ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ժողովրդական նոր ասացվածք Ժողովրդի գլխին կաշառք վերցնելու ծանր հետևանքների մասին քարոզ կարդացին, ասաց` սկզբից կաշառքը տվեք, հետո ձեր քարոզը շարունակեք: Համբալ լինելը արատ չէ. արատը` համբալի համբալ լինելն է Ըստ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանի, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ժամանակին պահեստի համբալ է եղել: Հարց. այդ դեպքում 2003 թ. ԱԺ ընտրություններում ՀՌԱԿ-ը, օգտվելով Ա. Աբրահամյանի ֆինանսական միջոցներից, ձգտում էր դառնալ համբալի համբա՞լը: Հարց ԿԲ նախագահին կամ` ով «լողա», ով սաթրջան ընկնի Այդ ինչպես է լինում, որ դրամի կուրսը գիշեր-ցերեկ, ամառ-ձմեռ «լողում» է, բայց սաթրջան է ընկնում ամբողջ հայ ժողովուրդը: Չեղած բանը երկրաշարժն էլ չի շարժի Զարմանալի ընդդիմություն ունենք: Ամեն Աստծո օր կրկնում է, թե Հայաստանում քաղաքացիական հասարակություն դեռ չկա, բայց «քաղաքացիական» և «քաղաքացիական անհանդուրժողականության» շարժումներ են նախաձեռնում: Ախր, չեղած բանը ո՞նց կարող է շարժվել: Ա¯յ քեզ գուշակություն «Միանշանակ չենք կարող պնդել, թե առաջիկա 40 կամ 50 օրերի ընթացքում ինչ կլինի: Բայց ակնհայտ է, ինչ-որ բան անպատճառ կլինի»,- ասում է Հովհաննես Հովհաննիսյանը` երևակայությունից զուրկ գնչուհի գուշակի մակարդակն անգամ չապահովելով: Ախր, աշխարհի ստեղծման պահից մինչ այսօր, ամեն րոպե, ամեն վայրկյան ինչ-որ տեղեր, ինչ-որ բաներ լինում են: Հետնապահ լիդեր էլ է՞ լինում ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը շատ ինքնատիպ է հասկանում «լիդեր» բառի էությունը: «Պարզապես ժողովրդին լիդերներ են պետք, որոնք մինչև վերջ կգնան իրենց հետ»,- ասում է նա: Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, եթե քո լիդերները ոչ թե քո առջևից են ընթանալու, այլ քեզ հետ հավասար կամ նույնիսկ` հետևից: Ստիպված է համատեղել անհամատեղելին Տիգրան Թորոսյանի օրինապաշտությունը և հանդուրժողական վերաբերմունքը ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ շատ գովելի է, բայց դա ծանր է «նստում» Գալուստ Սահակյանի վրա, ում ուսերին է ընկած նիստերի դահլիճից մշտապես փախչող երեսփոխաններին կրկին ու կրկին «բերման ենթարկելու» տաժանակիր բեռը: ԱԺ խոսնակի յուրաքանչյուր «հանդուրժողականություն» ջուրն է լցնում Գ. Սահակյանի քրտնաջան աշխատանքի արդյունքները: «Խեղճ» ՀՀԿ, ստիպված է լինել և° օրինապաշտ, և° քվորում ապահովող: Դիտարկում Ասում են` շուտով Վաշինգտոնում բացվելու են հատուկ դասընթացներ, որտեղ արևմտյան դիտորդներին ուսուցանելու են թե° ՀՀ ԱԺ ընտրություններում հայկական մենթալիտետով ինչն է ընկալվում որպես բարեգործություն, ինչը` որպես ընտրակաշառք: Համայնքներին` բարի ախորժակ Ինչ-ինչ օրենքների կիրարկման արդյունքում համայնքները եկամուտների կորուստ են ունենում: Պետության օրենքներ են, պետության համայնքը, և պետությունն էլ կարգ է սահմանել` փոխհատուցելու համայնքի բյուջեի եկամուտների կորուստները: Այդ որոշման ընդունմամբ 2007 թվականից կսկսվի համայնքի եկամուտների կորստի չափերը հաշվելու և փոխհատուցման գումարների հաշվարկման գործընթացը: Առողջ եղեք Մեր երկրի համար դեռ հեռու է այն ժամանակը, երբ առողջական խնդիրներ ունեցող յուրաքանչյուր ոք, բժշկի դեղատոմսով կամ սեփական որոշմամբ կմտնի դեղատուն, ձեռքը վստահ կտանի գրպանը և կգնի հարկավոր դեղամիջոցը: Իսկ առայժմ սոցիալական անապահովությունը Հայաստանում ոչ միայն չի նվազում, այլև կառավարությունը վերահաստատում է սոցիալական խմբերի ցանկը, որոնց պատկանող հիվանդները ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատություններից անվճար դեղամիջոց ձեռք բերելու իրավունք ունեն: Կարգի կիրարկումը` Առողջապահության նախարարության «քավորությամբ»: Պարեկները օրենքով են շրջելու Գործադիրը սահմանել է ոչ միայն ճանապարհապարեկային ծառայության իրականացման, այլև երթևեկության կարգավորման ընթացքում ազդանշան տալու կարգը: Եվ շատ արժե ազդանշան տալ կարգով-օրենքով: Առանց այն էլ մեր վարորդների ազդանշանասիրությունն առանձնահատուկ է, մատը ազդանշանին որ դրեցին, էլ հետ տանել չկա: Եթե պարեկներն այս հարցում կարգով գործեն, գուցե վարորդները նրանցից օրինակ վերցնեն: Դարդին «դարման» Հեռու բոլորի ընտանիքներից, բայց այդ ուղտը բոլորի դռանն է չոքում: Ապրում ենք` հազարումի օրենքների ու կարգերի ենթակա: Կարգով-օրենքով էլ պիտի գնանք աշխարհից: Թաղման և դիակիզման կարգ ունենք, գերեզմանատներից ու դիակիզարաններից օգտվելու կարգ ունենք: Եվ դեռ ավելին` ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար վճարովի հողատարածքի իրականացման կարգ: