Հեռուստաէկրանի «սկեսուրը»


Ջուլիետ Բաբայանին մարդիկ լավ գիտեն լայնէկրան և հեռուստատեսային բազմաթիվ ֆիլմերից, գովազդներից, հաղորդաշարերի թատերականացված դրվագներից, հստակ տարբերում են քաղցր տեմբրով ձայնը կրկնօրինակվող սերիալներում: Քչերին է սակայն հայտնի, որ TV 5-ի «Ընտանեկան իրավիճակի» հանրածանոթ Սկեսուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի է: Ասենք, անկախ ժամանակներից, մեր իրականության շրջադարձային փոփոխություններից, դերասանները (հազվադեպ բացառությամբ) համընդհանուր ճանաչման են արժանացել առավելապես իրենց կինոդերերով, հեռուստաթատրոնի ու ռադիոբեմականացումների երբեմնի դերակատարումներով (հիմա, ցավոք, գովազդներով ու էժանագին երգիծական տեսաժապավեններով): Լինելով մերօրյա թատերական կյանքի ոչ միայն լավագույն, այլև հուսադրող դրսևորումների ակտիվ պրոպագանդող ու խենթ սիրահար` բոլորովին վերջերս, Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» (Շողակաթ) և Ֆ. Գարսիա Լորկայի «Բեռնարդան ու նրա աղջիկները» (Պրուդենսիա) շահվերդյանական բեմադրությունների ներկայացումնե րում նկատելով տիպականացման նրա որոշակի ունակությունները` մտածեցի հնարավորինս լրացնել ու ամբողջացնել Բաբայանի դերասանական դիմանկարը: Քավորկին Շողակաթը` իր նյարդեր սղոցող, ամեն ինչից դժգոհ ծերունական փնթփնթոցով, Բեռնարդայի աղախինը` տերերի կերպարները բացահայտող աշխույժ մուտքով, թաքուն ծամած մի կտոր երշիկը երեխայի համար Պոնսիայից հետ հայցող խեղճուկրակ հայացքով, ստրկական կեցվածքով մնում են հիշողությանդ մեջ: ...Բեմ է բարձրացել ամեն երեկո` զբաղված լինելով գրեթե բոլոր բեմադրություններում` «Հարսնացուն հյուսիսից» (Աշխեն), «Հատակում» (Կվաշնյա), «Մեծապատիվ մուրացկաններ» (Հռիփսիմե), «Հացավան» (Արուս), «Մհերի դուռը» (Մարգարիտ), «Համր լեռան ճիչը» (Նառա), «Իմ տունը քո տունը չէ» (Նուշիկ), «Խելքի վաճառականը» (Աշխեն) և այլն: Դերասանական հրաշալի գործնական դպրոց է անցել Ջուլիետ Բաբայանը` անվանի բեմադրիչներ Վ. Աճեմյանի, Հր. Ղափլանյանի, Խ. Աբրահամյանի, Ե. Ղազանչյանի, Ա. Էլբակյանի բեմադրություններում, բեմի անզուգական վարպետների աննախադեպ ստեղծագործական մթնոլորտում: Ակնածանքով հետևելով Մայր թատրոնի արտիստական աստղաբույլի կախարդող խաղին` հպարտացել է նրանց հետ միասին փոքր դերերով, մասսայական տեսարաններում երևալու, նրանցից անընդմեջ կատարողական վարպետության կենդանի դասեր ստանալու բացառիկ բախտավորության համար: Հիմնականում դերասանական երկրորդ կազմում, ստեղծագործական ծաղկունք ապրող, մեծ ժողովրդականություն ու սեր վայելող տաղանդավոր մեծերի ստվերում: Ճակատագրական բախտավորություն, որ բաժին ընկավ Մայր թատրոնում լինելու հիպնոսին տրված, դրանով միայն երջանիկ դերասանական այդ սերնդի գերակշռող մեծամասնությանը, նաև` Ջուլիետ Բաբայանին: Ներծծվելով հոգևոր հզոր լիցքերով, հղկվելով ու իմաստնանալով` այդ սերունդը համբերությամբ սպասեց իր աստեղային ժամին: Երկար սպասեց: Այնքան երկար, որ այդպես էլ անկատար մնացին նվիրական դերերում երևալու, երբևէ առանձնահատուկ փայլելու նրա երազանքները: Այդուհանդերձ արտասովոր ջերմությամբ ու ափսոսանքով է վերապրում Մայր թատրոնի աստեղային տարիների վերհուշը` երբեք չկասկածելով, որ հենց այդ ժամանակներում են կաշկանդվել իր ինքնաբացահայտման, լիարժեք կայացման հնարավորությունները: Շատերի նման Ջուլիետ Բաբայանն էլ երանելի համարվող այդ ժամանակներում բեմում չիրագործվող երազանքների ինչ-ինչ արտահայտություններ էր որոնում կինոնկարահանման հարթակներում, ռադիո ու հեռուստատեսային եթերում, համերգային շրջագայություններում: Գերակտիվ առօրյա ռիթմը հագեցնում էր մասնագիտական պահանջները, մասսայական հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը սրտապնդում հետագա հանրօգուտ ստեղծագործության: Հայաստանում չկա մի մարզ, զորամաս, մշակութային դահլիճ, որտեղ հյուրախաղային խմբերով հանդես եկած չլինի դերասանուհին թե° թատրոնի, թե° «Հայհամերգի» ստեղծագործական կազմում: Հիմա էլ շարունակում է համագործակցել երգչուհիներ Հրանուշ Ղազարյանի, Մանիկ Գրիգորյանի հետ: Սուսաննա Սաֆարյանի նախաձեռնած գրական-երաժշտական «Բեմում միայն կանայք են» նոր ծրագրում հումորով համեմված մի անակնկալ է պատրաստվում մատուցել Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի հանդիսատեսին: Մեծ ոգևորությամբ շարունակում է հանդես գալ «Ընտանեկան իրավիճակ» ամենշաբաթյա հաղորդաշարում, որի ծնունդը ինքն է հուշել Արտաշես Քալանթարյանի երբեմնի «Իմ տունը քո տունն է» հեռուստաշարքի օրինակով: Ընտանեկան թատերականացված իրադրությունների համոզչականության, հոգևոր-բարոյական օգտավետության մասին վկայող զանգերն ու նամակները պարտավորեցնում են դերասանուհուն չկորցնել մասնագիտական պատասխանատվության զգացումը, մշտապես ներդնել կատարողական կենսափորձի ողջ ներուժը: Չի խզվել կապը կինոաշխարհի հետ: Առաջին ֆիլմին` «Քարե հովտին» հաջորդել են «Խոշոր շահումն» ու «Պատանդները», «Ընկեր Փանջունին» ու «Նաթանայելը», «Մեծ հայկական հարսանիքն» ու «Մեծ պատմություն փոքր քաղաքում»... Դերասանուհու տիպաժը մշտապես հետաքրքրում է կինոռեժիսորներին: Այս ամենը չի նվազեցնում նրա` պաշտամունքի հասնող սերը թատրոնի նկատմամբ: Անկեղծ ու անչար գնահատում է հարազատ թատրոնի ներկայացրած բոլոր աշխատանքները` չթաքցնելով դրանք մանրակրկիտ լավացնելու իր անկողմնակալ նկատառումները, հիանում է խաղընկերների հաջողություններով. հազվագյուտ հատկություն: Թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը դերասանուհու կերպավորման կարողություններին ծանոթ է դեռևս իր դիպլոմային աշխատանքից (Գ. Սունդուկյանի «Ամուսինները»), համատեղ ստեղծագործության վերջին տասնամյակում հատկապես ուշադիր է նրա դերասանական բազմապլան աշխատանքում ի հայտ եկած նոր գույների նկատմամբ, նրբանկատ` իր գնահատականներում. «Կոլորիտային դերասանուհի է իմ սիրելի միլիոնատիրուհին,- քնքշանքով ասում է Շահվերդյանը,- կարողանում է դերի շրջանակներում մանրանկարչական հավաստիություն ապահովող իմպրովիզներ անել: Ի¯նչ գունեղ թիֆլիսեցի կեկել խաղաց Սունդուկյանի «Կտակ»-ում, բամբասող կանանց տեսարանում: Պատահական չէ, որ հեռուստատեսային սկետչների նրա ներկայացրած կանայք անմիջապես նկատվում ու սիրելի են դառնում մասսաներին»: Նույնիսկ ամենահաջողված բեմադրության ներկայացումը չի գործի թատերային լիարժեք տպավորություն, եթե նրանում ընդգրկված դերասաններից որևէ մեկը չկարողանա խաղացած դերին համարժեք կենդանի մարդկային կերպար մարմնավորել: Թատրոնում չկան երկրորդական դերեր, քանի որ կենսական հարաբերությունների բեմական անդրադարձում, ինչպես կախարդական հայելում, անպայմանորեն պետք է երևան իրականության պատրանքը ապահովող գեթ ամենակարևոր բնութագրական տարրերը, մինչև իսկ ամենապայմանական մտահղացում ներում: Եվ աննկատ չի մնում ոչ մի ցայտուն դերակատարում, որ ինքնադրսևորման իր սեղմ տարածքում հասնում է տիպականության, լրացուցիչ իմաստային նրբերանգներ հավելում բեմում ծավալվող միջանձնական հարաբերություններին` կենսական հավաստիություն հաղորդելով ողջ ներկայացվող պատմությանը: Արդի հայ թատրոնը այսօր ավելի մեծ կարիք ունի բարձրարվեստ կատարողական դպրոցներում թրծված անխոնջ մշակների` իր երկհազարամյա պատմությանը արժանի ընթացք ապահովելու, նոր շնորհալի սերունդներ կայացնելու համար: