Թող դառնա շարունակական...


Հետաքրքրվելու դեպքում շատերս մեր երկրի անունը կարող ենք կարդալ համաշխարհային բազմաթիվ վիճակագրական ընկերությունների ուսումնասիրություններում: Ի դեպ, տարբեր երկրների ինտելեկտուալ պաշարները ուսումնասիրող հետազոտություններում Հայաստանը առաջին կամ երկրորդ տասնյակում է իր դրական ցուցանիշներով: Այս փաստը թերևս մեզնից մի մասի մեջ արթնացնում է ազգային սնապարծություն, իսկ մյուս մասին համակում ազգային արժանապատվությամբ` ստիպելով ևս մեկ անգամ մտածել` եթե կան ինտելեկտուալ պաշարներ, ապա ի՞նչն է պակասում մեր ինտելեկտուալ արժեհամակարգը մրցունակ դարձնել գլոբալիզացված աշխարհում: Այսօր պետություններն իրենց առաջընթացը տեսնում են ինովացիոն (գիտություն ապագայի համար) տնտեսությանը զարկ տալու մեջ: Այդ տնտեսության մի մասն էլ տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգն է (it-informational technology): Ու ամբողջ աշխարհն այսօր իր արժեհամակարգում աստիճանաբար առանձնացնում է այդ (ՏՏ) համակարգը` հաշվի առնելով դրա ռազմավարական նշանակությունը: Ոգևորող է այն, որ ՏՏ-ի նկատմամբ ուշադրությունը աճում է նաև Հայաստանում, և դրա զարգացմանը նպաստելու համար բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվում: Կառավարության կողմից արդեն 2000 թ.-ից այն տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հայտարարվեց, 2001 թ. ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծվեց, որտեղ ոլորտի ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ քննարկվում են առավելապես ռազմավարական, ոլորտի օրենսդրության բարելավման, տեղեկատվական հասարակության ձևավորմանը և այլնին վերաբերող հիմնարար հարցեր: Ստեղծված խորհուրդը, հաշվի առնելով ոլորտի զարգացման միտումները, ՏՏ ասպարեզում հաջողությունների հասած մի շարք կազմակեպությունների հետ («Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ», «Սինոփսիս Արմենիա», «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ», «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմնադրամ», «USAID/CAPS» ծրգ.») համատեղ ձեռնարկումով հանդես եկավ: 2006 թ.-ի սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Հայաստանում անցկացվեցին «ՏՏ ամիս» խորագրով միջոցառումներ, որոնց նպատակը (խթանել տեղեկատվական հասարակության ձևավորմանը Հայաստանում, բարձրացնել հայկական ՏՏ ոլորտի վարկանիշը, ներկայացնել առկա նվաճումները, աջակցել և խրախուսել օտարերկրյա և հայկական ընկերությունների ներդրումային գործունեությունները ՏՏ-ի ոլորտում, ինչպես նաև օժանդակել ոլորտի ընկերություններին և մասնագետներին համապատասխան գործընկերներ և շուկա գտնելու հարցում), ելնելով բազմաթիվ փոխշահավետ պայմանագրերի կնքումից, միջոցառումներին (և նրանց մաս կազմող մրցույթներին) մասնակցության հայտ ներկայացրածների բազմաքանակ լինելուց` կարելի է ասել` արդարացավ: Միջոցառումների միամսյակը ավարտվեց, բայց չավարտվեցին` ոլորտի զարգացմանն ուղղված աշխատանքները, որոնցից կարող ենք նաև առանձնացնել ապագայում (հատուկ) ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: Գոտիները պետության կողմից տրամադրված առանձին տարածքներ են, որոնք ազատված են հարկերից: Ու թերևս այս և այլ աշխատանքների շնորհիվ կիրականացվի Հայաստանը ՏՏ տարածաշրջանային կենտրոն դարձնելու նախագիծը...

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ