Խե˜ղճ հարկատու

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ՀԱՂԹՈՒՄ ԵՆ


 

Ազատությունների մասին հաճախ խոսող մեր իրավապաշտպանները երբեք չեն անդրադառնում այն խնդրին, որ մի շարք ռեակցիոն աղանդներ վաղուց արդեն սպառնում են մեր ազգային նկարագրին, սերմանում են հոգեորսություն, շատերին հեռացնում են Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց: Այս մասին նրանք չեն խոսում, որովհետև իրենց հնարովի իրավապաշտպանության համար դրամաշնորհներ են ստանում: Նրանք հիմա էլ որևէ կերպ չեն ընդդիմանում այն փաստին, որ «Եհովայի վկաները» հաղթանակ են տարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օրերս բավարարել է 17 հայաստանցի Եհովայի վկայի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության և պետությանը պարտավորեցրել է նրանցից յուրաքանչյուրին վճարել 6.000 եվրո և բոլորին միասին 10 հազար եվրո` դատական ծախսերը հոգալու համար: Այսինքն, մեր տնտեսության, կենսաթոշա կառուների, սոցիալապես անապահով խավերի խնդիրները լուծել չկարողացող պետությունն այսօր 112 հազար եվրո պիտի վճարի:

Ու նաև ներողություն պիտի խնդրի այս կազմակերպության անդամներից, որ «ոտնահարել» է աղանդավորների իրավունքները:

2004 թվականին 19 Եհովայի վկաներ դիմել են իշխանություններին և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի պահանջով զինվորականի փոխարեն անցել են այլընտրանքային ծառայություն` հիվանդանոցներում, տուն-ինտերնատներում: Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմած աղանդավորները նշել են, որ այլընտրանքային ծառայությունն իրականում քաղաքացիական ծառայություն չէ, քանի որ եղել է բանակի վերահսկողության ներքո: Եվ նրանք չեն շարունակում ծառայել ու լքել են ծառայության վայրերը: Ծառայության վայրերը լքելու համար 19 Եհովայի վկաների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք: Քրեական հետապնդում է սկսվել: Մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց հետո նրանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ծառայության հաստատություններն ինքնակամ լքելու համար, որը հետագայում կարճվել է: Եվրոպական դատարան ուղղած նամակում Եհովայի վկաները նշել են, որ խախտվել է իրենց ազատության ու անվտանգության իրավունքը, ինչպես նաև անօրինական կալանքի համար փոխհատուցում ստանալու իրավունքը:

Կայացված վճիռը որքան էլ անընդունելի է մեզ համար, այնուհանդերձ այստեղ կա մի հանգամանք, որի առթիվ պիտի մտահոգություն ծնվի: Բազմիցս ենք նշել, որ մեր մի շարք դատարանների կայացրած անօրինական վճիռներն են պատճառ դառնում, որ ՄԻԵԴ-ը կայացնում է վճիռներ մեր պետության դեմ: Այս անգամ վճռի հիմքում ոչ թե այլընտրանքային ծառայության խնդիրն է եղել, այլ` կալանավորման անօրինականությունը, ինչն արդեն համապատասխան դատարանի մեղքն է: Վճռում նշված է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 5-րդ մասերի խախտում: Սա նշանակում է, որ պատասխանատու են դատախազությունն ու դատարանը, որոնք այս անգամ էլ ջրից չոր դուրս կգան, իսկ տույժը կվճարի Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր գտնվում են սոցիալապես անապահով վիճակում: