ՔԱՆԱԿՆ ՈՒ ԶԵՆՔԸ ՈԳԻ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ


ՊՆ անձնակազմի հետ տարվող աշխատանքի վարչության պետ, գեներալ-մայոր ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ զարմանալիորեն զերծ է բարդույթ ներից, կարող է մանկական անկեղծությամբ պատմել իր նախնիների մասին, հիշել մանկության դրվագները, բայց սակավախոս է և ներփակ, երբ խոսքը վերաբերում է զգացմունքներին, թաքուն հույզերին, ներաշխարհի խռովքին: Գեներալն իր ողջ էությամբ ու նկարագրով մտավոր-հոգևոր տեսակ է, զգայուն է, նրբանկատ, բարեհամբույր: Գեներալը գրողների միության անդամ է: Առինքնող հույզերով լեցուն գողտրիկ բանաստեղծությունների երեք գիրք ունի, չորրորդը նա- խապատրաստվում է, հինգերորդը պատմվածքների ժողովածու է լինելու: Վարդան Ավետիսյանը բնության ու գեղեցիկի սիրահար է: Նա ինքնատիպ է ու անակնկալ, պարզ է, միևնույն ժամանակ` խորհրդավոր ու անմեկնելի: - Եվ հարցազրույցների ժամանակ, և կենցաղում, երբ ցանկանում եմ ճանաչել որևէ մեկին կամ առավել ևս` ներկայացնել, առաջին հերթին հետաքրքրվում եմ նրա նախնիներով, փորձում եմ իմանալ, թե ինչ ակունքից է գոյացել, խառնվածքի, աշխարհընկալման, մտածելակերպի, բարոյականության ի՞նչ վտակներ են խառնվել իրար: - Ես Գորիսի շրջանի Տեղ գյուղից եմ: Պապերս հովիվներ են եղել: Ես մեծ պապիս էլ եմ տեսել, հինգ տարեկան էի, երբ նա մահացավ, բայց որոշ բաներ հիշում եմ: Հովհաննես պապս նույնպես հովիվ էր: 107 տարեկանում ձիուց պատահմամբ ընկավ, կողերը ջարդվեցին, որոշ ժամանակ պառկեց հիվանդանոցում: Ամբողջ կյանքում աշխատել էր, լուսաբացի հետ արթնացել, անկողին էր մտել ուշ գիշերով ու ասում էր. «Աննամուսություն է, երբ տղամարդը լույսով անկողնում պառկում է»: Իր հիվանդությունը, անգործությունը շատ ծանր էր տանում, մի օր էլ հրաժարվեց և° սննդից, և° ջրից ու այդպես էլ մահացավ, մահը գերադասեց «անօգուտ ապրելուց»: Մեր ցեղի տղամարդիկ հռչակված են եղել իրենց բոյով. երկու մետրից ավելի հասակ են ունեցել: Հովհաննես պապս նույնպես բարձրահասակ էր, նույնիսկ 107 տարեկանում պինդ տղամարդ էր, տարիքից շատ երիտասարդ էր երևում ու խիտ մազեր ուներ: Աղջիկ երեխաներին չէր սիրում, մի տեսակ կոպիտ ու խիստ էր աղջիկ թոռների հետ, իսկ տղաներին պաշտում էր: Ինձ համար հրացան էր գնել: Երբ մեծ քույրս փորձում էր խաղալ այդ հրացանով, ձեռքից վերցնում, տալիս էր ինձ ու քրոջս սաստում էր` կորի աչքիցս: Հովհաննեսի տղան` Սեդրակ պապս այգեպան էր, նա երկու անգամ վիրավորվել էր Հայրենական պատերազմի ժամանակ, մինչև Բեռլին էր հասել: Նա խնամում էր ավելի քան 60 հեկտար պտղատու այգի: Իմ մանկությունն անցել է այդ այգում, ես ու պապս ճանաչում էինք յուրաքանչյուր ծառը, գիտեինք յուրաքանչյուրի կենսագրությունը, յուրահատկությունը: Պապս մահացավ 92 թ. հրթիռակոծության ժամանակ «Գրադի» պայթյունից: Անցյալի հիշողություններից ամենատպավորիչը կապված է Հազարավարդ տատիս հետ: Նա տարօրինակ կին էր: Ավարտել էր ռեալական ճեմարանը, կարող էր գրաբար գրել և կարդալ, երկարաշունչ սաղմոսներ արտասանել: Սակայն աշխարհաբար նույնիսկ իր անունը գրել չսովորեց: Հռչակված էր իր զարմանալի գուշակություններով. նայում էր երկնքին, աստղերի դասավորությանը և կանխորոշում գալիքը: Գոգնոցի տակ մարդու գանգ էր պահում: Թե ո՞ւմն էր, այդպես էր չիմացանք: Իսկ ամենատարօրինակն այն էր, որ ամեն կիրակի իր տղա թոռներին առաջն արած տանում էր հին գերեզմանոց ու հանձնարարում, որ հավաքենք թափված ոսկորները և թաղենք: Հետո Սառանի աղբյուրում լվանում էր մեր երեսը, գոգնոցի տակից հանում էր գանգն ու դրանով բոլորիս ջուր խմեցնում: Մայրս բուժաշխատող էր և շատ էր հուզվում տատիս արարքներից, սակայն վերջինս ուշադրություն չէր դարձնում մորս հորդորներին: Ահա այսպիսի խորհրդավոր ու անբացատրելի պատմություններով է պարուրված մանկությունս: Հայրս մասնագիտությամբ մանկավարժ էր, հայոց լեզու և գրականություն էր դասավանդում, հետո դպրոցի տնօրեն դարձավ: Նա շատ սկզբունքային, խստաբարո, կարգապահ ու ազնիվ մարդ էր, շատ մաքրասեր էր, կոկիկ, մանկան պես միամիտ էր, զերծ կենցաղային խորամանկությունից, չէր հանդուրժում, ատում էր ծույլերին, ստախոսներին, գողերին, պարծենկոտներին: Մեզ անընդհատ խրատում էր, որ շատ կարդանք, լավ սովորենք, միշտ ձգտենք կատարելության, մեծ հավակնություններ ունենանք: Հայրս շատ հայրենասեր էր ու ըմբոստ: Մեծ գրադարան ուներ, հարուստ պատմական գրականություն: Արգելված գրքեր էր հայթայթում, կարդում էր կլանված, հետո մեզ էր պատմում` դաշնակցականների, Անդրանիկի, հայոց անցյալի ու մեծերի մասին: Հայրս պարգևատրվել էր ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամության և Լենինի շքանշաններով: Մայրս շատ գեղեցիկ կին էր, բնավորությամբ մեղմ էր, զիջող, հնազանդ, բարեսիրտ: Նա մինչ օրս աշխատում է մեր գյուղի մանկապար տեզում, բուժում է փոքրիկներին: Ահա ես պատմեցի այն մարդկանց մասին, ովքեր շրջապատել են ինձ մանկության տարիներին ու իրենց ինքնատիպությամբ, նկարագրով գունազարդել այն: - Իսկ ո՞ւմ եք ավելի նման, ո՞ւմ եք շարունակում Ձեր նախնիներից: - Դժվարանում եմ միանշանակ պատասխանել: Ես շատ էի սիրում խաղալ, դրսից զոռով էին տուն բերում: Չարաճճի էի, կռիվներ էի հրահրում, ընկերներիս առաջնորդում էի թաղ-թաղ կռվելու: Անընդհատ փորձանքի մեջ էի հայտնվում, վրաս միշտ քերծվածքներ և կապտուկներ կային, պարբերաբար ինչ-որ տեղից ընկնում էի, մեկ ոտքս էի ջարդում, մեկ` գլուխս: Ընդհանրապես դասերի համար ժամանակ մնում էր: Ես դպրոցը ոսկե մեդալով եմ ավարտել, իսկ մանկավարժական ինստիտուտի պատմության և իրավագիտության ֆակուլտետը` Կարմիր դիպլոմով, Լենինյան թոշակ եմ ստացել: Բուհից հետո ավարտել եմ նաև ասպիրանտուրան: Երբ կռիվն սկսվեց, ես դասավանդում էի Ստեփանակերտի մանկավար ժական ինստիտուտում: - Ղարաբաղյան ծագում ունեցող գեներալին հարցնել, թե մասնակցե՞լ եք արդյոք պատերազմին` միամտություն կլինի: Պարզապես ուզում եմ պատմեք, թե ինչ էիք անում մինչ կանոնավոր բանակի ստեղծումը և դրանից հետո: Որքան գիտեմ` 92 թ. սկսած Դուք ծառայել եք կանոնավոր բանակում և զինվորական ստորաբաժանում եք ղեկավարել: - Ես պատերազմին մասնակցել եմ առաջին օրվանից, երկու անգամ վիրավորվել եմ, երեք անգամ ցնցակաթված եմ ստացել: Մինչև 1992 թ., բնականաբար, մասնակցել եմ որպես կամավորական-ազատամարտիկ, 92-ից արդեն կանոնավոր բանակի կազմում սկսել եմ գումարտակի հրամանատարի տեղակալից, ամիսներ անց նշանակվել եմ Մարտունու զինվորական պարետ, 93-ին` Հադրութի պաշտպանական շրջանի հրամանատար, 94-ին` 2-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, 95-ին ղեկավարել եմ 6-րդ պաշտպանական շրջանը, 97-ից մինչ 2000 թվականը` ուսումնական գունդը, 2000-ին նշանակվել եմ 4-րդ պաշտպանական շրջանի հրամանատար, 2002-ից ղեկավարում եմ ՊՆ անձնակազմի վարչությունը: - Բնականաբար, ոչ ոք չէր կարող հստակ պատկերացնել, թե ինչպիսին կլինի մեր ժողովրդի վարքը, նկարագիրը պատերազմի ժամանակ, ծայրահեղ իրավիճակում, երբ վտանգված է հայրենիքն ու անկախությունը, երբ պետք է ընտրություն անել, բարեկեցության ու պատվախնդ րության, կյանքի և հայրենի հողի միջև: Դուք ի՞նչ բացահայտումներ արեցիք պատերազմի ժամանակ: - Ինձ ապշեցրեց հայ մարդու հողի պաշտամունքը, հողի բնազդային զգացողությունը` հանուն հարազատ հողի ամեն ինչ նվիրաբերելու պատրաստակամությունը: Ինձ ապշեցրեց հայի անսահման կենսունակությունը, դիմացկունությունը, ամենածանր իրավիճակներում հույսը չկորցնելու ու ամենասարսափելի օրհասին դիմակայելու շնորհը: Արցախյան պատերազմը ոգու կռիվ էր, ոչ զենքի, ոչ քանակի, ոչ ռազմական տաղանդի, այլ ոգու ու հայրենասիրության կռիվ: Մեր սերն ու ոգին ավելի ուժեղ էին ու հաղթեցին: Եթե թուրքերի զենքն ու քանակը բազմապատկվեին, էլի մենք էինք հաղթելու, որովհետև քանակն ու զենքը ոգի չեն դառնում: Ոգու ակունքն ուրիշ է, այն մեր ներսից է բխում` սկիզբ առնելով դարերի խորքից ու փոխանցվելով սերնդեսերունդ: - Պարոն գեներալ, Դուք բանակաշինության ծանր տարիներին զինվորական մասի հրամանատար եք եղել, այնուհետև Ձեզ վստահել են ամբողջ բանակի անձնակազմի հետ տարվող աշխատանքի ղեկավարությունը, այսինքն` անձնակազմի դաստիարակությունը: Ենթադրում եմ, որ Դուք զորքերում ծառայելիս հաջողություն եք ունեցել հատկապես դաստիարակության և միջանձնային հարաբերությունների ասպարեզում: - Միջանձնային հարաբերությունների օրինականությունն ու բարոյականությունը վճռորոշ գործոն են ուժեղ, մարտունակ, ոգեղեն ու ամուր բանակ ունենալու համար: Ռազմական ջոկատներից կանոնավոր բանակի անցումը առաջին հերթին ամրագրվում է կանոնադրային հարաբերություններով, և անհրաժեշտ էր մեծ հետևողականությամբ սպայի և զինվորի գիտակցության մեջ արմատավորել զինվորական օրենքներն ընդունելու և իրենց կենցաղն ու փոխհարաբերությունները դրանց ոգով կառուցելու պատրաստակամություն: Յուրաքանչյուր զինվորական կոլեկտիվում փոխհարաբերությունների որակը, բարոյականությունը թելադրվում է հրամանատարի կողմից: Եթե հրամանատարը հարգալից է ենթակա սպայակազմի հանդեպ, ապա սպաները նույն կերպ են վերաբերվում զինվորներին, իսկ զինվորներն` իրար: Եթե հրամանատարը չի հանդուրժում անօրինականություն, բռնություն, անբարո բարքեր, ապա կարող է իր ղեկավարած կառույցում հաստատել սեփական աշխատոճը, միջանձնային հարաբերությունների սեփական մոդելը: - Ներքին օղակներում կատարվող խախտումներն ու անօրինականությունները միշտ չէ, որ տեսանելի են և հասու հրամանատարին: - Իրավիճակին տիրապետելու և ինֆորմացված լինելու բազմաթիվ ձևեր կան, և ցանկության դեպքում կարելի է ելք գտնել: Օրինակ, ես վստահության փոստարկղեր էի կախել... զուգարանում, որպեսզի ոչ ոք չխանգարի զինվորին, և նա կարողանա անարգել ցանկացած տեղեկություն ուղարկել հրամանատարին: Հրամանատարը պետք է ուղղակի շփում ունենա զինվորների, նրանց ծնողների հետ, դուռը միշտ բաց պահի նրանց առաջ: Ես իմ բոլոր զինվորներին անունով գիտեի, ամիսը գոնե մի քանի անգամ նրանց հետ դիրքեր էի բարձրանում, քնում էի բլինդաժում: Շատ կարևոր է, որ հրամանատարի խոսքն ու գործը երբեք չհակասեն իրար, և սկզբունքները հաստատվեն առաջին հերթին անձնական օրինակով: Եթե հրամանատարը խոսում է հարգալից վերաբերմունքի մասին, իսկ ինքը գոռգոռում է ու վիրավորում, եթե օրինականություն է պահանջում, իսկ ինքը շրջանցում է օրենքը, ապա տանուլ կտա, ոչնչի չի հասնի, նրա խոսքերը ու քարոզները ոչ մի արժեք չեն ունենա: Ես մեծ կարևորություն եմ տալիս հրամանատարի արդարամտությանն և բոլոր զինվորներին հավասար աչքով նայելու սկզբունքին: - Ի՞նչ ծրագիր է իրականացնում այսօր ՊՆ անձնակազմի վարչությունը, ի՞նչ ենք սովորեցնում անձնակազմին, ինչպե՞ս ենք դաստիարակում, ունե՞նք հայեցակարգ, ռազմավարություն, մշակված մեթոդաբանություն: - Անձնակազմի դաստիարակության առանցքում ազգային գաղափարախոսության դրույթներն են` հայրենասիրություն, ռազմական ոգի, ազգային ինքնագիտակցություն, քաղաքական կեցվածք, նվիրվածություն պետությանն ու պետականությանը, իրավագիտություն, բարոյական, հոգևոր, գեղագիտական դաստիարակություն և այլն: Այս գաղափարները պետք է լինեն ոչ միայն կրթադաստիարակչական ծրագրերի հենքը, այլ ուղղորդեն հասարակական կյանքն ամբողջությամբ: Բանակը` իր ողջ իրավական և բարոյական մշակույթով հենվում է ազգային գաղափարախոսության հիմնարար սկզբունքների վրա: - Ովքե՞ր և ի՞նչ մեթոդներով են այս գաղափարներն իրացնում, ինչպե՞ս են հասցնում սպայի և զինվորի գիտակցությանը: - Ամենօրյա դասաժամերի, պարապմունքների, զրույցների և ամենաբազմազան միջոցառումների միջոցով: Անձնակազմի գծով աշխատակից ները հիմնականում հումանիտար կրթությամբ մասնագետներ են, որոնցից շատերը նաև ռազմական կրթություն են ստացել: - Շուտով ազգովի կնշենք Ազգային բանակի 15-ամյա տարեդարձը: Կարծում եմ` հոբելյանը, իրոք, տոն կդառնա ամբողջ ժողովրդի համար` հիշեցնելով նրա պայքարի, նվաճումների ու հաղթանակների մասին, դառնալով մեր ուժի, միասնության, կամքի, մեր հույսի ու գալիք հաղթանակների խորհրդանիշը: Ինչպե՞ս է բանակը նախապատրաստվում իր հոբելյանին: - Բնականաբար, բանակը պատրաստվում է մեծ շուքով նշել իր 15-ամյա հոբելյանը` գիտակցելով տոնի բացառիկ ազգային-հայրենասիրական և բարոյական հնչերանգը: Նախատեսված են բազմաթիվ համերգային ծրագրեր, հանդիպումներ զորամասերում և դպրոցներում, հանդիսավոր ցերեկույթներ, փաստագրական ֆիլմեր և այլն: Միջոցառումների շարքը կամփոփվի մեծ ու շքեղ հանդիսությամբ: - «Ավանգարդի» խմբագրակազմի և ընթերցողների անունից շնորհավորում եմ Ձեզ գեներալի կոչում ստանալու կապակցությամբ: Դուք 39 տարեկան եք, Հայոց բանակի ամենաերիտասարդ գեներալը և դեռ երկար տարիներ Ձեր հայրենասիրությունը, գիտելիքները, ուժն ու եռանդը կնվիրաբերեք մեր բանակի մարտունակության և ներքին փոխհարաբերությունների կատարելագործմանը: Եղեք առողջ, հաջողակ, երջանիկ, ու թող իրականանան Ձեր բոլոր ազգանվեր նպատակներն ու իղձերը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ