթ. բնակարանային ծրագրով կառուցվեց ու բաշխվեց 1056 բնակարան: Կյանքի լավագույն տարիները խունացած տնակներում մաշած գյումրեցին դեռ նոր էր սկսել ուրախանալ, երբ ջրի «երես դուրս եկան» «Գլենդեյլ Հիլզ» շինարար կազմակերպության զեղծարարությունները: Աղետյալների հաշվին գումարներ գրպանած սպասարկողը շահագործման էր հանձնել մեղմ ասած անորակ բնակարաններ` շարժելով անգամ երկրի Նախագահի վրդովմունքը: -Մեծ աղմուկ բարձրացրեց նաև «Շիրակ կենտրոնը», այդ ժամանակ բնակարանները դեռ շահագործման հանձնված չէին: Հասարակության աչքին «Հիլզը» մի լավ վարկաբեկվեց: Թեև հիմա էլ մեր ցանկացածի պես չէ` շենքերը պետք է քարով կառուցվեին, քաղաքի կենտրոնական մասերում և այլն, սակայն եթե դիտարկենք` կառուցելը լավ է չկառուցելուց, էլի վատ չէ,- ասում է «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանության, բնակարանների բաշխման գործընթացի հանրային մոնիթորինգի» ծրագրի և «Շիրակ կենտրոն» հկ ղեկավար Վահան Թումասյանը: Վերջինիս ներկայացմամբ` իրենց կողմից իրականացվում է անօթևանների իրազեկումը բնակարանների բաշխման գործընթացի և շահառուների իրավունքների մասին, նրանց շահերի պաշտպանությունը, բնակբաշխման աշխատանքների հրապարակումը, ինչպես նաև գործընթացում օրինախախտումների ու կոռուպցիայի կանխարգելումը: - Վերջերս դիմում-ուղերձ հղեցինք ՀՀ վարչապետին, Արդարադատության, Քաղաքաշինության նախարարներին: Մեր ուսումնասիրություններով` բնակարաններ ստացածների գրեթե կեսը` 460 ընտանիք, բաղկացած է հինգ և ավելի անդամներից, որոնք մեծ ցանկության դեպքում անգամ ժամանակավոր կացարանները հանձնելիս չեն կարող նոր ստացած 40-ից 65 քառ. մ մակերեսով բնակարաններում ապրելու համար տանելի պայմաններր ստեղծել,- նշեց Վ. Թումասյանը: Նրա առաջարկով` տեղին կլիներ որոշ բազմանդամ ու ինքնակամ բնակելի կառույցներ տնօրինող ընտանիքների հնարավորություն տալ օրինականացնել տնակները և թույլատրել` նոր ստացած բնակարանները սեփականաշնորհել առանց ժամանակավոր կառույցների հանձնման: - Նման մոտեցման դեպքում բազմանդամ ընտանիքների խնդիրը կարելի կլինի համարել իրոք լուծված,-գտնում է «Շիրակ կենտրոն» հկ ղեկավարը` ու հավելում, որ այդուհանդերձ, եթե նոր ծրագիր չհայտարարվի, նոր խնդրի առաջ կկանգնեն: Գյումրիի անօթևանների հերթացուցակում հաշվառված է 4200 ընտանիք, սակայն կառուցվելու է 3030 բնակարան: Անօթևաններին բնակարանների հատկացումն այնքան ձգձգվեց, որ Գյումրիի հարյուրավոր ընտանիքներ կանգնեցին նաև փաստաթղթերի համալրման դժվարություն ների առջև: Վ. Թումասյանի տեղեկացմամբ` 600-ից 800 ընտանիք նման խնդրի ունի` հիմնականում Հայաստանից բացակայելու պատճառով: Ինչևէ, եթե իշխանությունները մինչև վերջ հետևողականորեն աշխատեն աղետի գոտու հետևանքների վերացման ուղղությամբ, մի քանի տարուց գուցե բազմաչարչար ու օրախնդիր հարցը վերջնականապես լուծվի: Հակառակ դեպքում` քայքայված ֆիզիկական ու հոգեկան առողջությամբ վերջին անօթևանն էլ, թեևս, կարտագաղթի երկրից: