Մի քսան տարի անց


Ո՞վ է փոխարինելու Լենինին 1988-ին սկիզբ առած ազգային վերազարթոնքն ուղեկցվեց անհիմն-անհեթեթ, այսօր առավել ևս անընկալելի որոշ մոտեցումներով: Կոմունիստական դարաշրջանը խորհրդանշող արձանների ջարդն այդ շարքի անհեթեթություններից է: Արձանաթափության ալիքը հասավ Հանրապետության հրապարակ: Զանգվածների մեջ հեղափոխականությունը կյանքի կոչած Լենինը հեղափոխական զանգվածների պահանջով տապալվեց: Արդ, մեկուկես տասնամյակ անց, քաղաքային իշխանությունները որոշել են լցնել Լենինի արձանի տեղը: Ո՞ւմ արձանով. այս է խնդիրը: Տասնյակ տարիներ հրապարակում ներկա Լենինի փոխարեն ո՞վ է «զբաղեցնելու» այս «պատմական վայրը»: Մինչ այժմ տեղի ունեցած մի շարք մրցույթները, ըստ Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի, այս հարցի շուրջ վերջնական տեսակետ դեռ չեն ձևավորել: Ճիշտ է, վերջին մրցույթները նախորդներից էականորեն տարբերվում են իրենց գաղափարաբանությամբ, սակայն արձանի լինել-չլինելու գաղափարը շատ ավելի բարձր մակարդակով հիմնավորման անհրաժեշտություն ունի: Չպետք է մոռանալ, որ խոսքը Հանրապետության հրապարակի մասին է, որի յուրաքանչյուր դետալն ու տարրը պիտի համահունչ լինեն հրապարակի և° ճարտարապետական տեսքին, և° բովանդակությանը` գործառութային իմաստով: Որպես ճարտարապետ, ի՞նչ կարծիք ունի ինքը` Սամվել Դանիելյանը. Լենինի արձանի տեղում արժե՞ նոր արձան ունենալ: Երկու տարբերակներն էլ նրա կարծիքով քննարկելի են: Իսկ որպեսզի այդ տեղը վերստին արձանավորելու գաղափարը ստանա իր լրումը, և գտնվի ճիշտ, հասարակության կողմից ընդունելի լուծում, գլխավոր ճարտարապետը հորդորում է լրագրողներին` հանրությանը դարձնել դեկտեմբերի 15-ին ամփոփվելիք մրցույթին իրազեկ և մասնակից: Անսալով բանախոսի այս հորդորին` «Ավանգարդը» երևանցիներին հարցուփորձ արեց` ճշտելու նրանց վերաբերմունքը հրապարակում, Լենինի արձանի տեղում նոր արձան տեսնելու, դրա վերաբերյալ նրանց առաջարկների շուրջ: ԺԱՆՆԱ ՀԱՐՈՅԱՆ (բանասեր)- Պատմությունը փոխել չի կարելի: Հուշարձանը վերացնելով պատմությունը չես փոխում: Դա արհեստական փոփոխություն է: Լավագույն դեպքում այն կարելի է մեկ այլ տեղում տեղադրել, եթե այն հարիր չէ տվյալ վայրին: Իսպանացիների օրինակն այս դեպքում կարող է ուսանելի լինել: Նրանք իրենց պատմությունը հարգում են և ոչ մի արձան փոխել չեն ուզում: Ո՞ւմ արձանը դնել: Ինձ համար ոչ մի արձան այստեղ չի նայվի: ՄԱՐԳԱՐԻՏ ՄՈՒՐԱԴՅԱՆ (համակարգչի օպերատոր)- Իմ կարծիքով` դա չպետք է լինի անհատ մարդու արձան, այլ Հայաստանը, ազատությունն ու անկախությունը խորհրդանշող քարե կերտվածք, որի լուծումը ինքը` քանդակագործը կգտնի: ՎԱՀՐԱՄ ՍՏԵՓԱՆՅԱՆ (դիզայներ)- Սկզբից արձանի տեղում առաջացած դատարկությունը խորթ էր: Հիմա այս ընդարձակությանն արդեն սովորեցինք: Ոչ մի արձան էլ պետք չէ տեղադրել: ՀԱՄԼԵՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ինժեներ)-Մրցո՜ւյթ... ի՞նչ մրցույթ, սուտ բաներ են, փողեր են լվացվում, ոչ մի նորմալ բան էլ չի արվելու: ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ (ուսանողուհի)-Կվերցնեն, Առնո Բաբաջանյանի արձանի նման մի անճոռնի քանդակ կդնեն, կասեն` սա նոր ոճ է, դուք չեք հասկանում: ԱՐՏԱՇ ՈՍԿԱՆՅԱՆ (ներկայացավ` երևանցի) - Շատ էլ սիրուն է մեր հրապարակը: Ոչ մի արձան էլ պետք չէ դնել: Բա՜ց, ազա՜տ: Ի՞նչ արձան պիտի դնեն, որ էդ սիրունությունը չփչացնի: Քաղաքապետարանը մտածում է, թող մտածի երևանցիների հանգստի մասին, որ այգիները սրճարանատերերը չզավթեն: Դե, էս այգում դու մի տեղ գտիր նստելու: Մատուցողն իսկույն կհայտնվի կողքիդ: Կամ գրպանդ դատարկիր, կամ անհարմար դրության մեջ ընկիր: