ԳՈՒՑԵ ԴՐԱՄԱՀԱՎԱ՞Ք ՆԱԽԱՁԵՌՆԵՆՔ


Չենք ուզում այստեղ նորից անդրադառնալ այն հարցերին, թե անպտուղ ու անիմաստ նախաձեռնությունների, տարբեր միջազգային ցուցահանդեսների մասնակցութ յան համար ինչքա˜ն գումարներ են ծախսում մեր Մշակույթի նախարարությունում, սակայն հրամայական ենք համարում Թբիլիսիի հայկական թատրոնի վերանորոգումը, որն, իսկապես, համազգային խնդիր է: Ժամանակին «Ավանգարդ» թերթը բազմաթիվ նախաձեռնությունների հեղինակ է դարձել, ուստի հիմա էլ ուզում ենք թերթի էջերից կոչ անել Հայաստանում ու արտերկրներում ապրող մեր բոլոր հայրենակիցներին` օգնության ձեռք պարզել Ադամյանի անվան թատրոնին, նպաստել` որպեսզի շուտափույթ կերպով վերանորոգվի կառույցը: Այն, ինչ չի անում պետությունը, կարող են անել մեր հայրենակիցները` հասկանալով խնդրի կարևորությունն ու ճակատագրականությունը: Մեր ազգային պրոֆեսիոնալ թատերարվեստի առաջին գլխավոր հանգրվանն է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնը: 1858-ին Թիֆլիսում ստեղծված առաջին եվրոպական տիպի այս թատրոնը, 1921-ից պետականացվել և դարձել է հարուստ ավանդույթներով իր պատմությունը կերտած մշակութային օջախ: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարասկզբին այն գործել է Արտիստական թատրոնի շենքում, որը կառուցել էր հայ միլիոնատեր Փիթոևը: Սակայն խորհրդային իշխանության հաստատումից հետո այս շենքը վրաց իշխանությունները հանձնեցին Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնին` 1936-ին հայկական թատրոնի համար Հավլաբարում կառուցելով նոր շենք: Ժամանակին իսկապես հարմարավետ ու թատրոնական բոլոր պահանջներին համահունչ համարվող շենքը խորհրդային տարիներին հիմնանորոգման է ենթարկվել ընդամենը մեկ անգամ, իսկ անկախության հռչակումից հետո ենթարկվել է կոսմետիկ վերանորոգումների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմիջական հրահանգով և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հոգածությամբ: Բոլորել է մեկ տարին, ինչ Վրաստանի և ողջ Սփյուռքի միակ հայկական պետական թատրոնը հանդիսատեսի համար փակել է իր դռները: Երկրագետները պարզել են, որ շենքն ունի երրորդ աստիճանի վթարայնություն, և այլևս անհնար է շահագործել այն: Բայց թատրոնի կառավարիչ Ֆելիքս Խաչատրյանը, Վրաստանի ԱԺ պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, ով երկար տարիներ ղեկավարելով թատրոնը` հիմա էլ անբաժան է իր կոլեկտիվից, և ողջ հանրույթը որոշել են շենքից դուրս չգալ ու շարունակել աշխատանքները` ստեղծելով նոր ներկայացումներ: Ադամյանի անվան թատրոնի դերասանախումբը կազմված է մոտ 50 դերասանից, աշխատակիցների ընդհանուր թիվն անցնում է 100-ից, բոլորն էլ` հայեր, որոնց համար այս թատրոնը, աշխատատեղեր ապահովելուց բացի նաև նպաստում է, որպեսզի մարդիկ չհեռանան քաղաքից, պահպանեն լեզուն ու մշակույթը, հայկական դպրոցները, որոնք արդեն վրացական իշխանությունների որոշումներով դարձել են երկլեզվյա` հայերենին վերապահելով երկրորդական դեր… Շենքում ներկայացումների ցուցադրությունն արգելված է, բայց այստեղ փորձեր են անում, հանդես գալիս Վրաստանի հայաշատ բնակավայրերում: Թատրոնի ղեկավարությունը դեռ մեկ տարի առաջ դիմել է Վրաստանի և Հայաստանի իշխանություններին, հանդիպել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: ՎՀ նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հանձնարարել է իր երկրի մշակույթի նախարարությանը` զբաղվել թատրոնի վերանորոգման հարցերով, սակայն այս նախարարութ յունը, գուցե միտումնաբար, ձգձգում է հարցի կարգավորումը: ՀՀ մշակույթի նախարարությունն էլ խոստացել է ամենաեռանդուն աջակցությունը ցուցաբերել վերանորոգ մանը: Գիտենք ու տեղյակ ենք, որ անձամբ ՀՀ մշակույթի նախարարը խոստացել էր դեռ անցած տարվա մայիս ամսին զբաղվել համապատասխան հանձնաժողովի ստեղծմամբ, որը պիտի ծանոթանար վթարայնության աստիճանին, կազմեր համապատասխան փաստաթուղթ, ինչի հիման վրա էլ մեր կառավարությանը պիտի ներկայաց վեր վերանորոգման հիմնավորումը: Սակայն խոստումները մնացել են թղթի վրա ու բանավոր պայմանավորվածությունների շրջանակում, մինչդեռ օրավուր փլուզվում է հայ մշակույթի խոշորագույն հանգրվաններից մեկը, որի կորստով մենք կաղքատացնենք մեր գեղարվեստի պատմությունը և վերջ կդնենք Վրաստանում հայապահպանության գլխավոր հանգրվանի ներկայությանը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ