Եղիցի լույս մեր հոգիներում Մոլորյալները չպիտի մոլորեցնեն


Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հոգևոր սպասավոր Տեր Առնակ քահանա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ձեռնադրվել է ընդամենը վերջերս: Տակավին երիտասարդ հոգևորականն արդեն իսկ խորամուխ է իր առաքելության մեջ: - Որոշ մոլորյալներ այն կարծիքին են, որ Քրիստոնեությունը խեղճություն, անհարկի հեզություն է քարոզում և որ պատմության ընթացքում հայերին պատած մեծ դժբախտությունների պատճառն այս կրոնն է: - Հայերի կոտորածի մասին պետք է խոսենք. ինչո՞ւ Աստված զերծ չպահեց նման ողբերգությունից մեր ազգին… Աստծո խնամքը պայմանավորված չէ անձանցով կամ ազգերով. այն համընդհանուր է: Բարձրյալը թույլ տվեց, որ Իսրայելը մի պատերազմում պարտվի, իսկ մյուսում` հաղթի, որովհետև սկսեց համախմբված «խոսել» Տիրոջ հետ: Հիմա` մեր պարագայում. ասում են` Աստված թույլ տվեց այդ ջարդերը: Անշուշտ, ամեն երևույթ Նրա գիտությամբ է տեղի ունենում, բայց չի կարելի անտեսել նաև մարդկային գործոնը: Եթե հայության քսան տոկոսը հավատացյալ է, մնացածը կիսահավատ, անհավատ ու անհնազանդ, բնականաբար բացարձակ խնամքի մասին խոսք չի կարող լինել: Ու Արարչի խնամակալությունը պիտի թուլանար: Երկնային Հայրը, բացի Նոյյան տապանից, ամբողջ աշխարհը ջրհեղեղով կործանեց ոչ այն պատճառով, որ պակաս էր սիրում մարդկանց… Դա սերնդի դաստիարակություն էր: Միլիոն և կես հայ նահատակվեց. սա մեր մեծ ցավն է, սակայն Աստծո համար թվային տարբերակումը` թվագրումը, այլ է: Նա թույլ տվեց միլիոն ու կեսին կոտորվել, որպեսզի այն մնացածը հասկանան, արժևորեն Տիրոջ դերն ու նշանակությունն իրենց կյանքում: Աստծո համար Հայոց Ցեղասպանության զոհերը կորած չեն, նրանք շարունակում են իրենց կյանքն այլ աշխարհում: Արարչի ու մարդու հայացքները տարբեր են և հաճախ չի ստացվում` մարդկային բանականությամբ ճշգրիտ վերլուծել կյանքի երևույթները: - Անդրադառնանք «Մի այտին ապտակ ստանալու դեպքում մյուսն էլ «մատուցելու» կտակարանային պատգամի մեկնաբանությանը: - Սրան մի քանի մեկնություններ կան: Երկրորդ այտը տրամադրելը տեղին է, եթե հասկանում ենք, որ այդպիսով դիմացինի զայրույթը պիտի վերջանա, եթե հասկանում ենք, որ զուտ Քրիստոնյա լինելու պատճառով են մեզ ապտակում. սա արդեն նահատակությունն է, իսկ հանուն Քրիստոնեության զոհաբերվելը սրբություն է: «Մյուս այտը տրամադրել» պատգամը չի ենթադրում ցանկացած պարագայում ու ամենքին թույլ տալ` հարվածել: Եթե զգում ես, որ առիթը կա և դաստիարակվելու նպատակով է, անպայաման պիտի թույլ տաս… Մեր կրոնը քարոզում է հնազանդություն, սեր և ծառայասիրություն: Հնազանդությունը նրանց համար է ավելորդություն, ովքեր չգիտեն` ինչի համար է այն անհրաժեշտ: Քրիստոնեությունը հորդորում է «լինել հեզ, բայց ոչ` եզ»: Այն չի ասում` կուրորեն պիտի ծառայել ու կախ գլխով ենթարկվել: - Եթե սովետական կարգերի օրոք մարդուն մոլորեցնողն առավելապես աթեիզմն էր, մեր օրերում ի՞նչն է մեծ խոչընդոտ` ճշմարիտ հավատքի ճանապարհին: - Չարը չգոյ է` գոյություն չունի` արարված չէ ու արտահայտվում է այն ժամանակ, երբ հեռանում ենք Աստծուց: Սովետական կարգերի տապալումից հետո մարդիկ դավանանքի ազատ ընտրության իրավունք ստացան, քրիստոնեությունը նորից ընդունելի դարձավ, և զուգահեռ` արդեն ամեն տեսակի գաղափարախոսություններ պիտի ներխուժեին: Հիմնական խնդիրը հիմա այլադավանությունն է: - Հայաստանում ցանկացած կազմակերպության հնարավորություն ընձեռվեց օրինական գրանցվել ու գործել, սա չխթանե՞ց աղանդավորական շարժում ների ծաղկմանը: - Երբ երեխային միանգամից շատ քաղցրավենիք են բերում, ծնողը միանգամից չի տալիս: Նոր անկախություն ձեռք բերած Հայաստանը փոքր երեխայի կարգավիճակում էր, և երբ աղանդավորական շարժումներին ազատ մուտքի հնարավորություն տրվեց, մեր ծնողը` պետությունը, պիտի թույլ չտար այդ բազմազանությունը ճաշակել. նորանկախ երկիրը հասու չէր, որ զատեր պիտանի սնունդը: Արևմտյան գաղափարախոսությունների` Հայաստան մուտք գործելուն դեմ չեմ, որովհետև դա հենց իրավունքի ազատությունն է: Մարդը պիտի տեղյակ լինի` ինչ է ավետարանչականությունը, բողոքականությունը, մորմոնականությունը, եհովայի վկաների ուսմունքը, սակայն տեղյակ լինելը մի բան է, ճաշակելը` այլ: Եթե նույնիսկ արտաքին քաղաքական պահանջներից ելնելով` պետությունը թույլ էր տվել (ի վերջո իր որոշելիքն է ու գիտե իր նիստուկացը) նման կազմակերպությունների հոսքը, ժողովուրդը պիտի հասկանար` որն է իրենը, որը` ոչ: Անարդար է միայն պետությանը մեղադրել. ընտրությունը քաղաքացու գիտակցությամբ է կայանում, վերջինս ձևավորողն էլ եկեղեցին է: Իսկ մարդը պիտի ցանկանա քայլ անել դեպի ճշմարիտ հավատք, որպեսզի եկեղեցին ուղղորդի նրան, որովհետև` երբեք չի ստիպի: - Աղանդավորական շարժումների դեմ ամենաարդյունավետ պայքարը ո՞րն է: - Չպայքարելն է: Աղանդավորության դեմ պայքար չպիտի լինի. ընդամենը հարկ է շարունակել հոգևորականի մեր առաքելությունը: Զգուշությունը լավ է, դրանից պիտի ունենանք, բայց պայքար` ոչ: Մեր խնդիրը մեկին մերժելը չէ, այլ` քարոզելն է: Ամեն ինչ շատ պարզ է. եթե քաղաքացին գիտակցի հայ Եկեղեցու դերը, արժեքը, երբևէ չի շրջվի դեպի այլ հավատամքներ: Մոլորյալներն ասում են` ուզում էի հոգևոր սնունդ, ինձ կերակրող չկար` գնացի - աղանդավոր դարձա: Պետք է պարզապես ուսյալ ու ծառայասեր հոգևորականներ ունենանք, ովքեր ջերմեռանդորեն կքարոզեն: Եթե այդպես լինի, պայքարի կարիք չենք ունենա. դա լուռ պայքար է որ կա: Ընդհանրապես էլ, Քրիստոնեությունը ազատության կրոն է. չի պահանջում հայացքները մի կողմ դնել և ընդունել բացառապես այն, ինչ Աստվածաշունչն է ասում: Քրիստոս քարոզչության ժամանակ էլ երբևէ չմոտեցավ ու չասաց` «իմացիր` դու պիտի ընդունես ինձ, որ քեզ բժշկեմ»: Ընդհակառակը, նրան էին մոտենում ու խնդրում օգնություն: Աստծո Որդին էլ ասում էր`«եթե հավատում ես` բժշկված ես»: Մեր դավանանքը մարդուն ընտրության իրավունք է տալիս, և անգամ ընտրածիդ կիրառության մեջ ես ազատ: Այն ազատություն քարոզող ու ազատության տվող դավանանք է: Տեր Առնակի պատասխանները յուրատեսակ են. Աստծո խոսքի նրա մեկնությունները` հստակ ու դիպուկ: Երիտասարդ քահանայի մտքի պայծառությունն ևս ապացույց է, որ Քրիստոնեությունը հզոր է ու լուսավոր: Նման քարոզիչներով` եկեղեցին միշտ ձգելու է առողջ հոգիներին:

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ