Տրոլեյբուսը տրամվայի բախտակիցը չէ


Տրամվայի պես, ահա արդեն շուրջ 20 տարի, տրոլեյբուսն էլ մատնված է բախտի քմահաճույքին: Ցուրտումութ-անտրանսպորտ տարիներին մեզ հետ հավասար «տանջվեց»: Մեկ ինքն էր մեզ տեղափոխում, մեկ` մենք` իրեն (ո՞ր մեկս տրոլեյբուս չենք հրել): Հիմա էլ տրոլեյբուսը կարող ենք համարել հանրապետությունում լոկ երևանյան նմուշի տրանսպորտի տեսակ: 1989 թվականից ի վեր Երևանը նոր տրոլեյբուսի երես չի տեսել: Եվ ոչ էլ ուշադրության է արժանացել: Վերջապես բյուջեից տրոլեյբուսային տնտեսությունը մաս ունեցավ: Կառավարությունը 276 մլն սուբսիդիա է հատկացրել, որ բավականացնում է մի 10 տրոլեյբուս նորոգելու: 87 տրոլեյբուս ունի քաղաքը: 11-ը Ֆրանսիայից է ստացվել` 28-30 տարվա վաղեմության: Ի՞նչ արած: Նվեր տված ձիու ատամները չեն հաշվում: Տրոլեյբուսն իրենցից, նորոգելը` մեզնից: «Մինչև 2010 թ. հնարավոր է` մի 30 հատ էլ ունենանք»,- հուսադրում է փոխքաղաքապետը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ