Քաղաքային տրանսպորտը` կարգավորման շեմին


Հաշվելու ժամանակը և հարկելու ժամանակը Ավտոմեքենան մարդու բարեկեցության մի բաղադրիչ է` լինի դա սեփականը, թե` պատվիրված: Դժվար է ասել, թե այսպիսի չափումով կարո՞ղ ենք մեր կյանքը բարեկեցիկ համարել: Սակայն փաստն անառարկելի է. ավտոմեքենաները գրավել են Երևանի փողոցներն ու մայթերը, երթևեկությունը զգալիորեն բարդացել է: Պաշտոնական տվյալներով` հանրապետությունում տարեկան 18-20 հազար ավտոմեքենա է ավելանում: Միայն մայրաքաղաքին բաժին է ընկնում 15 հազարը: Երևանում այսօր հաշվվում է 155-160 հազար ավտոմեքենա: Դրա շուրջ 20 հազարը մարդատար տաքսիներ են: Եվ ընդամենը 5700-ն է գործում հարկային դաշտում: Ահա ձեզ «անտեսանելի», չբացահայտված բիզնես: Ուզես թե չուզես` հարցն առաջանում է. տաքսի ծառայությունը նոր կազմավորվող բիզնես չէ, ձախողված կամ չկայացած բիզնես չէ: Ընդհակառակը, «անզեն» աչքով անգամ տեսանելի է դրա օրավուր ծաղկումը: Զարմանալի չէ՞, որ քաղաքային իշխանությունների տեսադաշտում այն նոր-նոր է հայտնվում, այն էլ առայժմ հաշվելու տեսքով` քանիսից քանիսը... և այլն: Տրանսպորտի և կապի նախարարությունը տաքսի ծառայության գործունեությունը մանրամասնորեն օրենքով կարգավորելու վերաբերյալ ժամանակ առաջ մի օրինագիծ է ներկայացրել Կառավարության քննարկմանը: Եթե նույնիսկ այն օրենսդիրով դեռ չի անցել, հարկ էր, որ քաղաքային իշխանությունը իր իրավասությունների չափով, իր տիրույթներում անդրադառնար տաքսիների գործունեությանը` կարգավորելու իմաստով թեկուզ: Կենտրոնը բեռնաթափվում է Ինչի՞ց: Սա էլ հա՞րց է, որ տալիս եք: Կենտրոնում ի՞նչն է շատ` սրճարաններն ու ավտոմեքենաները: Սրճարաններից բեռնաթափելուց հույսներդ առայժմ կտրեք: Իսկ, ահա, ավտոմեքենաների պարագայում բեռնաթափման գործընթացը բավական իրական պատկեր ունի: 77 «Բոգդաններն» արդեն սպասարկում են 6-7 երթուղիներ: Առաջիկայում երթուղային տաքսիների փոխարեն Երևանի մանավանդ կենտրոնական փողոցներով կսլանան ևս 100 ավտոբուսներ: 360 միկրոավտոբուսներ «լքել» են փոքր Կենտրոնը: Այժմ անցկացվող մոնիտորինգը կպարզի, թե էլի քանիսը էլի որ փողոցներից պիտի «բացակայեն» ընդմիշտ: Երևանի փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանի խոսքով, Կենտրոնին հրաժեշտ կտա 400-500 միկրոավտոբուս: Գծատերերը հե՞շտ են հանձնվել Ինչպե՞ս են վերաբերվել գծատերերը իրենց երթուղիների դուրսմղմանը: Հե՞շտ են հաշտվել այդ մտքի հետ, հե՞շտ են «հանձնվել» քաղաքապետարանին: Եվ եղե՞լ են, արդյոք, ճնշումներ, օգտագործվե՞լ են ինչ-ինչ լծակներ` իրենց եկամտաբեր բիզնեսն ու այդ բիզնեսի տիրույթները պահպանելու համար: Ամիսներ առաջ նույն այս հարցի մասին նույն այս պաշտոնյան խոսում էր նկատելի վերապահությամբ: Նա ոչ միայն չէր բացառում ճնշումները, այլև կշռում էր խնդրի ծանրությունը, անթաքույց ծանրութեթև անում սպասելի հակազդեցությունը: Այսօր արդեն, երբ ծրագրվածն իրողություն է, փոխքաղաքապետն ավելի քան ինքնավստահ է: «Գծատերերի պրոբլեմն իմ պրոբլեմն է: Ճնշումներ իմ նկատմամբ չեն եղել»,- մեր հնչեցրած վերոնշյալ հարցերին ի պատասխան ասաց Սլավա Ավանեսյանը: Մենք հակված չենք անձնավորել այս տեսակետը: Մեզ համար կարևորն այստեղ օրենքի հաղթարշավն է: Սա այն սակավաթիվ դեպքերից է, երբ հնչած խոսքին հետևում է գործը: Այս դեպքում մարդիկ և° խոսքը լսեցին, և° գործը տեսան:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ