Լվացվելը որպես ուղիղ ճանապարհ


- «ԱԺՄ և «Ժառանգություն» կուսակցությունների ձեռնարկած «Քաղաքացիական նախաձեռնության» նպատակը քաղաքացիական ակտիվություն ունեցող անձանց ներգրավումն է քաղաքական պայքարում` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից կամ համակրանքնե րից» - այսպես բնութագրեց նոր շարժման նպատակը ԱԺՄ նախագահ Վ. Մանուկյանը, հավելելով, որ գաղափարը իրենը չէ և ոչ էլ որևէ մեկի սեփականությունն է: - Այն առաջարկվել է մտավորականների ավագանու նիստում, մենք էլ իրագործում ենք: Շարունակելով պարզաբանումները «նոր» հեղափոխության պատճառների ու նպատակների մասին, նա վերստին անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին, կոռուպցիային, պարբերաբար «կեղծվող» ընտրություններին և այլն: Լսելով այս «նոր» պարզաբանումները, լրագրող ներից մեկը բարձրաձայնում է իր զարմանքը` - Բայց ընդդիմությունն այդ ամենն ասում է վաղուց: Ո՞րն է այս շարժման նորույթը: - Ընդդիմությունը մի քանի կուսակցությունների միավորում է, որոնցից ամեն մեկն ունի իր ծրագիրը: Մեր նպատակն է համախմբել ամբողջ հասարակությունը մի քանի պարզ սկզբունքների շուրջ: Դրանցից մեկն, օրինակ, այն է, որ Հայաստանը չունի սահմանադրություն: Եվ սա էլ նորույթն է` կեղծված սահմանադրություն: Սահմանադրություն «կեղծողները» այսօր կրակն են ընկել իրենց «արտադրանքի» ձեռքը: Փոխանակ ընդդիմադիր կոչվող քաղաքական ուժերը օգտվեն Քաջ Նազարի դիպվածով իրենց ձեռքն ընկած այս հնարավորությունից ու ջանան ավելացնել այն փոքրիկ հաղթանակների քանակը, որ, կարելի է ասել, նրանց նվիրում է Սահմանադրական դատարանը, դեռ դժգոհում են: «Ավանգարդ»-ի հարցին Վ. Մանուկյանի պատասխանն ավելի քան հակիրճ էր և լիարժեքությունից նույնքան հեռու: - Այն քաղաքացիները, ովքեր լրացնում կամ արդեն լրացրել են «Նախաձեռնությանը» միանալու համար ձեր մշակած բլանկը, ի՞նչ անելիք ունեն, ասենք, վաղվանից սկսած, երբ կարթնանան: - Թող լվացվեն: Իրոք որ լվացվենք, հայրենակիցնե°ր, բայց ո°չ թե թարմանալու, այլ մաքրվելու համար: Եթե չմաքրվենք, մեզ չի օգնի ո°չ իշխանափոխությունը, ո°չ էլ «Քաղաքացիական նախաձեռնությունը»: Հ. Գ. «Նախաձեռնության» անդրանիկ հավաքում ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը սրտի ցավով խոսեց անտարբերության, քաղաքացիա կան պասիվության մասին` այն համարելով մեր հասարակության չարիքներից երևի թե ամենավտանգավորը: Հարգելի ակադեմիկոսը հավանաբար մոռանում է այն ակունքը, որից սնվում է այդ ամլությունը: Մի՞թե դա ընդդիմության «միտինգացավի» հետևանք չէ, որը մարդկանց գործունեության մղելու փոխարեն, նրանց վարժեցրեց դատարկախոսության, անպտուղ հայհոյանքի: Իշխանությունները «քըխ» են, իրենք` «պուպուշ», բայց այդ պուպուշները ընտրական հանձնաժողովներում տեղերը ծախելով փող աշխատելու առիթը չեն կորցնում, ժողովրդին մղում են անօրենությունների, իսկ իրենք թաքնվում: Միավորման կոչով ոտքի են հանում ժողովրդին, իսկ վճռական պահին անձնական ամբիցիաները գերադասում ընդհանուր գործից: Այնպես որ, եթե նույնիսկ հավատանք նրա խոսքին, թե ժողովուրդը զզվում է իշխանություններից, ապա պետք է փաստենք, որ ընդդիմությանն էլ չի հավատում հարյուրապատիկ ավելի: Հարկ է առանձին անդրադառնալ այս հավաքի կազմակերպչական կողմին: Նախ, որ մոռացել էին պետության այնպիսի մի կարևոր խորհրդանիշի հանդեպ տարրական հարգանքի մասին, ինչպիսին Օրհներգն է և այն հնչեցնում են միայն Ռ. Ղազարյանի ելույթից հետո: Հավաքի կազմակերպիչներն անտեսել կամ արհամարհել էին նաև իրենց իսկ հրավիրած հավաքի ժամանակակարգն անգամ: Հավաքը սկսելուց մեկուկես ժամ անց, որն իհարկե, հերթական հանրահավաք էր, միջանցքում Վ. Մանուկյանին հարցնում եմ, թե ո՞րն է այս ամենի գործնական նշանակությունը: - Խնդրում եմ այդ հարցը հիմա մի տվեք, որովհետև քիչ անց քննարկվելու են դրանք,- պատասխանում է նա: Անցնում է ևս մեկ ժամ: Ելույթները շարունակվում են` անվերջ հետաձգելով քննարկումների և առաջարկների փուլը: Մի խումբ լրագրողներ, ովքեր ինձ պես ժամանակի սղության խնդիր ունեին, շրջապատում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական բաժնի պետ Լիլիթ Սարուխանյանին և խնդրում տրամադրել ընդունվելիք հայտարարության տեքստը կամ գոնե սկսել դրա քննարկումը: Բայց չգիտես ինչու` տեքստը այդպես էլ որևէ մեկի չհատկացվեց: Ստիպված սպասեցինք ևս մեկ ժամ: Ի վերջո, երբ համոզվեցինք, որ նրանք ամենավերևից «թքած ունեն» մեր ժամանակի վրա, դատարկաձեռն դուրս եկանք: Իսկ հայհոյախառն ելույթները դեռ շարունակվում էին: Կազմակերպիչներից մեկը նույնիսկ ասաց. «Մենք մեր հավաքը այսպես ենք կազմակերպում, դուք ինչ ուզում եք արեք»: Դե, արի հավատա, որ սրանց իշխանության գալու դեպքում հասարակության բոլոր խավերը ավելի հարգված են լինելու:

Գագիկ ԱԲԳԱՐՅԱՆ